Bible

 

Ելք 17

Studie

   

1 Իսրայէլացի ամբողջ ժողովուրդը Տիրոջ կարգադրութեան համաձայն խումբ-խումբ գնաց Սին անապատից եւ կայք հաստատեց Ռափիդիմում: Այստեղ, սակայն, ջուր չկար, որ ժողովուրդը խմէր:

2 Ժողովուրդն սկսեց մեղադրել Մովսէսին՝ ասելով. «Մեզ ջո՛ւր տուր, որ խմենք»: Մովսէսը նրանց ասաց. «Ինչո՞ւ էք ինձ մեղադրում, ինչո՞ւ էք փորձում Տիրոջը»:

3 Ժողովուրդն այնտեղ ծարաւ զգալով՝ տրտնջաց Մովսէսի դէմ ու ասաց. «Ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից, որ ծարաւից կոտորուե՞նք մենք եւ մեր երեխաներն ու անասունները»:

4 Մովսէսը պաղատագին խնդրելով Տիրոջը՝ ասաց. «Ի՞նչ անեմ ես այս ժողովրդին: Մի քիչ էլ մնայ՝ ինձ կը քարկոծեն»:

5 Տէրն ասաց Մովսէսին. «Գնա՛ ժողովրդի առջեւից, քեզ հետ վերցրո՛ւ ժողովրդի ծերերին, ձեռքդ ա՛ռ քո այն գաւազանը, որով հարուածեցիր գետին, եւ ճամփայ ընկի՛ր:

6 Ես քեզնից առաջ այնտեղ հասնելով՝ կը կանգնեմ Քորէբի ժայռի վրայ: Կը հարուածես ժայռին, դրանից ջուր կը բխի, եւ քո ժողովուրդը կը խմի»:

7 Մովսէսն իսրայէլացիների ներկայութեամբ այդպէս էլ արեց: Նա այդ վայրը կոչեց Փորձութիւն եւ Մեղադրանք, որովհետեւ իսրայէլացիները մեղադրել էին եւ Տիրոջը փորձել՝ ասելով. «Տէրը մեր մէ՞ջ է, թէ՞ ոչ»:

8 Ամաղէկացիներն եկան ու Ռափիդիմում պատերազմեցին իսրայէլացիների դէմ:

9 Մովսէսն ասաց Յեսուին. «Ուժեղ տղամարդիկ ընտրի՛ր եւ առաւօտեան վեր կենալով պատերազմի՛ր ամաղէկացիների դէմ: Ես կը գամ ու կը կանգնեմ բլրի գագաթին, եւ Աստծու գաւազանը կը լինի իմ ձեռքին»:

10 Յեսուն արեց այնպէս, ինչպէս իրեն ասել էր Մովսէսը. նա պատերազմեց ամաղէկացիների դէմ: Մովսէսը, Ահարոնն ու Ովրը բարձրացան բլրի գագաթը:

11 Երբ Մովսէսը բարձր էր պահում ձեռքերը, առաւելութեան էին հասնում իսրայէլացիները, իսկ երբ իջեցնում էր ձեռքերը, առաւելութեան էին հասնում ամաղէկացիները:

12 Եւ քանի որ Մովսէսի ձեռքերը յոգնելուց ծանրանում էին, Ահարոնն ու Ովրը մի քար առան եւ նրա տակը դրեցին: Մովսէսը նստեց դրա վրայ, իսկ Ահարոնն ու Ովրը՝ մէկն այս կողմից, միւսն այն կողմից նրա ձեռքերը բռնած բարձր էին պահում: Այսպիսով Մովսէսի ձեռքերը մինչեւ արեւի մայր մտն»լը բարձրացած մնացին:

13 Յեսուն սրակոտոր արեց ամաղէկացիներին ու նրանց ողջ զօրքը:

14 Տէրն ասաց Մովսէսին. «Այս դէպքը որպէս յիշատակ գրի՛ առ: Հաղորդի՛ր Յեսուին, որ ամաղէկացիների յիշատակը ջնջելու եմ երկրի վրայ՝ երկնքի ներքոյ»:

15 Մովսէսը Տիրոջ համար զոհասեղան շինեց եւ դրա անունը դրեց՝ «Տէրն իմ ապաւէնն է»:

16 Նա ասաց. «Այսպէս կոչեցի, քանի որ Տէրն իր անտեսանելի ձեռքով պատերազմում է ամաղէկացիների դէմ սերնդից սերունդ»:

   

Bible

 

Ելք 14

Studie

   

1 Տէրը, խօսելով Մովսէսի հետ, ասաց.

2 «Իսրայէլացիներին ասա՛, որ վերադառնան, կայք հաստատեն Մագդողի ու ծովի միջեւ գտնուող հանգրուանում, Բեէղսեպփոնի դիմաց: Դրանց դիմաց՝ Կարմիր ծովի եզերքին կայք կը հաստատես:

3 Փարաւոնը իսրայէլացիներիդ մասին կ՚ասի, թէ՝ «Մոլորուել են այս երկրում, որովհետեւ անապատը շրջափակել է նրանց»:

4 Ես պիտի կարծրացնեմ փարաւոնի սիրտը, նա պիտի հետապնդի նրանց,

5 իսկ ես պիտի փառաւորուեմ փարաւոնի ու նրա ամբողջ զօրքի առաջ: Եւ բոլոր եգիպտացիները պիտի իմանան, որ ե՛ս եմ Տէրը»: Եւ այդպէս էլ արեցին:

6 Եգիպտացիների արքային յայտնեցին, թէ՝ «Ժողովուրդը փախել է»: Փարաւոնի ու նրա պաշտօնեաների սրտերն ըմբոստացան ժողովրդի դէմ, եւ նրանք ասացին. «Այդ ի՞նչ արեցինք, ինչո՞ւ թոյլ տուեցինք, որ իսրայէլացիները գնան, եւ մենք զրկուենք մեր ստրուկներից»:

7 Փարաւոնը լծեց իր կառքը եւ իր հետ տարաւ իր ամբողջ ժողովրդին: Նա վերցրեց վեց հարիւր ընտիր կառքեր, եգիպտացիների ամբողջ հեծելազօրն ու դրանց զօրավարներին:

8 Տէրը կարծրացրեց եգիպտացիների արքայ փարաւոնի սիրտը, եւ սա հետապնդեց իսրայէլացիներին: Իսրայէլացիները գնում էին՝ ձեռքները բարձր պահած:

9 Եգիպտացիները հետապնդեցին նրանց ու նրանց գտան ծովեզերքի մօտ՝ կայք հաստատած: Փարաւոնի ողջ հեծելազօրն ու կառքերը, նրա հեծեալներն ու բանակը կանգնեցին հանգրուանածների դիմաց, Բեէղսեպփոնի դէմ առ դէմ:

10 Փարաւոնը մօտեցաւ: Իսրայէլացիները բարձրացնելով իրենց աչքերը՝ տեսան, որ եգիպտացիները կայք են հաստատել իրենց թիկունքում. սաստիկ վախեցան:

11 Իսրայէլացիները աղաղակ բարձրացրին առ Աստուած ու Մովսէսին ասացին. «Իբր թէ Եգիպտացիների երկրում գերեզմաններ չկայի՞ն, որ մեզ բերեցիր այստեղ՝ անապատում սպանուելու: Այս ի՞նչ բերեցիր մեր գլխին, ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից:

12 Մի՞թէ Եգիպտացիների երկրում քեզ չասացինք, թէ՝ «Թո՛յլ տուր, որ ծառայենք եգիպտացիներին»: Մեզ համար աւելի լաւ կը լինէր, որ ծառայէինք եգիպտացիներին, քան մեռնէինք այս անապատում»:

13 Մովսէսն ասաց ժողովրդին. «Քաջալերուեցէ՛ք, պի՛նդ կացէք եւ կը տեսնէք Տիրոջ արած փրկութիւնը, որ նա պարգեւելու է ձեզ այսօր, քանզի այսօր ձեր տեսած եգիպտացիներին այլեւս յար յաւիտեան չէք տեսնելու:

14 Տէ՛րը պիտի պատերազմի ձեր փոխարէն, դուք լո՛ւռ մնացէք»:

15 Տէրն ասաց Մովսէսին. «Ինչո՞ւ ես կանչում ինձ: Ասա՛ իսրայէլացիներին, որ շարժուեն գնան:

16 Իսկ դու ա՛ռ գաւազանդ, ձեռքդ մեկնի՛ր ծովի վրայ, ճեղքի՛ր այն, եւ իսրայէլացիները թող մտնեն ծովի մէջ ու անցնեն ինչպէս ցամաքով:

17 Ես կը կարծրացնեմ փարաւոնի եւ բոլոր եգիպտացիների սիրտը, սրանք նրանց յետեւից ծով կը մտնեն, եւ ես կը փառաւորուեմ փարաւոնի, նրա ամբողջ զօրքի, կառքերի ու հեծելազօրի առաջ:

18 Բոլոր եգիպտացիները կը գիտենան, որ ե՛ս եմ Տէրը, երբ փառաւորուեմ փարաւոնի, նրա կառքերի ու հեծելազօրի առաջ»:

19 Իսրայէլացիների բանակի առջեւից գնացող Աստծու հրեշտակը ելաւ ու անցաւ գնաց նրանց յետեւը: Վերացաւ ամպի սիւնը նրանց առջեւից ու կանգնեց նրանց թիկունքին:

20 Ամպի սիւնը մտաւ եգիպտացիների ու իսրայէլացիների բանակների միջեւ: Խաւար ու մէգ պատեց: Գիշերն անցաւ, բայց ողջ գիշերը բանակները իրար չմօտեցան:

21 Մովսէսը ձեռքը մեկնեց ծովի վրայ, եւ հարաւային հողմի ուժով ողջ գիշեր ծովը յետ մղուեց. բացուեց ծովի յատակը, ջուրը երկուսի բաժանուեց:

22 Իսրայէլացիները մտան յատակը բացուած ծովի մէջ ու առաջ շարժուեցին ինչպէս ցամաքով: Ջուրը նրանց աջ ու ձախ կողմերից պարիսպ էր դարձել:

23 Եգիպտացիները հետապնդեցին նրանց, եւ փարաւոնի ամբողջ հեծելազօրը, նրա կառքերն ու հեծեալները նրանց յետեւից մտան ծովը:

24 Առաւօտեան Տէրը հրի ու ամպի սեան միջով նայեց եգիպտացիների բանակին եւ խուճապի մատնեց եգիպտացիների բանակը.

25 նա կաշկանդեց նրանց կառքերի անիւները, եւ նրանք դժուարութեամբ էին առաջ շարժւում: Եգիպտացիներն ասացին. «Հեռո՛ւ փախչենք իսրայէլացիներից, որովհետեւ Տէրը յօգուտ նրանց է պատերազմում եգիպտացիներիս դէմ»:

26 Տէրն ասաց Մովսէսին. «Ձեռքդ մեկնի՛ր ծովի վրայ, եւ ջրերը թող միանան ու ծածկեն եգիպտացիներին, նրանց կառքերն ու հեծեալներին»:

27 Մովսէսը ձեռքը մեկնեց ծովի վրայ, եւ ջրերն առաւօտեան վերադարձան իրենց տեղը: Եգիպտացիները փորձեցին փախչել ջրից, բայց Տէրը եգիպտացիներին թափեց ծովը

28 եւ, նորից իրար միացնելով ծովի ջրերը, ծածկեց կառքերը, հեծեալներին եւ փարաւոնի բոլոր զօրքերին, որոնք ծով էին մտել նրանց հետ: Նրանցից ոչ ոք կենդանի չմնաց:

29 Իսրայէլացիները ծովի միջով կարծես ցամաքի վրայով էին գնում, իսկ ջուրը նրանց աջ ու ձախ կողմերից պարիսպ էր դարձել:

30 Տէրն այդ օրը իսրայէլացիներին փրկեց եգիպտացիների ձեռքից:

31 Իսրայէլացիները տեսան եգիպտացիների դիակները, որոնք ծովի ափ էին նետուած: Իսրայէլացիները տեսնելով Տիրոջ հզօր ձեռքը, եգիպտացիների գլխին բերած փորձանքը՝ վախեցան Տիրոջից, հաւատացին Աստծուն ու նրա ծառայ Մովսէսին:

   

Bible

 

Deuteronomy 25:19

Studie

       

19 Therefore it shall be, when the LORD thy God hath given thee rest from all thine enemies round about, in the land which the LORD thy God giveth thee for an inheritance to possess it, that thou shalt blot out the remembrance of Amalek from under heaven; thou shalt not forget it.