ബൈബിൾ

 

Ծննդոց 35

പഠനം

   

1 Աստուած ասաց Յակոբին. «Վե՛ր կաց գնա՛ բնակավայրդ՝ Բեթէլ, բնակուի՛ր այդ վայրում եւ այնտեղ զոհասեղան կառուցի՛ր Աստծուն, որ երեւաց քեզ քո եղբայր Եսաւից փախչելու ժամանակ»:

2 Յակոբն ասաց իր տնեցիներին ու իր հետ եղած բոլոր մարդկանց. «Վերացրէ՛ք ձեր միջից ձեզ մօտ եղած օտար աստուածները, մաքրուեցէ՛ք, փոխեցէ՛ք ձեր զգեստները,

3 որ վեր կենանք գնանք Բեթէլ, այնտեղ զոհասեղան կառուցենք Աստծուն, որը լսեց ինձ նեղ օրերին, ինձ հետ եղաւ եւ ինձ պահպանեց իմ ուղեւորութեան ընթացքում»:

4 Նրանք Յակոբին յանձնեցին իրենց մօտ եղած օտար աստուածներն ու իրենց ականջօղերը: Յակոբը դրանք թաղեց բեւեկնի ծառի տակ, Սիկիմում, այնպէս, որ դրանք կորած են մինչեւ այսօր:

5 Իսրայէլը չուեց Սիկիմից: Աստծու երկիւղը պատեց դրա շուրջը գտնուող քաղաքները, եւ նրանց բնակիչները չհետապնդեցին Իսրայէլի որդիներին:

6 Յակոբն ինքը եւ իր հետ եղած ամբողջ ժողովուրդը եկան Լուզ, այսինքն՝ Բեթէլ, որը գտնւում է Քանանացիների երկրում:

7 Նա այնտեղ զոհասեղան շինեց, եւ այդ վայրը կոչեց Բեթէլ, որովհետեւ այնտեղ էր, որ Աստուած երեւացել էր նրան, երբ նա փախչում էր իր եղբայր Եսաւից:

8 Մեռաւ Դեբորան՝ Ռեբեկայի դայեակը, եւ թաղուեց Բեթէլից ներքեւ, կաղնու տակ: Յակոբն այդ վայրի անունը դրեց Սգոյ կաղնի:

9 Աստուած երեւաց Յակոբին, երբ սա Լուզում էր: Երբ Յակոբը Ասորիների Միջագետքից եկաւ Լուզ, Աստուած օրհնելով նրան՝

10 ասաց. «Քո անունը Յակոբ է, բայց այլեւս Յակոբ չես կոչուելու, այլ Իսրայէլ կը լինի քո անունը»: Եւ նա կոչուեց Իսրայէլ:

11 Աստուած ասաց նրան. «Ես եմ քո ամենակարող Աստուածը: Աճի՛ր եւ բազմացի՛ր: Ցեղեր ու ցեղախմբեր պիտի ծնուեն քեզնից, եւ թագաւորներ պիտի ելնեն քո կողից:

12 Այն երկիրը, որ տուել եմ Աբրահամին ու Իսահակին, քեզ եմ տալու, քոնը թող լինի: Քեզնից յետոյ քո սերնդին եմ տալու այդ երկիրը»:

13 Եւ Աստուած վերացաւ նրանից, այն վայրից, որտեղ խօսել էր նրա հետ,

14 իսկ Յակոբը կոթող կանգնեցրեց այն տեղում, որտեղ խօսել էր նրա հետ, քարէ կոթող, նրա վրայ գինի թափեց, իւղով օծեց կոթողը

15 եւ այն տեղը, որտեղ Աստուած խօսել էր իր հետ, կոչեց Բեթէլ:

16 Նա գնաց Բեթէլից, եւ երբ մօտեցաւ Քաբրաթա երկրին, որ մտնի Եփրաթա, Ռաքէլը ծննդաբերեց:

17 Նրա ծննդաբերութիւնը դժուարին եղաւ, եւ երկունքի ժամանակ մանկաբարձն ասաց նրան. «Արիացի՛ր, որովհետեւ էլի տղայ ես ունենում»:

18 Հոգին աւանդելիս, քանի որ մեռնում էր, նա որդու անունը դրեց Իմ վշտերի որդի, իսկ հայրը նրան կոչեց Բենիամին:

19 Մեռաւ Ռաքէլն ու թաղուեց Եփրաթայի՝ նոյն ինքը Բեթղեհէմի ճանապարհի վրայ:

20 Յակոբը նրա շիրիմի վրայ կոթող կանգնեցրեց: Դա մինչեւ այսօր էլ յայտնի է իբրեւ Ռաքէլի շիրիմի կոթող:

21 Իսրայէլը գնաց եւ իր վրանը խփեց Գադերի աշտարակից այն կողմ:

22 Երբ Իսրայէլը բնակուեց այդ երկրում, Ռուբէնը գնաց ու պառկեց իր հօր հարճի՝ Բալլայի հետ: Իսրայէլն իմացաւ, եւ այդ բանը վատ թուաց նրան: Յակոբն ունէր տասներկու որդի:

23 Լիայից ծնուած որդիներն էին՝ Յակոբի անդրանիկ որդին՝ Ռուբէնը, Շմաւոնը, Ղեւին, Յուդան, Իսաքարը, Զաբուղոնը:

24 Ռաքէլից ծնուած որդիներն էին՝ Յովսէփն ու Բենիամինը: Ռաքէլի նաժիշտ Բալլայից ծնուած որդիներն էին՝ Դանն ու Նեփթաղիմը:

25 Լիայի նաժիշտ Զելփայից ծնուած որդիներն էին՝ Գադն ու Ասերը:

26 Ահա սրանք են Յակոբի որդիները, որ նա ունեցաւ Ասորիների Միջագետքում:

27 Յակոբը եկաւ իր հայր Իսահակի մօտ, Մամբրէի կողմերում դաշտային մի քաղաք, այսինքն՝ Քեբրոն, որ գտնւում է Քանանացիների երկրում, ուր պանդխտեցին Աբրահամն ու Իսահակը:

28 Իսահակն ապրեց հարիւր ութսուն տարի:

29 Իսահակը հոգին աւանդեց ու մեռաւ տարիքն առած, խոր ծերութեան մէջ, նա գնաց միացաւ իր նախնիներին: Նրան թաղեցին իր որդիները՝ Եսաւն ու Յակոբը:

   

ബൈബിൾ

 

Հայտնություն 7

പഠനം

   

1 Ասկէ ետք տեսայ չորս հրեշտակներ, որ կայնած էին երկրի չորս անկիւնները ու բռնած էին երկրի չորս հովերը, որպէսզի հով չփչէ՝ ո՛չ երկրի վրայ, ո՛չ ծովու վրայ, ո՛չ ալ ծառի մը վրայ:

2 Տեսայ նաեւ ուրիշ հրեշտակ մը, որ բարձրացաւ արեւելքէն եւ ունէր ապրող Աստուծոյ կնիքը: Ան բարձրաձայն աղաղակեց այն չորս հրեշտակներուն, որոնց իշխանութիւն տրուած էր վնասելու երկրին ու ծովուն.

3 «Մի՛ վնասէք՝ ո՛չ երկրին, ո՛չ ծովուն, ո՛չ ալ ծառերուն, մինչեւ որ կնքենք մեր Աստուծոյն ծառաներուն ճակատը»:

4 Լսեցի կնքուածներուն թիւը.- հարիւր քառասունչորս հազար կնքուած՝ Իսրայէլի որդիներուն բոլոր տոհմերէն.

5 Յուդայի տոհմէն՝ տասներկու հազար կնքուած, Ռուբէնի տոհմէն՝ տասներկու հազար կնքուած, Գադի տոհմէն՝ տասներկու հազար կնքուած,

6 Ասերի տոհմէն՝ տասներկու հազար կնքուած, Նեփթաղիմի տոհմէն՝ տասներկու հազար կնքուած, Մանասէի տոհմէն՝ տասներկու հազար կնքուած,

7 Շմաւոնի տոհմէն՝ տասներկու հազար կնքուած, Ղեւիի տոհմէն՝ տասներկու հազար կնքուած, Իսաքարի տոհմէն՝ տասներկու հազար կնքուած,

8 Զաբուղոնի տոհմէն՝ տասներկու հազար կնքուած, Յովսէփի տոհմէն՝ տասներկու հազար կնքուած, Բենիամինի տոհմէն՝ տասներկու հազար կնքուած:

9 Ասկէ ետք տեսայ, եւ ահա՛ մեծ բազմութիւն մը կար, որ ո՛չ մէկը կրնար համրել, բոլոր ազգերէն, տոհմերէն, ժողովուրդներէն ու լեզուներէն: Անոնք կայնած էին գահին առջեւ եւ Գառնուկին առջեւ՝ հագած ճերմակ պարեգօտներ ու արմաւենիներ բռնած իրենց ձեռքերուն մէջ,

10 եւ բարձրաձայն կ՚աղաղակէին. «Փրկութիւնը մեր Աստուծոյնն է՝ որ կը բազմի գահին վրայ, նաեւ՝ Գառնուկինը»:

11 Բոլոր հրեշտակները, որ կայնած էին գահին, երէցներուն ու չորս էակներուն շուրջը, ինկան իրենց երեսին վրայ՝ գահին առջեւ, եւ երկրպագեցին Աստուծոյ՝

12 ըսելով. «Ամէ՛ն. օրհնաբանութի՜ւն, փա՜ռք, իմաստութի՜ւն, շնորհակալութի՜ւն, պատի՜ւ, զօրութի՜ւն ու կարողութի՜ւն մեր Աստուծոյն՝ դարէ դար՝՝: Ամէն»:

13 Երէցներէն մէկը ըսաւ ինծի. «Ո՞վ են ասոնք՝ որ հագած են ճերմակ պարեգօտներ, եւ ուրկէ՞ եկած են»:

14 Ես ալ ըսի անոր. «Տէ՛ր, դո՛ւն գիտես»: Ան ալ ըսաւ ինծի. «Ասոնք մեծ տառապանքէն եկողներն են, որ լուացին իրենց պարեգօտները ու ճերմկցուցին զանոնք Գառնուկին արիւնով:

15 Ուստի Աստուծոյ գահին առջեւ են, եւ կը պաշտեն զինք ցերեկ ու գիշեր՝ իր տաճարին մէջ. եւ գահին վրայ բազմողը պիտի բնակի անոնց մէջ:

16 Այլեւս ո՛չ պիտի անօթենան, ո՛չ պիտի ծարաւնան, ո՛չ ալ արեւը կամ որեւէ տօթ պիտի իյնայ անոնց վրայ.

17 որովհետեւ Գառնուկը՝ որ գահին մէջտեղն է՝ պիտի հովուէ զանոնք, պիտի առաջնորդէ զանոնք դէպի կենարար ջուրերու աղբիւրները, եւ Աստուած բոլոր արցունքները պիտի սրբէ անոնց աչքերէն»: