IBhayibheli

 

Ելք 20

Funda

   

1 Տէրը յայտնեց հետեւեալ բոլոր պատգամները՝ ասելով.

2 «Ե՛ս եմ քո Տէր Աստուածը, որ քեզ հանեցի Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից:

3 Ինձնից բացի այլ աստուածներ չպիտի լինեն քեզ համար:

4 Վերեւում՝ երկնքում, ներքեւում՝ երկրի վրայ, եւ երկրի խորքի ջրերի մէջ եղած որեւէ բանի նմանութեամբ քեզ կուռքեր չպիտի կերտես:

5 Չպիտի երկրպագես ու չպիտի պաշտես դրանց, որովհետեւ ե՛ս եմ քո Տէր Աստուածը՝ մի նախանձոտ Աստուած. հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին, ինձ ատող մարդկանց նոյնիսկ երրորդ ու չորրորդ սերնդին,

6 իսկ ինձ սիրող ու իմ հրամանը կատարող մարդկանց մինչեւ հազարերորդ սերնդին ողորմում եմ:

7 Քո տէր Աստծու անունն զուր տեղը չպիտի արտասանես, որովհետեւ Տէրը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում:

8 Յիշի՛ր շաբաթ օրը, որպէսզի սուրբ պահես այն:

9 Վեց օր պիտի աշխատես եւ պիտի կատարես քո բոլոր գործերը:

10 Եօթներորդ օրը քո տէր Աստծու շաբաթ օրն է: Այդ օրը դու ոչ մի գործ չպիտի անես, ոչ էլ քո տղան ու աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո էշն ու քո եզը, քո բոլոր անասունները, քեզ մօտ գտնուող օտարականն ու քեզ մօտ բնակուող պանդուխտը,

11 որովհետեւ Տէր Աստուած վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու այն ամէնը, ինչ դրանց մէջ է, իսկ եօթներորդ օրը հանգստացաւ: Դրա համար էլ Տէրն օրհնեց եօթներորդ օրը եւ այն սուրբ հռչակեց:

12 Պատուի՛ր քո հօրն ու քո մօրը, որպէսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրայ, որ Տէր Աստուած տալու է քեզ:

13 Մի՛ սպանիր:

14 Մի՛ շնացիր:

15 Մի՛ գողացիր:

16 Քո հարեւանի դէմ սուտ վկայութիւն մի՛ տուր:

17 Ո՛չ քո մերձաւորի տան, ո՛չ նրա ագարակի վրայ աչք մի՛ ունեցիր: Ո՛չ քո մերձաւորի կնոջ վրայ, ո՛չ նրա ծառայի վրայ, ո՛չ նրա աղախնու վրայ, ո՛չ նրա եզան վրայ, ո՛չ նրա էշի վրայ, ո՛չ նրա անասունի վրայ, ո՛չ այն ամենի վրայ, ինչ քո մերձաւորինն է, աչք մի՛ ունեցիր»:

18 Ողջ ժողովուրդը լսում էր որոտը, շեփորի ձայնը, տեսնում փայլատակումներն ու ծխացող լեռը: Ողջ ժողովուրդը զարհուրեց, ընկրկեց ու կանգնեց հեռու:

19 Մարդիկ ասացին Մովսէսին. «Դո՛ւ խօսիր մեզ հետ, եւ մենք կը հնազանդուենք: Աստուած թող չխօսի մեզ հետ, թէ չէ կարող ենք մեռնել:

20 Մովսէսն ասաց նրանց. «Սրտապնդուեցէ՛ք, որովհետեւ Աստուած ձեզ փորձելու համար եկաւ ձեզ մօտ, որպէսզի նրա երկիւղը լինի ձեր մէջ, եւ դուք մեղք չգործէք»:

21 Ժողովուրդը լեռից հեռու էր կանգնած, իսկ Մովսէսը մտաւ մառախուղի մէջ, ուր գտնւում էր Աստուած:

22 Տէրն ասաց Մովսէսին. «Այսպէս կ՚ասես Յակոբի սերնդին եւ կը հաղորդես Իսրայէլի որդիներին. «Դուք ինքներդ տեսաք, որ ես երկնքից խօսեցի ձեզ հետ:

23 Ձեզ համար ոսկէ ու արծաթէ աստուածներ չպատրաստէք:

24 Ինձ համար հողաշէն զոհասեղան կը պատրաստէք եւ դրա վրայ, ամէն տեղ, ուր կը դնեմ իմ անունը, կը մատուցէք ձեր ողջակէզներն ու ձեր խաղաղութեան զոհերը, ձեր ոչխարներն ու ձեր արջառները: Ես կը գամ քեզ մօտ ու կ՚օրհնեմ քեզ:

25 Իսկ եթէ զոհասեղանը քարից կառուցես, դրա քարերը յղկուած թող չլինեն, որովհետեւ եթէ քո ձեռքի գործիքը դիպցնես դրան, ապա դա պղծուած կը լինի:

26 Իմ զոհասեղանի վրայ աստիճաններով չբարձրանաս, որպէսզի դրա վրայ քո ամօթոյքը չերեւայ»:

   

IBhayibheli

 

Առաքյալների գործերը 20

Funda

   

1 Աղմուկին դադրելէն ետք՝ Պօղոս իրեն կանչեց աշակերտները, ու բարեւելով զանոնք՝ մեկնեցաւ որ Մակեդոնիա երթայ:

2 Այդ վայրերը շրջելէ եւ շատ խօսքերով զանոնք յորդորելէ ետք՝ Յունաստան գնաց,

3 ու երեք ամիս հոն կեցաւ: Երբ պիտի նաւարկէր դէպի Սուրիա՝ Հրեաները դաւադրեցին իրեն դէմ. ուստի որոշեց վերադառնալ՝ Մակեդոնիայէն անցնելով:

4 Բերիացի (Պիռոսի որդին) Սոպատրոս՝ մինչեւ Ասիա իրեն հետ գնաց, նաեւ Թեսաղոնիկեցիներէն՝ Արիստարքոս ու Սեկունդոս, Գայիոս Դերբացին, Տիմոթէոս, իսկ Ասիայէն՝ Տիւքիկոս եւ Տրոփիմոս:

5 Ասոնք նախապէս գացին ու Տրովադայի մէջ սպասեցին մեզի:

6 Մենք ալ՝ Բաղարջակերքի օրերէն ետք՝ Փիլիպպէէն նաւարկեցինք, հինգ օրուան մէջ հասանք Տրովադա՝ անոնց քով, ու հոն կեցանք եօթը օր:

7 Մէկշաբթի օրը, երբ հաւաքուած էինք՝՝ հաց կտրելու, Պօղոս կը քարոզէր անոնց, որովհետեւ հետեւեալ օրը պիտի մեկնէր. ու խօսքը երկարեց մինչեւ կէս գիշեր:

8 Շատ լապտերներ կային այն վերնատունը՝ ուր մենք հաւաքուած էինք:

9 Երիտասարդ մը՝ Եւտիքոս անունով, որ պատուհանին մէջ նստած էր, մտաւ խորունկ քունի մէջ: Երբ Պօղոս երկարեց քարոզը, ան՝ տարուած քունէն՝ ինկաւ երրորդ յարկէն վար, ու մեռած վերցուցին զայն:

10 Պօղոս վար իջաւ, ինկաւ անոր վրայ, գրկեց զայն եւ ըսաւ. «Մի՛ վրդովիք, որովհետեւ անոր հոգին իր մէջն է»:

11 Ուստի՝ երբ վեր ելաւ՝ կտրեց հացը, ճաշակեց, ու երկար խօսեցաւ՝ մինչեւ առտու. յետոյ մեկնեցաւ:

12 Իսկ այդ պատանին ողջ բերին, եւ չափազանց մխիթարուեցան:

13 Իսկ մենք՝ նախապէս նաւ մտնելով՝ մեկնեցանք դէպի Ասոս, ուրկէ պիտի առնէինք Պօղոսը, որովհետեւ ա՛յդպէս պատուիրած էր. քանի որ ինք պիտի երթար ցամաքով:

14 Երբ Ասոսի մէջ միացաւ մեզի, առինք զինք եւ գացինք Միտիլինէ:

15 Անկէ ալ նաւարկելով՝ հետեւեալ օրը հասանք Քիոսի դիմաց. միւս օրը հասանք Սամոս, ու գիշերը մնալով Տրոգիլիոն՝ յաջորդ օրը գացինք Միլետոս:

16 Արդարեւ Պօղոս որոշած էր նաւարկել Եփեսոսի քովէն, որովհետեւ չէր ուզեր ժամանակ անցընել Ասիայի մէջ, քանի որ կ՚աճապարէր Երուսաղէմ ըլլալ Պենտեկոստէի օրը՝ եթէ կարելի ըլլար իրեն:

17 Ուստի Միլետոսէն մարդ ղրկեց Եփեսոս, ու կանչեց եկեղեցիին երէցները:

18 Երբ եկան իր քով, ըսաւ անոնց. «Դուք գիտէ՛ք թէ ի՛նչպէս վարուեցայ ձեզի հետ ամբողջ ժամանակը, առաջին օրէն ի վեր երբ Ասիա եկայ,

19 ծառայելով Տէրոջ լման խոնարհութեամբ, եւ շատ արցունքով ու փորձութիւններով՝ որոնք պատահեցան ինծի Հրեաներուն դաւադրութիւններով.

20 ի՛նչպէս չընկրկեցայ օգտակար բաներէն որեւէ մէկը հաղորդելէ եւ սորվեցնելէ ձեզի՝ հրապարակաւ ու տուներու մէջ,

21 վկայելով թէ՛ Հրեաներուն եւ թէ Յոյներուն՝ դէպի Աստուած ապաշխարութեան ու մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի հանդէպ հաւատքին մասին:

22 Եւ հիմա ահա՛ կ՚երթամ Երուսաղէմ՝ հոգիով կապուած, ու չեմ գիտեր թէ հոն ի՛նչ պիտի պատահի ինծի.

23 սակայն Սուրբ Հոգին կը վկայէ ամէն քաղաքի մէջ, եւ կ՚ըսէ թէ կապեր ու տառապանքներ կը սպասեն ինծի:

24 Բայց ես ո՛չ մէկ բան կը հաշուեմ, ո՛չ ալ ինծի համար պատուական կը նկատեմ՝՝ իմ անձս, որպէսզի ուրախութեամբ աւարտեմ ընթացքս, նաեւ այն սպասարկութիւնը որ ստացայ Տէր Յիսուսէն՝ վկայ ըլլալու Աստուծոյ շնորհքի աւետարանին:

25 Ու հիմա ահա՛ ես գիտեմ թէ դուք բոլորդ՝ որոնց մէջ շրջեցայ Աստուծոյ թագաւորութիւնը քարոզելով, ա՛լ իմ երեսս պիտի չտեսնէք:

26 Ուստի այսօր կը վկայեմ ձեզի թէ ես անպարտ եմ բոլորին արիւնէն.

27 որովհետեւ չընկրկեցայ Աստուծոյ ամբողջ ծրագիրը հաղորդելէ ձեզի:

28 Ուրեմն ուշադի՛ր եղէք դուք ձեզի եւ ամբողջ հօտին, որուն վրայ Սուրբ Հոգին տեսուչ դրաւ ձեզ՝ հովուելու Աստուծոյ եկեղեցին, որ ստացաւ իր արիւնով:

29 Քանի որ գիտեմ թէ իմ մեկնումէս ետք՝ ձեր մէջ պիտի մտնեն յափշտակող գայլեր, որոնք պիտի չխնայեն հօտին:

30 Ու ձեզմէ ալ պիտի ելլեն այնպիսի՛ մարդիկ, որոնք պիտի խօսին խոտոր բաներ՝ քաշելու համար աշակերտները իրենց ետեւէն:

31 Ուստի արթո՛ւն կեցէք, եւ յիշեցէ՛ք թէ երեք տարի, գիշեր ու ցերեկ, չդադրեցայ ձեզմէ իւրաքանչիւրը արցունքով խրատելէ:

32 Եւ հիմա, եղբայրնե՛ր, կը յանձնեմ ձեզ Աստուծոյ ու անոր շնորհքի խօսքին, որ կարող է շինել եւ ձեզի ժառանգութիւն տալ՝ բոլոր սրբացածներուն հետ:

33 Ո՛չ մէկուն արծաթին, կամ ոսկիին, կամ պատմուճանին ցանկացի:

34 Դուք ձեզմէ գիտէք թէ այս ձեռքե՛րս հոգացին իմ ու ինծի հետ եղողներուն կարիքները:

35 Ամէն բան ցոյց տուի ձեզի, թէ ա՛յսպէս պէտք է աշխատիլ եւ օգնել տկարներուն, ու յիշել Տէր Յիսուսի խօսքը՝ որ ի՛նք ըսաւ. “Աւելի՛ երանելի է տա՛լը՝ քան ստանալը”»:

36 Երբ այսպէս խօսեցաւ, ծնրադրեց եւ բոլորին հետ աղօթեց:

37 Բոլորն ալ շատ լացին, ու Պօղոսի վիզին վրայ իյնալով՝ համբուրեցին զայն:

38 Կը մորմոքէին մա՛նաւանդ այն խօսքին համար, որ ըսաւ թէ ա՛լ պիտի չտեսնէին իր երեսը: Եւ ուղեկցեցան անոր մինչեւ նաւը: