Bible

 

Ելք 27

Studie

   

1 «Կարծր փայտից զոհասեղան կը պատրաստես: Հինգ կանգուն թող լինի դրա երկարութիւնը, հինգ կանգուն՝ լայնութիւնը: Քառակուսի թող լինի զոհասեղանը: Երեք կանգուն թող լինի դրա բարձրութիւնը:

2 Դրա չորս անկիւնների վրայ եղջիւրներ կ՚անես այնպէս, որ դրանք միաձոյլ լինեն զոհասեղանի հետ: Դրանք կը պատես պղնձով:

3 Զոհասեղանի համար շրջանակ կը պատրաստես: Դրա խուփը, տաշտերը, մեծ պատառաքաղները, կրակարանները եւ ամբողջ սպասքը պղնձից կը պատրաստես:

4 Դրա համար պղնձից վանդակաւոր կասկարայ կը պատրաստես: Կասկարայի համար չորս կողմից չորս պղնձէ օղակներ կը պատրաստես:

5 Դրանք կը դնես զոհասեղանի կասկարայի տակ՝ ներքեւի մասում: Կասկարան թող հասնի մինչեւ զոհասեղանի մէջտեղը:

6 Զոհասեղանի համար լծակներ կը պատրաստես՝ լծակներ կարծր փայտից, եւ դրանք կը պատես պղնձով:

7 Լծակները կը մտցնես օղակների մէջ: Լծակները թող լինեն զոհասեղանի երկու կողմերից, որպէսզի հնարաւոր լինի այն բարձրացնել:

8 Փայտեայ շինուածքների մէջը դատարկ թող լինի: Կը պատրաստես ըստ այն օրինակի, որ ցոյց է տրուել քեզ լերան վրայ: Այդպէս կը պատրաստես այն»:

9 «Վրանի առաջ բակ կը շինես, բակի հարաւային կողմում՝ նրբահիւս բեհեզից պատրաստուած առագաստ: Հարիւր կանգուն թող լինի բակի մի կողմի երկարութիւնը:

10 Մոյթերը թող լինեն քսան հատ, դրանց պղնձէ խարիսխները՝ քսան հատ: Դրանց օղակներն ու խոյակները թող արծաթից լինեն:

11 Նոյն ձեւով հիւսիսային կողմում առագաստների երկարութիւնը թող լինի հարիւր կանգուն: Դրանց պղնձէ մոյթերը թող լինեն քսան հատ, դրանց պղնձէ խարիսխները՝ քսան հատ: Դրանց գալարազարդերը, մոյթերը եւ խարիսխները թող լինեն արծաթապատ:

12 Ծովահայեաց բակի առագաստների լայնութիւնը թող լինի յիսուն կանգուն: Դրանց մոյթերը թող լինեն տասը հատ, դրանց խարիսխները՝ տասը հատ:

13 Արեւելեան կողմի առաջին բակի առագաստների լայնութիւնը թող լինի յիսուն կանգուն: Դրանց մոյթերը թող լինեն տասը հատ, դրանց խարիսխները՝ տասը հատ:

14 Առագաստների մի կողմի բարձրութիւնը թող լինի տասնհինգ կանգուն: Դրանց մոյթերը թող լինեն երեք, դրանց խարիսխները՝ երեք:

15 Առագաստների միւս կողմի բարձրութիւնը թող լինի տասնհինգ կանգուն: Դրանց մոյթերը թող լինեն երեք հատ, դրանց խարիսխները՝ երեք հատ:

16 Բակի դռան վարագոյրի բարձրութիւնը թող լինի քսան կանգուն: Կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից պատրաստուած թող լինի այն՝ նկարագեղ ասեղնագործութեամբ: Դրանց մոյթերը թող լինեն չորս հատ, խարիսխներն էլ՝ չորս հատ:

17 Բակի շրջակայ բոլոր մոյթերը արծաթապատ թող լինեն, դրանց խոյակները՝ արծաթից, դրանց խարիսխները՝ պղնձից:

18 Բակի երկարութիւնը հարիւր կանգուն թող լինի, լայնութիւնը՝ յիսուն, իսկ բարձրութիւնը՝ տասնհինգ կանգուն: Առագաստը նրբահիւս բեհեզից թող լինի: Դրանց խարիսխները պղնձից թող լինեն:

19 Վրանի ամբողջ սպասքը, դրա բոլոր գործիքները եւ բակի բոլոր ցիցերը պղնձից թող լինեն»:

20 «Իսրայէլացիներին կարգադրի՛ր, որ քեզ ձիթենու զուլալ, անարատ, ծեծուած ձիթապտղի ձէթ բերեն լոյսի համար,

21 որպէսզի մշտավառ ճրագ լինի վկայութեան խորանում, ուխտի վարագոյրից դուրս: Եւ Ահարոնն ու նրա որդիները երեկոյից մինչեւ առաւօտ թող այն վառեն Տիրոջ առաջ: Դա Իսրայէլի որդիների կողմից հաստատուած յաւիտենական օրէնք թող լինի ձեր սերունդների մէջ»:

   

Bible

 

Ելք 31:7

Studie

       

7 պատրաստի վկայութեան խորանը, կտակարանների տապանակն ու նրա կափարիչը, խորանի ամբողջ սպասքն ու զոհարանը,

Bible

 

Հայտնություն 21

Studie

   

1 Ապա տեսայ նո՛ր երկինք մը եւ նո՛ր երկիր մը, որովհետեւ առաջին երկինքն ու առաջին երկիրը անցան, եւ ա՛լ ծով չկար:

2 Տեսայ սուրբ քաղաքը՝ նո՛ր Երուսաղէմը, որ կ՚իջնէր երկինքէն՝ Աստուծմէ, իր ամուսինին համար զարդարուած հարսի մը պէս պատրաստուած:

3 Ու լսեցի երկինքէն հզօր ձայն մը՝ որ կ՚ըսէր. «Ահա՛ Աստուծոյ խորանը՝ մարդոց մէջ: Ի՛նք պիտի բնակի հոն, եւ անոնք պիտի ըլլան իր ժողովուրդը. Աստուած ի՛նք պիտի ըլլայ անոնց հետ՝ իբր անոնց Աստուածը:

4 Ի՛նք պիտի սրբէ անոնց աչքերէն բոլոր արցունքները. ա՛լ մահ պիտի չըլլայ, ո՛չ սուգ, ո՛չ գոչիւն: Այլեւս բնա՛ւ ցաւ պիտի չըլլայ, որովհետեւ առաջուան բաները անցան»:

5 Գահին վրայ բազմողը ըսաւ. «Ահա՛ նո՛ր կ՚ընեմ բոլոր բաները»: Եւ ըսաւ ինծի. «Գրէ՛, որովհետեւ այս խօսքերը ճշմարիտ ու վստահելի են»:

6 Նաեւ ըսաւ ինծի. «Եղա՛ւ. ե՛ս եմ Ալֆան եւ Օմեղան, Սկիզբն ու Վախճանը. ես ծարաւին ձրի՛ պիտի տամ կեանքի ջուրին աղբիւրէն:

7 Ա՛ն որ կը յաղթէ՝ պիտի ժառանգէ բոլոր բաները, ու ես Աստուած պիտի ըլլամ անոր, ան ալ որդի պիտի ըլլայ ինծի:

8 Բայց երկչոտներուն, անհաւատներուն, գարշելիներուն, մարդասպաններուն, պոռնկողներուն, կախարդներուն, կռապաշտներուն եւ բոլոր ստախօսներուն բաժինը՝ պիտի ըլլայ կրակով ու ծծումբով վառող լիճին մէջ, որ երկրորդ մահն է»:

9 Եօթը վերջին պատուհասներով լեցուն եօթը սկաւառակները ունեցող եօթը հրեշտակներէն մէկը եկաւ եւ ինծի հետ խօսեցաւ՝ ըսելով. «Եկո՛ւր. ցոյց պիտի տամ քեզի հարսը՝ Գառնուկին կինը»:

10 Ու հոգիով տարաւ զիս մեծ եւ բարձր լերան մը վրայ, ու ցոյց տուաւ ինծի սուրբ քաղաքը՝ Երուսաղէմը, որ կ՚իջնէր երկինքէն՝ Աստուծմէ,

11 եւ ունէր Աստուծոյ փառքը: Անոր լուսաւորութիւնը շատ պատուական քարի նման էր, բիւրեղեայ յասպիս քարի պէս:

12 Անոր պարիսպը մեծ ու բարձր էր, եւ ունէր տասներկու դուռ. տասներկու հրեշտակներ կային դռներուն քով, որոնց վրայ գրուած էին անուններ, այսինքն՝ Իսրայէլի որդիներուն տասներկու տոհմերուն անունները.

13 արեւելքէն՝ երեք դուռ, հիւսիսէն՝ երեք դուռ, հարաւէն՝ երեք դուռ, արեւմուտքէն՝ երեք դուռ:

14 Քաղաքին պարիսպը ունէր տասներկու հիմ, եւ անոնց վրայ գրուած էին Գառնուկին տասներկու առաքեալներուն (տասներկու) անունները:

15 Ինծի հետ խօսողը ունէր ոսկիէ եղէգ մը, որպէսզի անով չափէ քաղաքը, անոր դռներն ու անոր պարիսպը:

16 Քաղաքը քառակուսի կառուցանուած էր, եւ անոր երկայնքը լայնքին չափ էր. քաղաքը եղէգով չափեց՝ տասներկու հազար ասպարէզ: Անոր երկայնքը, լայնքն ու բարձրութիւնը նոյնչափ էին:

17 Չափեց նաեւ անոր պարիսպը՝ հարիւր քառասունչորս կանգուն, մարդու չափով, այսինքն՝ հրեշտակին չափով:

18 Անոր պարիսպը շինուած էր յասպիս քարէ, իսկ քաղաքը զուտ ոսկի էր՝ մաքուր ապակիի նման:

19 Քաղաքին պարիսպին հիմերը զարդարուած էին ամէն տեսակ պատուական քարերով. առաջին հիմը յասպիս էր, երկրորդը՝ շափիւղայ, երրորդը՝ քաղկեդոն, չորրորդը՝ զմրուխտ,

20 հինգերորդը՝ եղնգնաքար, վեցերորդը՝ սարդիոն, եօթներորդը՝ ոսկեքար, ութերորդը՝ վանակն, իններորդը՝ տպազիոն, տասներորդը՝ քրիսոպրասոս, տասնմէկերորդը՝ յակինթ, տասներկրորդը՝ մեղեսիկ:

21 Տասներկու դռները՝ տասներկու մարգարիտ էին. իւրաքանչիւր դուռ՝ միակտուր մարգարիտ էր: Քաղաքին հրապարակը զուտ ոսկի էր՝ թափանցիկ ապակիի պէս:

22 Անոր մէջ տաճար չտեսայ, որովհետեւ Տէրը՝ Ամենակալ Աստուածը, եւ Գառնուկն են անոր տաճարը:

23 Քաղաքը պէտք չունի արեւի, ո՛չ ալ լուսինի, որ լուսաւորեն զայն. որովհետեւ Աստուծոյ փառքը կը լուսաւորէ զայն, եւ Գառնուկն է անոր ճրագը:

24 (Փրկուած) ազգերը պիտի ընթանան անոր լոյսով, ու երկրի թագաւորները իրենց փառքը եւ պատիւը պիտի բերեն անոր մէջ:

25 Անոր դռները բնաւ պիտի չգոցուին ցերեկը. (որովհետեւ հոն գիշեր պիտի չըլլայ.)

26 ազգերուն փառքն ու պատիւը պիտի բերեն անոր մէջ:

27 Հոն բնաւ պղծութիւն մը պիտի չմտնէ, ո՛չ ալ գարշութիւն գործող կամ սուտ խօսող մը. հապա պիտի մտնեն միայն անոնք՝ որ արձանագրուած են Գառնուկին կեանքի գիրքին մէջ: