1
Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
2
«Իսրայէլի որդիներին կ՚ասես, որ առնեն ինձ սահմանուած ընծաները: Թող առնեն նրանցից, ում սրտից են բխում:
3
Սրանք են այն ընծաները, որ դուք կ՚առնէք նրանցից. ոսկի, արծաթ, պղինձ,
4
կապոյտ, ծիրանի եւ կրկնակի կարմիր կտաւ, նրբահիւս բեհեզ, այծի մազ,
5
խոյերի կարմիր ներկուած մորթիներ, կապոյտ ներկուած մորթիներ եւ կարծր փայտեր,
6
լոյսի համար ձէթ եւ օծութեան իւղի ու խնկի համար բաղադրանիւթեր,
7
սարդիոնի քարեր, վակասի վրայ ագուցուելու քարեր եւ պատմուճան:
8
Ինձ համար սրբարան կը կառուցես, եւ ես կ՚երեւամ ձեզ:
9
Դու խորանն ու նրա ամբողջ սպասքը ինձ համար կը պատրաստես ըստ այն օրինակի, որ լերան վրայ ցոյց կը տամ քեզ: Այսպէս կը պատրաստես.
10
Վկայութեան տապանակ կը պատրաստես կարծր փայտից: Երկուսուկէս կանգուն թող լինի դրա երկարութիւնը, մէկուկէս կանգուն՝ դրա լայնութիւնը, մէկուկէս կանգուն՝ դրա բարձրութիւնը:
11
Այն կը պատես մաքուր ոսկով՝ ներսից ու դրսից կ՚ոսկեզօծես այն: Դրա վրայ շուրջանակի կը դնես ոսկէ պսակ:
12
Դրա համար չորս ոսկէ օղակներ կը ձուլես եւ կը դնես դրա չորս կողմերին. երկու օղակները՝ մի կողմից, եւ երկու օղակները՝ միւս կողմից:
13
Կարծր փայտից լծակներ կը պատրաստես եւ դրանք կը պատես ոսկով:
14
Լծակները կ՚անցկացնես տապանակի կողքերին ամրացուած օղակների մէջ, որպէսզի դրանցով բարձրացնեն տապանակը:
15
Լծակները վկայութեան տապանակի օղակների մէջ թող մնան՝ լինեն դրան ամրացուած:
16
Տապանակի մէջ կը դնես այն պատուիրանները, որ ես պիտի տամ քեզ:
17
Քաւութեան խնկամանի կափարիչը կը պատրաստես մաքուր ոսկուց: Երկուսուկէս կանգուն թող լինի դրա երկարութիւնը, մէկուկէս կանգուն՝ դրա լայնութիւնը:
18
Կոփածոյ երկու ոսկեայ քերովբէներ կը պատրաստես եւ դրանք կը դնես կափարիչի երկու ծայրերին:
19
Քերովբէներից մէկը թող լինի կափարիչի մի ծայրին, իսկ միւսը՝ միւս ծայրին:
20
Երկու քերովբէներ կը դնես դրա երկու ծայրերին. թող քերովբէները դէպի վեր տարածեն իրենց թեւերը եւ իրենց թեւերով հովանի անեն կափարիչի վրայ: Նրանց գլուխները թող լինեն միմեանց յանդիման, որպէսզի քերովբէների երեսները նայեն կափարիչին: Կափարիչը կը դնես տապանակի վրայ՝ վերեւի կողմից:
21
Տապանակի մէջ կը դնես այն պատուիրանները, որ ես պիտի տամ քեզ:
22
Ես քեզ կը յայտնուեմ այնտեղ եւ վկայութեան տապանակի կափարիչի վրայ գտնուող երկու քերովբէների արանքից քեզ հետ կը խօսեմ այն ամենի մասին, ինչ պատուիրելու եմ քեզ Իսրայէլի որդիների վերաբերեալ»:
23
«Սեղան կը պատրաստես կարծր փայտից: Երկու կանգուն թող լինի դրա երկարութիւնը, մէկ կանգուն՝ դրա լայնութիւնը, եւ մէկուկէս կանգուն՝ դրա բարձրութիւնը:
24
Այն կը պատես մաքուր ոսկով: Դրա վրայ շուրջանակի կը դնես ոսկէ պսակ:
25
Դրա չորս կողմը մէկ թզաչափ բարձրութեամբ շրջանակ կը դնես եւ այն չորս կողմից կը պատիս ոսկով:
26
Եւ չորս ոսկէ օղակներ կը պատրաստես եւ օղակները կը դնես չորս անկիւններին, ուր, պսակից ներքեւ, դրա չորս ոտքերն են:
27
Օղակները կը ծառայեն այն բանին, որ լծակները դրանց մէջ անցկացնելով՝ կը բարձրացնեն սեղանը:
28
Լծակները կը պատրաստես չփչացող փայտից եւ դրանք կը պատես մաքուր ոսկով: Դրանցից բռնելով՝ կը բարձրացուի սեղանը:
29
Կը պատրաստես դրա խնկամաններն ու սկուտեղները, դրա գաւաթներն ու սկիհները, որոնցով գինի պիտի մատուցես: Մաքուր ոսկուց կը պատրաստես դրանք:
30
Սեղանի վրայ, իմ առաջ, մշտապէս կը դնես առաջաւորութեան հաց»:
31
«Մաքուր ոսկուց աշտանակ կը պատրաստես: Քանդակազարդ կ՚անես աշտանակը եւ այնպէս, որ բունը, ճիւղերը, սկահակները, գնդիկներն ու շուշանաձեւ ծաղիկները միաձոյլ լինեն:
32
Վեց ճիւղեր պէտք է տարածուեն նրա կողքերից. աշտանակի երեք ճիւղերը պէտք է լինեն մի կողմից, իսկ աշտանակի միւս երեք ճիւղերը՝ միւս կողմից:
33
Ամէն մի ճիւղ պէտք է ունենայ գնդիկից ու ծաղկից բաղկացած երեք ընկուզաձեւ սկահակներ: Միւս ճիւղերն էլ պէտք է ունենան գնդիկից ու ծաղկից բաղկացած երեք ընկուզաձեւ սկահակներ: Այսպէս թող լինեն աշտանակի կողքերից դուրս եկած վեց ստեղները.
34
աշտանակի բունը պէտք է ունենայ գնդիկից ու ծաղկից բաղկացած չորս սկահակներ:
35
Իրենց բնի կողքերից դուրս եկած երկու ճիւղերի տակ պէտք է լինի մի գնդիկ: Իրենց բնի կողքերից դուրս եկած երկու միւս ճիւղերի տակ նոյնպէս պէտք է լինի մի գնդիկ: Նոյն ձեւով կը պատրաստես աշտանակի կողքերից դուրս եկած վեց ճիւղերը,
36
այնպէս, որ նրանց գնդիկներն ու ճիւղերը դուրս եկած լինեն իրենց բնի կողքերից՝ ամբողջութեամբ քանդակազարդ, մէկ կտոր մաքուր ոսկուց:
37
Դրա համար կը պատրաստես եօթը կանթեղ եւ կանթեղները կը դնես աշտանակի վրայ այնպէս, որ դրանք լուսաւորեն դէմից:
38
Դրա ունելիներն ու պատուանդանը կը պատրաստես մաքուր ոսկուց: Այս ամբողջ սպասքը մի տաղանդ մաքուր ոսկուց կը պատրաստես:
39
Ուշադի՛ր եղիր, կ՚անես ըստ այն օրինակի, որ քեզ ցոյց տրուեց լերան վրայ»: