Die Bibel

 

Ծննդոց 11

Lernen

   

1 Այն ժամանակ ողջ երկիրը մէկ լեզուով, մէկ բարբառով էր խօսում:

2 Արեւելքից տեղաշարժուելու ժամանակ նրանք Սենաար երկրում մի դաշտ գտան եւ բնակուեցին այնտեղ:

3 Նրանք միմեանց դիմելով՝ ասացին. «Եկէք աղիւս շինենք ու այն թրծենք կրակով»: Աղիւսը նրանց համար ծառայեց իբրեւ քար, իսկ կուպրը՝ իբրեւ շաղախ:

4 Նրանք ասացին. «Եկէք մեզ համար քաղաք կառուցենք եւ աշտարակ, որի գագաթը հասնի մինչեւ երկինք: Համբաւ ձեռք բերենք ողջ աշխարհով մէկ սփռուելուց առաջ»:

5 Տէրն իջաւ, որպէսզի տեսնի այն քաղաքն ու աշտարակը, որ կառուցում էին մարդկանց որդիները:

6 Տէրն ասաց. «Սրանք մէկ ժողովուրդ են, ունեն մէկ լեզու եւ սկսել են այդ գործն անել: Արդ, ոչինչ չի խանգարում նրանց, որ կառուցեն այն, ինչ կամենում են:

7 Արի իջնենք եւ խառնենք նրանց լեզուն այնպէս, որ ոչ մէկը չհասկանայ իր ընկերոջ ասածը»:

8 Տէր Աստուած այնտեղից նրանց սփռեց աշխարհով մէկ, եւ նրանք դադարեցին քաղաքն ու աշտարակը կառուցելուց:

9 Դրա համար այն կոչուեց Խառնակութիւն (Բաբելոն), որովհետեւ Տէր Աստուած այնտեղ խառնեց ամբողջ երկրի բնակիչների լեզուները եւ այնտեղից նրանց սփռեց ողջ աշխարհով մէկ:

10 Սէմի սերունդները սրանք են. Սէմը հարիւրամեայ հասակում, ջրհեղեղից երկու տարի յետոյ ծնեց Արփաքսադին:

11 Սէմն Արփաքսադին ծնելուց յետոյ ապրեց եւս հինգ հարիւր տարի: Նա ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ:

12 Արփաքսադը հարիւր երեսունհինգ տարեկան հասակում ծնեց Կայնանին:

13 Արփաքսադը Կայնանին ծնելուց յետոյ ապրեց եւս չորս հարիւր տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ: Կայնանը հարիւր երեսուն տարեկան հասակում ծնեց Սաղային: Կայնանը Սաղային ծնելուց յետոյ ապրեց եւս երեք հարիւր երեսուն տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ:

14 Սաղան հարիւր երեսուն տարեկան հասակում ծնեց Եբերին:

15 Սաղան Եբերին ծնելուց յետոյ ապրեց եւս երեք հարիւր երեսուն տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ:

16 Եբերը հարիւր երեսունչորս տարեկան հասակում ծնեց Փաղէկին:

17 Եբերը Փաղէկին ծնելուց յետոյ ապրեց եւս երկու հարիւր եօթանասուն տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ:

18 Փաղէկը հարիւր երեսունչորս տարեկան հասակում ծնեց Ռագաւին:

19 Փաղէկը Ռագաւին ծնելուց յետոյ ապրեց եւս երկու հարիւր ինը տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ:

20 Ռագաւը հարիւր երեսուներկու տարեկան հասակում ծնեց Սերուքին:

21 Ռագաւը Սերուքին ծնելուց յետոյ ապրեց եւս երկու հարիւր եօթը տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ:

22 Սերուքը հարիւր երեսուն տարեկան հասակում ծնեց Նաքորին:

23 Սերուքը Նաքորին ծնելուց յետոյ ապրեց եւս երկու հարիւր տարի, ծնեց տղաներ ու աղջիկներ եւ մեռաւ:

24 Նաքորը եօթանասունինը տարեկան հասակում ծնեց Թարային:

25 Նաքորը Թարային ծնելուց յետոյ ապրեց եւս հարիւր քսաներկու տարի, ծնեց տղաներ ու աղջիկներ եւ մեռաւ:

26 Թարան եօթանասուն տարեկան հասակում ծնեց Աբրամին, Նաքորին եւ Առանին:

27 Թարայի սերունդը այս է. Թարան ծնեց Աբրամին, Նաքորին ու Առանին, իսկ Առանը ծնեց Ղովտին:

28 Առանը մեռաւ իր հայր Թարայի կենդանութեան օրօք, իր ծննդավայրում՝ Քաղդէացւոց երկրում:

29 Աբրամն ու Նաքորը ամուսնացան: Աբրամի կնոջ անունը Սարա էր, իսկ Նաքորի կնոջ անունը՝ Մեղքա: Սա Առանի՝ Մեղքայի եւ Յէսքայի հօր դուստրն էր:

30 Սարան ամուլ էր՝ երեխայ չէր ունենում:

31 Թարան իր որդի Աբրամին, իր որդի Նաքորին, իր որդի Առանի որդի Ղովտին ու իր հարսին՝ իր որդի Աբրամի կնոջը, Քաղդէացւոց երկրից առաւ տարաւ Քանանացւոց երկիրը: Նրանք հասան Խառան ու բնակուեցին այնտեղ:

32 Խառանում Թարան դարձաւ երկու հարիւր հինգ տարեկան. Թարան Խառանում էլ մեռաւ:

   

Die Bibel

 

Ծննդոց 15:7

Lernen

       

7 Աստուած ասաց նրան. «Ե՛ս եմ քո Տէր Աստուածը, որ քեզ դուրս հանեցի Քաղդէացւոց երկրից, որպէսզի այս երկիրը քեզ տամ որպէս ժառանգութիւն»:

Die Bibel

 

Ծննդոց 26

Lernen

   

1 Սով եղաւ երկրում. ոչ այն սովը, որ եղել էր Աբրահամի ժամանակ:

2 Իսահակը գնաց փղշտացիների արքայ Աբիմելէքի մօտ, Գերարա: Նրան երեւաց Տէրն ու ասաց. «Եգիպտոս մի՛ իջիր, այլ բնակուի՛ր այն երկրում, որտեղ ասացի քեզ.

3 իբրեւ պանդուխտ ապրի՛ր այս երկրում, որ ես լինեմ քեզ հետ եւ օրհնեմ քեզ, որովհետեւ քեզ ու քո սերունդներին եմ տալու այս ողջ երկիրը: Ես հաստատ կը պահեմ այն երդումը, որ տուեցի քո հայր Աբրահամին:

4 Ես բազմացնելու եմ քո սերունդները երկնքի աստղերի չափ, քո զաւակներին եմ տալու այս ամբողջ երկիրը, եւ քո սերունդների միջոցով օրհնուելու են երկրի բոլոր ազգերը

5 ի հատուցումն այն բանի, որ քո հայր Աբրահամը լսեց իմ խօսքը, պահեց իմ հրամանները, իմ պատուիրանները, իմ կանոններն ու օրէնքները»:

6 Իսահակը բնակուեց գերարացիների հետ:

7 Տեղի մարդիկ հարցրին նրա կին Ռեբեկայի մասին, եւ նա ասաց. «Իմ քոյրն է»: Նա վախեցաւ ասել «Իմ կինն է». գուցէ Ռեբեկայի պատճառով տեղի մարդիկ սպանէին իրեն, որովհետեւ Ռեբեկան դէմքով գեղեցիկ էր:

8 Նա այնտեղ մնաց երկար ժամանակ: Փղշտացիների արքայ Աբիմելէքը պատուհանից դուրս ձգուեց ու տեսաւ, որ Իսահակը կատակում է իր կին Ռեբեկայի հետ:

9 Աբիմելէքը կանչեց Իսահակին եւ ասաց նրան. «Ուրեմն նա քո կինն է: Ինչո՞ւ, սակայն, ասացիր, թէ՝ «Իմ քոյրն է»: Իսահակն ասաց նրան. «Որովհետեւ մտածեցի, թէ գուցէ նրա պատճառով սպանուեմ»:

10 Աբիմելէքը նրան ասաց. «Ինչո՞ւ այդ բանն արեցիր մեզ հետ: Քիչ էր մնում, որ իմ ազգակիցներից մէկը պառկէր քո կնոջ հետ եւ մեզ մեղքի մէջ գցէիր»: Եւ Աբիմելէքը հրաման արձակեց իր ողջ ժողովրդին՝ ասելով.

11 «Բոլոր նրանք, ովքեր կը դիպչեն այդ մարդուն կամ նրա կնոջը, մահուան կը դատապարտուեն»:

12 Իսահակը գարի ցանեց այդ երկրում եւ նոյն տարում էլ հարիւրապատիկ բերք ստացաւ: Տէրն օրհնեց նրան,

13 եւ սա հարստացաւ: Նա առաջադիմում էր, հարստանում այն աստիճան, որ մեծահարուստ դարձաւ:

14 Նա ունեցաւ ոչխարի ու արջառի հօտեր, բազում կալուածքներ:

15 Փղշտացիները նախանձեցին նրան եւ խցանեցին այն բոլոր ջրհորները, որ նրա հօր՝ Աբրահամի օրօք փորել էին նրա ծառաները. փղշտացիները

16 դրանք լցրին հողով: Աբիմելէքն ասաց Իսահակին. «Հեռացի՛ր մեր մօտից, որովհետեւ մեզնից շատ աւելի զօրաւոր եղար»:

17 Իսահակն այդտեղից գնաց ու վրան խփեց գերարացիների ձորում: Նա բնակուեց այնտեղ:

18 Իսահակը դարձեալ փորեց այն ջրհորները, որ փորել էին նրա հօր՝ Աբրահամի ծառաները, իսկ փղշտացիները նրա հայր Աբրահամի մահից յետոյ խցանել էին: Իսահակն այդ ջրհորները կոչեց այն անուններով, որ տուել էր դրա նց իր հայր Աբրահամը:

19 Իսահակի ծառաները հող փորեցին գերարացիների ձորում եւ այնտեղ գտան ըմպելի ջրի աղբիւր:

20 Գերարացիների հովիւները կռուեցին Իսահակի հովիւների հետ՝ ասելով, թէ իրենցն է այդ ջրհորը: Նրանք ջրհորը կոչեցին Անիրաւութիւն, քանի որ նրա հանդէպ անիրաւութիւն էին գործել:

21 Իսահակը գնաց այդտեղից ու փորեց մի այլ ջրհոր եւս: Վէճ ծագեց սրա համար էլ: Իսահակը այն կոչեց Թշնամութիւն:

22 Նա գնաց այդտեղից եւ փորեց մի այլ ջրհոր եւս: Դրա շուրջ վէճ չառաջացաւ, եւ այդ պատճառով այն կոչեց Անդորրութիւն՝ ասելով, թէ՝ «Այժմ մեզ ընդարձակ տեղ տուեց Տէրը եւ բազմացրեց մեզ երկրի վրայ»:

23 Իսահակն այդտեղից գնաց Երդման ջրհորի մօտ: Տէրն այդ գիշեր երեւաց նրան ու ասաց.

24 «Ես քո հօր Աստուածն եմ: Մի՛ վախեցիր, որովհետեւ քեզ հետ եմ, ես օրհնելու եմ քեզ, բազմացնելու եմ քո սերունդները ի սէր քո հայր Աբրահամի»:

25 Իսահակն այդտեղ զոհասեղան շինեց ու երկրպագեց Տիրոջը: Նա այդտեղ խփեց իր վրանը: Իսահակի ծառաները այդտեղ ջրհոր փորեցին:

26 Գերարայից նրա մօտ գնացին Աբիմելէքը, նրա սենեկապետ Ոքոզաթը եւ նրա զօրքերի սպարապետ Փիքողը:

27 Իսահակը նրանց ասաց. «Ինչո՞ւ եկաք ինձ մօտ, չէ՞ որ դուք ատեցիք ինձ եւ հալածեցիք ձեր մօտից»:

28 Նրանք պատասխանեցին. «Մենք պարզիպարզոյ տեսանք, որ Տէրը քեզ հետ է, ուստի ասացինք. «Հաշտութիւն թող լինի մեր եւ քո միջեւ: Մենք պայման թող դնենք քեզ հետ.

29 մեր նկատմամբ որեւէ վատ բան չանես, քանի որ մենք չենք մեղանչել քո դէմ, քեզ բարերարութիւն ենք արել եւ քեզ խաղաղութեամբ ճանապարհ դրել, որովհետեւ դու Տիրոջ օրհնած մարդն ես»:

30 Իսահակը նրանց պատուին խնջոյք սարքեց, նրանք կերան, խմեցին

31 եւ առաւօտեան վաղ վեր կենալով՝ երդուեցին միմեանց: Իսահակը ճանապարհ դրեց նրանց, եւ նրանք իր մօտից հաշտ ու խաղաղ գնացին:

32 Այդ օրը եկան Իսահակի ծառաները եւ յայտնեցին նրան իրենց փորած ջրհորի մասին, թէ՝ «Ջուր չենք գտել»:

33 Իսահակն այդ ջրհորն անուանեց Երդումն: Դրա համար էլ այդ քաղաքը մինչեւ այսօր կոչւում է Երդման ջրհոր:

34 Եսաւը քառասուն տարեկան հասակում կին առաւ քետացի Բէերի դուստր Յուդիթին եւ խեւացի Ելոմի դուստր Մասեմաթին,

35 որոնք վշտացնում էին Իսահակին եւ Ռեբեկային: