IBhayibheli

 

Ծննդոց 17

Funda

   

1 Երբ Աբրամը իննսունինը տարեկան եղաւ, Տէր Աստուած երեւաց Աբրամին ու ասաց նրան. «Ես եմ քո Աստուածը, հնազա՛նդ եղիր ինձ, եղի՛ր անարատ:

2 Ուխտ եմ դնելու իմ եւ քո միջեւ. ես անչափ բազմացնելու եմ քո սերունդը»:

3 Աբրամը երկրպագեց, իսկ Աստուած, դիմելով նրան, ասաց.

4 «Այս է իմ՝ քեզ հետ դրած ուխտը. բազում ազգերի նախահայր պիտի դառնաս:

5 Սրանից յետոյ քո անունը Աբրամ պիտի չլինի, այլ Աբրահամ պիտի լինի քո անունը, որովհետեւ բազում ազգերի նախահայր եմ դարձնելու քեզ:

6 Քո սերունդը շատ եմ աճեցնելու, քեզնից բազում ազգեր պիտի սերեմ, թագաւորներ պիտի ծնուեն քեզնից:

7 Իմ ուխտը պիտի հաստատեմ իմ եւ քո միջեւ, քեզնից յետոյ գալիք քո սերունդների ու նրանց ցեղերի միջեւ որպէս յաւիտենական ուխտ, որով ես եմ լինելու քո եւ քեզնից յետոյ գալիք սերունդների Աստուածը:

8 Քեզ ու քո սերունդներին իբրեւ յաւիտենական սեփականութիւն տալու եմ այս երկիրը, ուր դու բնակւում ես պանդխտութեան մէջ, Քանանացիների ամբողջ երկիրը: Ես լինելու եմ նրանց Աստուածը,

9 իսկ դու եւ քեզնից յետոյ գալիք քո զաւակները, սերնդից սերունդ, պէտք է պահէք իմ ուխտը:

10 Այս է իմ ուխտը, որ պիտի պահես իմ եւ քո միջեւ ու քեզնից յետոյ գալիք քո զաւակների միջեւ, սերնդից սերունդ:

11 Ձեր բոլոր արու զաւակները պիտի թլփատուեն, պիտի թլփատէք ձեր անդամների թլիփները, եւ դա թող լինի իմ եւ ձեր միջեւ ուխտի նշանը:

12 Ձեր մանուկները՝ ձեր ցեղերի բոլոր արուները, ընդոծինն ու արծաթով գնուած ստրուկները, ամէն մի օտարածին, որ քո սերնդից չէ, ութօրեայ հասակում պէտք է թլփատուեն: Պէտք է անպայման թլփատուեն քո տան ընդոծինն ու արծաթով գնուած քո ստրուկը:

13 Ձեր թլփատութեան մասին իմ ուխտը թող յաւիտենական ուխտ լինի:

14 Ութերորդ օրը թլիփը չթլփատուած արուն թող վերանայ իր ցեղի միջից, որովհետեւ խախտած կը լինի իմ ուխտը»:

15 Աստուած ասաց Աբրահամին. «Քո կին Սարայի անունն այլեւս Սարա թող չլինի, այլ Սառա թող լինի նրա անունը:

16 Ես կ՚օրհնեմ նրան եւ նրա միջոցով քեզ զաւակ կը պարգեւեմ, ես կ՚օրհնեմ նրան, նա ազգերի նախամայր կը դառնայ, նրանից ցեղերի թագաւորներ կը ծնուեն»:

17 Աբրահամը երկրպագեց, ծիծաղեց ու ինքն իրեն ասաց. «Կարո՞ղ է հարիւր տարեկան մարդը որդի ունենալ, իննսունամեայ Սառան կարո՞ղ է ծնել»:

18 Աբրահամն ասաց Աստծուն. «Այս Իսմայէլը թող ապրի քո առաջ»:

19 Աստուած պատասխանեց Աբրահամին. «Այո՛. ահա քո կին Սառան քեզ համար որդի է բերելու, եւ իմ ուխտը, որպէս յաւիտենական ուխտ, հաստատելու եմ նրա հետ ու նրանից յետոյ գալիք սերունդների հետ:

20 Ինչ վերաբերում է Իսմայէլին, ապա ընդառաջում եմ քեզ: Նրան կ՚օրհնեմ, նրան կ՚աճեցնեմ եւ անչափ կը բազմացնեմ նրա սերունդները: Նա տասներկու ազգ է սերելու, եւ նրան մեծ ազգի նախահայր եմ դարձնելու,

21 բայց իմ ուխտը ես հաստատելու եմ Իսահակի հետ, որին կը ծնի Սառան քեզ համար միւս տարի այս ժամանակ»:

22 Աստուած վերջացրեց իր խօսքը Աբրահամի հետ եւ հեռացաւ նրա մօտից:

23 Աբրահամը իր որդի Իսմայէլի, իր բոլոր ընդոծինների, արծաթով գնուած իր բոլոր ստրուկների եւ Աբրահամի տանն եղած բոլոր արու մարդկանց թլիփը նոյն օրն իսկ թլփատեց, ինչպէս ասել էր նրան Աստուած:

24 Աբրահամը իննսունինը տարեկան էր, երբ թլփատեց իր թլիփը,

25 իսկ իր որդի Իսմայէլը տասներեք տարեկան էր, երբ թլփատուեց նրա թլիփը:

26 Այդ օրը թլփատուեցին Աբրահամն ու իր որդի Իսմայէլը:

27 Նա թլփատեց իր տան բոլոր տղամարդկանց՝ ընդոծիններ լինեն նրանք թէ արծաթով գնուած օտարածին ստրուկներ:

   

IBhayibheli

 

Ծննդոց 23

Funda

   

1 Սառան դարձաւ հարիւր քսանեօթը տարեկան:

2 Նա մեռաւ կիրճի մէջ գտնուող Արբոկ քաղաքում: Սա Քանանացիների երկրում գտնուող Քեբրոնն է: Աբրահամը եկաւ, որ ողբայ ու սգայ Սառայի մահը:

3 Աբրահամը հեռացաւ իր հանգուցեալի մօտից եւ դիմելով Քետի որդիներին՝ ասաց.

4 «Ես ձեր մէջ պանդուխտ ու օտարական եմ: Արդ, որպէս սեփականութիւն ինձ մի գերեզմանի հող տուէ՛ք ձեզ մօտ, որ թաղեմ իմ հանգուցեալին»:

5 Քետի որդիները պատասխան տուեցին Աբրահամին՝ ասելով.

6 «Լսի՛ր մեզ, տէ՛ր: Դու մեր մէջ Աստծու նշանակած թագաւորն ես: Քո հանգուցեալին թաղի՛ր մեր լաւագոյն գերեզմաններից մէկում, որովհետեւ մեզնից ոչ մէկը չի հրաժարուի քեզ շիրիմի համար տեղ տրամադրելուց»:

7 Աբրահամը ելաւ եւ գլուխ տուեց այդ երկրի ժողովրդին՝ Քետի որդիներին:

8 Աբրահամը նրանց դիմելով՝ ասաց. «Եթէ դուք յօժար էք, որ իմ հանգուցեալին ես անձամբ թաղեմ, լսեցէ՛ք ինձ եւ իմ մասին բարեխօսեցէ՛ք Սահառի որդի Եփրոնին,

9 որ ինձ տայ իր ագարակի սահմաններում գտնուող զոյգ քարայրը այնքան արծաթով, որքան արժէ այն: Թող այն ձեր ներկայութեամբ ինձ տայ որպէս շիրմավայր»:

10 Եփրոնը քետացիների հետ նստած էր ժողովատեղում: Եփրոն քետացին պատասխան տուեց Աբրահամին եւ ի լուր Քետի որդիների ու բոլոր նրանց, ովքեր մտնում էին նրա քաղաքի դարպասով,

11 ասաց. «Նայի՛ր ինձ, տէ՛ր, եւ լսի՛ր ինձ: Ագարակը տալիս եմ քեզ, քեզ եմ տալիս նաեւ այնտեղ գտնուող քարայրը: Իմ բոլոր համաքաղաքացիների ներկայութեամբ այն քեզ եմ յանձնում: Թաղի՛ր քո հանգուցեալին»:

12 Աբրահամը գլուխ տուեց երկրի ժողովրդի առաջ,

13 Եփրոնի հետ խօսեց ի լուր երկրի ժողովրդի եւ ասաց. «Քանի որ անսացիր ինձ, ուրեմն լսի՛ր ինձ: Ես քեզ կը տամ ագարակի փոխարժէքը: Վերցրո՛ւ այն ինձնից, եւ ես այնտեղ կը թաղեմ իմ հանգուցեալին»:

14 Եփրոնն Աբրահամին պատասխանեց եւ ասաց.

15 «Ո՛չ, տէ՛ր իմ, լսել եմ, որ հողամասը չորս հարիւր սատեր արծաթ արժէ: Դա ի՞նչ է որ իմ ու քո միջեւ: Դու թաղի՛ր քո հանգուցեալին»:

16 Աբրահամը Եփրոնին լսելուց յետոյ կշռեց եւ նրան վճարեց չորս հարիւր սատեր արծաթը, ինչպէս խոստացել էր ի լուր Քետի որդիների, վաճառականների մօտ ընդունուած գնով:

17 Եփրոնի ագարակը, որ Մամբրէի կաղնու հանդիպակաց զոյգ քարայրի մօտն էր, այսինքն՝ ագարակն ու նրա մէջ գտնուող քարայրը, ագարակի եւ նրա շրջակայքի բոլոր ծառերը դարձան Աբրահամի սեփականութիւնը,

18 Քետի որդիների ներկայութեամբ, որոնք մտնում էին քաղաքի դարպասով:

19 Դրանից յետոյ Աբրահամն իր կին Սառային թաղեց ագարակի զոյգ քարայրում, որ Մամբրէի կաղնու դիմաց էր գտնւում, այսինքն՝ Քեբրոնում՝ Քանանացիների երկրում:

20 Ագարակն ու նրա մէջ գտնուող քարայրը Քետի որդիների կողմից տրուեցին Աբրահամին իբրեւ նրա սեփական գերեզմանոց: