Bible

 

Ելք 32

Studie

   

1 Ժողովուրդը տեսնելով, որ Մովսէսն ուշացաւ լեռից իջնելու, հաւաքուեց Ահարոնի մօտ ու ասաց նրան. «Դե՛հ, մեզ առաջնորդող աստուածներ ստեղծի՛ր, որովհետեւ չգիտենք, թէ ինչ եղաւ այն մարդը՝ Մովսէսը, որ մեզ Եգիպտոսից դուրս բերեց»:

2 Ահարոնն ասաց նրանց. «Ձեր կանանց, ձեր տղաների ու աղջիկների ականջներից հանեցէ՛ք ոսկէ գինդերը եւ բերէ՛ք ինձ»:

3 Բոլորը իրենց ականջներից հանեցին ոսկէ գինդերը եւ բերեցին տուեցին Ահարոնին:

4 Ահարոնը դրանք առնելով նրանցից՝ կաղապարի մէջ ձուլեց եւ կերտեց ձուլածոյ մի հորթ: Նրանք ասացին. «Սա՛ է քո աստուածը, Իսրայէ՛լ, որ քեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից»:

5 Երբ Ահարոնն այդ տեսաւ, կուռքի առաջ զոհասեղան շինեց: Ահարոնը յայտարարեց. «Վաղը Տիրոջ տօնն է»:

6 Առաւօտեան վեր կենալով՝ նա ողջակէզներ արեց եւ փրկութեան զոհեր մատուցեց: Ժողովուրդը նստեց, որ կերուխում անի, ապա վեր կացաւ, որ պարի:

7 Տէրը Մովսէսին ասաց. «Շո՛ւտ արա, գնա իջի՛ր այստեղից, որովհետեւ անօրինութիւն է կատարում քո ժողովուրդը, որին դուրս բերեցիր Եգիպտացիների երկրից:

8 Նրանք շատ շուտ շեղուեցին այն ճանապարհից, որ ցոյց տուեցիր նրանց: Նրանք ձուլածոյ հորթ են կերտել, երկրպագում են նրան, զոհեր մատուցում ու ասում. «Սա՛ է քո աստուածը, Իսրայէ՛լ, որ քեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից»:

9 Տէրն ասաց Մովսէսին. «Ես տեսնում եմ, որ այս ժողովուրդը կամակոր է:

10 Արդ, թո՛յլ տուր ինձ, որ նրանց վրայ թափեմ իմ զայրոյթը՝ կոտորեմ նրանց, իսկ քեզ մեծ ազգ դարձնեմ»:

11 Մովսէսն աղաչեց իր տէր Աստծուն՝ ասելով. «Տէ՛ր, ինչո՞ւ ես այդպէս խիստ զայրանում քո ժողովրդի վրայ, որին քո մեծ զօրութեամբ ու հզօր բազկով դուրս բերեցիր Եգիպտացիների երկրից:

12 Այնպէս չլինի, որ եգիպտացիներն ասեն. «Չար մտադրութեամբ դուրս բերեց նրանց, որպէսզի լեռների վրայ կոտորի, երկրի երեսից վերացնի նրանց»: Մեղմացրո՛ւ քո զայրոյթը, հրաժարուի՛ր քո ժողովրդին չարիք պատճառելուց:

13 Յիշի՛ր քո ծառաներ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին, որոնց անձովդ երդուեցիր, խօսեցիր նրանց հետ՝ ասելով. «Երկնքի աստղերի չափ պիտի բազմացնեմ ձեր սերունդը»: Եւ այն երկիրը, որ խոստացար տալ նրանց զաւակներին, նրանք յաւիտեան պիտի տիրանան դրան»:

14 Եւ Տէրը հրաժարուեց պատճառել այն չարիքները, որոնցով սպառնում էր պատժել ժողովրդին:

15 Մովսէսը վերադարձաւ եւ իջաւ լեռից: Նրա ձեռքին էին վկայութեան երկու տախտակները: Քարէ տախտակների երկու երեսին՝ այս ու այն կողմից գրուած էր:

16 Տախտակներն Աստծու գործն էին, իսկ տախտակների վրայ գրուած գիրը Աստծու արձանագրած գիրն էր:

17 Յեսուն, լսելով աղաղակող ժողովրդի ձայնը, Մովսէսին ասաց. «Բանակատեղիից պատերազմի ձայն է գալիս»:

18 Մովսէսն ասաց. «Դա ո՛չ յաղթանակած կտրիճների ճիչ է, ո՛չ էլ պարտուած զօրքի աղաղակ: Գինուց ընդարմացած մարդկանց ձայնն է, որ լսում եմ ես»:

19 Երբ Մովսէսը մօտեցաւ բանակատեղիին եւ տեսաւ հորթն ու պարողներին, խիստ զայրացաւ, նետեց ձեռքում եղած երկու տախտակներն ու ջարդուփշուր արեց դրանք լերան ստորոտին:

20 Վերցնելով նրանց կերտած հորթը՝ Մովսէսը կրակը նետեց այն, ապա մանրեց, փոշու վերածեց, փոշին խառնեց ջրի մէջ ու տուեց ժողովրդին, որ խմի:

21 Մովսէսն ասաց Ահարոնին. «Ի՞նչ է արել քեզ այս ժողովուրդը, որ նրան այդպիսի մեծ մեղքերի մղեցիր»:

22 Ահարոնն ասաց Մովսէսին. «Մի՛ զայրացիր, տէ՛ր իմ, որովհետեւ դու ինքդ էլ գիտես, որ քո ժողովուրդը չարամէտ է:

23 Նրանք ասացին. «Մեզ համար առաջնորդող աստուածներ ստեղծիր, որովհետեւ չգիտենք, թէ ինչ պատահեց այն մարդուն՝ Մովսէսին, որը Եգիպտոսից դուրս բերեց Մեզ»:

24 Ես նրանց ասացի. «Եթէ որեւէ մէկը ոսկի ունի, նրանից հանեցէ՛ք դա եւ բերէ՛ք»: Նրանք ինձ տուեցին ոսկին, ես այն նետեցի կրակը, եւ ահա ստացուեց այս հորթը»:

25 Մովսէսը տեսաւ, որ ժողովուրդը պատուիրանազանց է եղել, որովհետեւ Ահարոնը նրանց յանցագործութեան էր մղել ի չարախնդութիւն իրենց թշնամիների:

26 Մովսէսը, կանգնելով բանակատեղիի մուտքի մօտ, ասաց. «Ով Տիրոջն է պատկանում, ինձ մօտենայ»: Նրա շուրջը հաւաքուեցին Ղեւիի բոլոր որդիները:

27 Մովսէսը նրանց ասաց. «Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. «Իւրաքանչիւրը իր սուրը թող կապի իր ազդրին: Բանակատեղիի մի մուտքից միւսը գնացէք-եկէք, եւ ձեզնից իւրաքանչիւրը թող սպանի իր եղբօրը, իւրաքանչիւրը՝ իր ընկերոջը, իւրաքանչիւրը՝ իր մերձաւորին»:

28 Ղեւիի որդիներն արեցին այնպէս, ինչպէս ասել էր Մովսէսը: Այդ օրը ժողովրդի միջից շուրջ երեք հազար մարդ կոտորուեց:

29 Մովսէսն ասաց նրանց. «Այսօր իւրաքանչիւրդ ձեր ձեռքով ծառայեցիք Տիրոջը. մէկն սպանեց իր որդուն, միւսն՝ իր եղբօրը, որի համար Այսօր ձեզ վրայ կ՚իջնի Տիրոջ օրհնութիւնը»:

30 Յաջորդ օրը Մովսէսն ասաց ժողովրդին. «Դուք մեծ մեղք էք գործել, բայց ես հիմա կը բարձրանամ Աստծու մօտ, որպէսզի ձեր մեղքերի համար քաւութիւն խնդրեմ նրանից»:

31 Մովսէսը վերադարձաւ Տիրոջ մօտ ու ասաց նրան. «Աղաչում եմ քեզ, Տէ՛ր, այդ ժողովուրդը մեծ մեղք է գործել, որովհետեւ իր համար ոսկէ աստուածներ է կերտել: Արդ, եթէ ներելու ես իրենց մեղքերը, ների՛ր,

32 իսկ եթէ չես ներելու, ուրեմն իմ անունը ջնջի՛ր քո մատեանից, ուր գրել ես ինձ»:

33 Տէրն ասաց Մովսէսին. «Ես իմ մատեանից կը ջնջեմ նրան, ով մեղանչել է իմ դէմ:

34 Բայց հիմա գնա՛, իջի՛ր եւ այդ ժողովրդին առաջնորդի՛ր այն վայրը, որի մասին ասել եմ քեզ: Իմ հրեշտակը կը գնայ քո առաջից: Այն օրը, սակայն, երբ պիտի այցելեմ ձեզ, նրանց մեղքերը իրենց վրայ պիտի դնեմ»:

35 Եւ Տէրը ժողովրդին պատուհասեց այն հորթի համար, որ կերտել էր Ահարոնը:

   

Bible

 

Ծննդոց 18

Studie

   

1 Աստուած Աբրահամին երեւաց Մամբրէի կաղնու մօտ, երբ սա կէսօրին դեռ նստած էր իր վրանի դռան մօտ:

2 Աբրահամը բարձրացրեց աչքերը եւ իր դիմաց տեսաւ երեք տղամարդկանց: Տեսնելով նրանց՝ նա իր վրանի դռան մօտից ընդառաջ գնաց, գլուխը խոնարհեց մինչեւ գետին ու ասաց նրանց.

3 «Տէ՛ր, եթէ շնորհ գտայ քո առաջ, քո ծառային անտես մի՛ արա,

4 թող մի քիչ ջուր բերեն, լուան ձեր ոտքերը, ապա հովացէ՛ք ծառի տակ:

5 Հաց բերեմ, կերէ՛ք եւ ապա գնացէ՛ք ձեր ճանապարհով, որովհետեւ ձեր ծառայի մօտ գալու համար շեղեցիք ձեր ճանապարհը»: Նրանք պատասխանեցին. «Արա՛ այնպէս, ինչպէս ասացիր»:

6 Աբրահամն շտապեց դէպի վրանը՝ Սառայի մօտ, եւ ասաց նրան. «Շտապի՛ր, երեք գրիւ ընտիր ալիւր հունցի՛ր ու նկանակ պատրաստի՛ր»:

7 Աբրահամը գնաց դէպի նախիր, վերցրեց մի մատղաշ, լաւ հորթ, տուեց ծառային ու շտապեցրեց, որ կերակուր պատրաստի:

8 Նա վերցրեց կարագ, կաթ ու հորթի մսից պատրաստուած կերակուրը եւ դրեց նրանց առաջ: Նրանք կերան, իսկ ինքը կանգնած մնաց նրանց առաջ, ծառի տակ:

9 Նրանք հարցրին. «Ու՞ր է քո կին Սառան»: Նա պատասխանեց. «Վրանում է»:

10 Նրանցից մէկն ասաց. «Ես եկող տարի նոյն այս օրերին կը գամ քեզ մօտ եւ քո կին Սառան որդի կ՚ունենայ»: Սառան ականջ էր դնում վրանի դռանը՝ նրա ետեւում կանգնած:

11 Աբրահամն ու Սառան ծերացել էին, նրանց տարիքն առաջացել էր, եւ Սառան կորցրել էր ծննդաբերելու յատկութիւնը:

12 Ծիծաղեց Սառան իր մտքում եւ ասաց. «Այն, ինչ մինչեւ այժմ չկարողացայ անել, հիմա՞ պիտի կարողանամ: Իսկ իմ ամուսինն էլ ծերացել է»:

13 Տէրն ասաց Աբրահամին. «Այդ ինչո՞ւ է ծիծաղում Սառան իր մտքում եւ ասում, թէ՝ «Իրօ՞ք կը ծնեմ, չէ՞ որ ես պառաւել եմ»:

14 Մի՞թէ Աստծու համար անկարելի բան կայ: Եկող տարի այս ժամանակ՝ այս օրերին ես կը վերադառնամ քեզ մօտ, եւ Սառան որդի կ՚ունենայ»:

15 Ժխտեց Սառան՝ ասելով. «Ես չծիծաղեցի»: Նա վախեցել էր: Տէրը ասաց. «Ո՛չ, այդպէս չէ, ծիծաղեցիր»:

16 Նրանք այդտեղից վեր կենալով ճանապարհ ընկան դէպի Սոդոմացւոց ու Գոմորացւոց երկիրը, իսկ Աբրահամը գնաց նրանց ճանապարհելու:

17 Տէրն ասաց. «Մի՞թէ ես իմ ծառայ Աբրահամից գաղտնի պիտի պահեմ այն, ինչ անելու եմ:

18 Աբրահամը, հաստատապէս, մեծ եւ բազմանդամ ազգի նախահայր է լինելու, եւ նրա միջոցով պիտի օրհնուեն երկրի բոլոր ազգերը.

19 որովհետեւ ես գիտէի, որ նա իր որդիներին ու իր յետնորդներին կը պատուիրի, որ նրանք Տիրոջ ճանապարհով ընթանան՝ պահպանելով արդարութիւնն ու իրաւունքը: Տէր Աստուած կը կատարի այն ամէնը, ինչ խոստացել է Աբրահամին»:

20 Այնուհետեւ Տէրն ասաց. «Սոդոմացիների ու գոմորացիների աղաղակը ահագնացել, հասել է ինձ. նրանց մեղքերը խիստ շատացել են:

21 Արդ, իջնեմ տեսնեմ, թէ ինձ. հասած նրանց աղաղակը համապատասխանո՞ւմ է նրանց կատարածին, թէ՞ ոչ: Այդ եմ ուզում գիտենալ»:

22 Այնտեղից շրջուելով՝ այդ մարդիկ եկան Սոդոմ: Աբրահամը կանգնած էր Տիրոջ դիմաց:

23 Աբրահամը մօտեցաւ Տիրոջն ու ասաց. «Մի՞թէ դու արդարին ամբարշտի հետ կ՚ոչնչացնես, եւ արդարը նոյն բանին կ՚ենթարկուի, ինչ որ ամբարիշտը:

24 Եթէ քաղաքում յիսուն արդար լինի, կ՚ոչնչացնե՞ս նրանց, չե՞ս խնայի ամբողջ քաղաքը յանուն այնտեղ գտնուող յիսուն արդարների:

25 Քա՛ւ լիցի, չանես այդ բանը՝ արդարին սպանես ամբարշտի հետ, եւ արդարը ենթարկուի նոյն բանին, ինչ որ ամբարիշտը: Ո՛չ, դու, որ դատում ես ամբողջ աշխարհը, այդպիսի դատաստան չես անի»:

26 Տէրն ասաց. «Եթէ Սոդոմում՝ այդ քաղաքում գտնուի յիսուն արդար, յանուն նրանց ես կը խնայեմ ամբողջ քաղաքը»:

27 Պատասխան տուեց Աբրահամն ու ասաց. «Հիմա համարձակւում եմ խօսել Տիրոջ հետ, թէեւ ես հող եմ ու մոխիր:

28 Իսկ եթէ յիսուն արդարները պակասեն հինգ հոգով, այդ հնգի պատճառով դարձեա՞լ կը կործանես ողջ քաղաքը»: Տէրն ասաց. «Չեմ կործանի, եթէ այնտեղ գտնուի քառասունհինգ արդար»:

29 Աբրահամը շարունակեց խօսել նրա հետ ու ասաց. «Իսկ եթէ այնտեղ գտնուի քառասո՞ւն»: Նա ասաց. «Չեմ կործանի յանուն այդ քառասունի»:

30 Աբրահամն ասաց. «Տէ՛ր, ինձ որեւէ բան կը պատահի՞, եթէ շարունակեմ խօսել. իսկ եթէ այնտեղ գտնուի երեսո՞ւն»: Տէրը պատասխանեց. «Չեմ կործանի, եթէ այնտեղ գտնուի երեսուն»:

31 Աբրահամն ասաց. «Քանի սկսել եմ խօսել Տիրոջ հետ, ասեմ. իսկ եթէ այնտեղ գտնուի քսա՞ն»: Տէրը պատասխանեց. «Չեմ կործանի յանուն այդ քսանի»:

32 Աբրահամն ասաց. «Տէ՛ր, ինձ որեւէ բան կը պատահի՞, եթէ դարձեալ խօսեմ. իսկ եթէ այնտեղ գտնուի տա՞սը»: Տէրը պատասխանեց. «Չեմ կործանի յանուն տասի»:

33 Եւ Տէրը, վերջացնելով Աբրահամի հետ խօսակցութիւնը, գնաց, իսկ Աբրահամը վերադարձաւ իր բնակատեղին: