Bible

 

Ելք 29

Studie

   

1 «Ահա թէ ինչպէս կը վարուես նրանց հետ: Կը սրբագործես նրանց, որպէսզի ինձ համար քահանայութիւն անեն: Հօտից կը վերցնես ոչ արատաւոր մի զուարակ եւ ոչ արատաւոր երկու խոյ,

2 նաեւ բաղարջ հաց, իւղով հունցուած բաղարջ կարկանդակներ ու իւղով շաղուած բաղարջ բլիթներ: Այդ բոլորը իւղով հունցուած ընտիր ալիւրով կը պատրաստես:

3 Դրանք կը դնես մի սկուտեղի վրայ եւ սկուտեղով էլ կը նուիրաբերես դրանք, ինչպէս նաեւ զուարակն ու երկու խոյերը:

4 Ահարոնին ու նրա որդիներին կը բերես վկայութեան խորանի դռան մօտ եւ նրանց կը լուանաս ջրով:

5 Զգեստներն առնելով՝ քո եղբայր Ահարոնի ներքնազգեստի վրայ կը հագցնես երկարաւուն պատուճանը, վակասն ու լանջապանակը: Լանջապանակը կ՚ամրացնես վակասին:

6 Խոյրը կը դնես նրա գլխին, իսկ թիթեղեայ սուրբ պսակը կը դնես խոյրի վրայ:

7 Կը վերցնես օծութեան իւղից, կը քսես նրա գլխին եւ կ՚օծես նրան:

8 Մօտ կը բերես նրա որդիներին, նրանց նոյնպէս կը հագցնես զգեստները,

9 Ահարոնի ու նրա որդիների մէջքին կը կապես գօտիները, ապարօշները կը դնես նրանց գլխին եւ նրանց քահանայութիւնը ինձ համար յաւիտենական կը լինի: Այսպէս կը սրբագործես դու Ահարոնին ու նրա որդիներին:

10 Զուարակը կը բերես վկայութեան խորանի դռան մօտ, եւ Ահարոնն ու նրա որդիները վկայութեան խորանի դռան մօտ իրենց ձեռքերը կը դնեն զուարակի գլխին Տիրոջ առաջ:

11 Զուարակը կը մորթես Տիրոջ առաջ, վկայութեան խորանի դռան մօտ:

12 Կը վերցնես զուարակի արիւնից քո մատով ու կը քսես զոհասեղանի եղջիւրաձեւ անկիւններին, իսկ մնացած ամբողջ արիւնը կը հեղես զոհասեղանի յատակին:

13 Կը վերցնես փորոտիքը ծածկող ամբողջ ճարպը, լեարդի տակի բլթակը եւ երկու երիկամներն իրենց ճարպի հետ, կը դնես զոհասեղանի վրայ:

14 Զուարակի միսը, նրա մորթին ու կղկղանքը թող այրեն բանակատեղիից դուրս: Դա հէնց մեղքերի համար է:

15 Կ՚առնես խոյերից մէկը, եւ Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը կը դնեն խոյի գլխին:

16 Կը մորթես խոյը եւ վերցնելով նրա արիւնը՝ կը հեղես զոհասեղանի շուրջը:

17 Խոյը կը բաժանես մասերի, ջրով կը լուանաս նրա փորոտիքն ու ոտքերը եւ դրանք նրա գլխի հետ կը դնես կտրտած մասերի վրայ:

18 Զոհասեղանի վրայ դրուած ամբողջ խոյը կը լինի Տիրոջն առաքուած անուշահոտ ողջակէզ: Դա Տիրոջը մատուցուած զոհն է:

19 Կ՚առնես երկրորդ խոյը, եւ Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը կը դնեն խոյի գլխին:

20 Կը մորթես խոյը, կը վերցնես նրա արիւնից եւ կը քսես Ահարոնի աջ ականջի բլթակին, նրա որդիների աջ ականջի բլթակին, Ահարոնի աջ ձեռքի ծայրերին, նրա աջ ոտքի ծայրերին, նրա որդիների աջ ականջների բլթակներին, նրանց աջ ձեռքերի ծայրերին, նրանց աջ ոտքերի ծայրերին: Մնացած արիւնը կը հ»ղ»ս զոհաս»ղանի շուրջը:

21 Կ՚առնես զոհասեղանի վրայ գտնուող արիւնից ու օծութեան իւղից եւ կը ցանես Ահարոնի ու նրա զգեստների վրայ, նրա որդիների ու նրա որդիների զգեստների վրայ: Թող սրբագործուեն Ահարոնն ու իր զգեստները, նրա հետ նաեւ՝ նրա որդիներն ու նրա որդիների զգեստները: Խոյի արիւնը կը հեղես զոհաս»ղանի շուրջը:

22 Կ՚առնես խոյի ճարպը, դմակը, փորոտիքը ծածկող ճարպը, լեարդի տակի բլթակը, երկու երիկամներն իրենց ճարպի հետ եւ աջ զիստը»: Դա սրբազան նուիրագործութիւնն է:

23 «Տիրոջ առաջ դրուած բաղարջների սկուտեղից կը վերցնես մի հաց, իւղով հունցուած մի կարկանդակ ու մի բլիթ,

24 այդ ամէնը կը դնես Ահարոնի ձեռքերի վրայ, նրա որդիների ձեռքերի վրայ եւ որպէս ընծայ կը նուիրաբերես Տիրոջը:

25 Դրանք կը վերցնես նրանց ձեռքերից եւ ողջակէզների զոհասեղանի վրայ կ՚այրես իբրեւ անուշահոտ զոհ Տիրոջ առաջ»: Դա Տիրոջ համար կատարուող զոհաբերութիւն է:

26 «Կ՚առնես Ահարոնին քահանայ օծելու համար զոհուած խոյի կուրծքը եւ այն որպէս ընծայ կը նուիրաբերես Տիրոջը, իսկ մնացեալը կը լինի քո բաժինը:

27 Կը սրբագործես խոյի կուրծքը որպէս նուիրաբերութիւն, ինչպէս նաեւ՝ նրա զիստը, որը նուիրագործուեց:

28 Եւ այն ամէնը, ինչ Ահարոնի եւ նրա որդիների կողմից որպէս բաժին կը հանուի խոյից, յաւիտենական օրէնք պիտի լինի Ահարոնի եւ նրա որդիների համար իսրայէլացիների մօտ, քանզի դա է ըստ օրինի նրանց հասանելիք բաժինը: Եւ դա իսրայէլացիների՝ իրենց փրկութեան համար Տիրոջ առաջ զոհաբ»րու»լիք ընծան թող լինի:

29 Ահարոնի սրբազան զգեստները իրենից յետոյ թող պատկանեն իր որդիներին, որպէսզի նրանք օրհնուեն ու օծուեն այդ զգեստները հագած:

30 Եօթը օր այդ զգեստները թող հագնի այն քահանան, որը նրա որդիներից լինելով՝ պիտի փոխարինի նրան, որպէսզի վկայութեան խորան մտնի սրբարանում պաշտամունք կատարելու համար:

31 Կը վերցնես նուիրագործութեան խոյը եւ դրա միսը կ՚եփես մի սուրբ վայրում:

32 Ահարոնն ու նրա որդիները թող ուտեն խոյի մսից: Վկայութեան խորանի դռան մօտ թող ուտեն նաեւ սկուտեղի վրայի բաղարջ հացերը եւ

33 այն բաները, որ իրենց ձեռնադրութեան եւ սրբագործութեան որպէս քաւութիւն ծառայեցին: Որեւէ օտարական թող դրանցից չուտի, որովհետեւ դրանք սրբութիւններ են:

34 Եթէ նուիրագործութեան զոհի մսից ու հացից մնայ մինչեւ առաւօտ, ապա մնացորդները կ՚այրես կրակով. այն թող չուտուի, որովհետեւ Տիրոջ սրբութիւնն է:

35 Այն ամէնը, ինչ կարգադրում եմ քեզ Ահարոնի ու նրա որդիների վերաբերեալ, կը կատարես: Եօթը օր կը կատարես նրանց օրհնութիւնը:

36 Մեղքերի քաւութեան զուարակը կը զոհես սրբութեան օրը:

37 Զոհ մատուցելու համար զոհասեղանը պէտք է սրբագործուած լինի: Զոհասեղանը սրբագործելու համար եօթը օր պէտք է այն մաքրես, օծես, եւ զոհասեղանը կը լինի սրբութիւն սրբոց: Զոհասեղանին դիպչող ամէն ոք կը սրբագործուի»:

38 «Ահա թէ ինչ պիտի զոհես զոհասեղանի վրայ. մշտնջենապէս, ամէն օր մէկ տարեկան ոչ արատաւոր երկու գառ պիտի զոհես զոհասեղանի վրայ. դա մշտնջենական զոհաբերութիւն է լինելու:

39 Մի գառ կը զոհես առաւօտեան, իսկ երկրորդ գառը կը զոհես երեկոյեան:

40 Ամէն մի գառան հետ կը բերես նաեւ շուրջ մէկուկէս լիտր զտուած իւղ՝ շաղուած երեք կիլոգրամ ընտիր ալիւրի հետ, ինչպէս նաեւ մէկուկէս լիտր գինի իբրեւ ընծայ:

41 Երկրորդ գառը կը զոհես երեկոյեան այնպէս, ինչպէս առաւօտեան զոհուած գառը՝ բերելով նոյն ընծաները: Այն որպէս անուշահոտ զոհ կը մատուցես Տիրոջը:

42 Ձեր ազգի մէջ դա պիտի լինի վկայութեան խորանի դռան մօտ, Տիրոջ առաջ կատարուող մշտնջենական զոհաբերութիւն: Ես քեզ յայտնուելու եմ այնտեղ, որպէսզի խօսեմ քեզ հետ:

43 Այնտեղ պիտի երեւամ Իսրայէլի որդիներին ու պիտի սրբագործուեմ իմ փառքով:

44 Ես պիտի սրբագործեմ վկայութեան խորանն ու զոհասեղանը, պիտի սրբագործեմ Ահարոնին ու նրա որդիներին, որպէսզի նրանք ինձ համար քահանայութիւն անեն:

45 Ես պիտի անուանուեմ Իսրայէլի որդիների մէջ եւ պիտի լինեմ նրանց Աստուածը:

46 Նրանք պիտի գիտենան, որ ե՛ս եմ իրենց Տէր Աստուածը, որ իրենց հանեց Եգիպտացիների երկրից, որպէսզի նրանք տան իմ անունը, եւ ես լինեմ իրենց Տէր Աստուածը»:

   

Bible

 

Ելք 28

Studie

   

1 «Դու Իսրայէլի որդիներից քեզ մօտ կը բերես քո եղբայր Ահարոնին, նրա հետ նաեւ նրա որդիներին՝ Նաբադին ու Աբիուդին, Եղիազարին ու Իթամարին, որպէսզի ինձ համար քահանայութիւն անեն:

2 Ի պատիւ եւ ի փառս քո եղբայր Ահարոնի սրբազան զգեստներ կը պատրաստես:

3 Դու կը խօսես մտքով իմաստուն բոլոր մարդկանց հետ, որոնց ես իմաստութեան ոգով եմ լցրել, որ նրանք Ահարոնին սրբազան զգեստներ պատրաստեն սրբութեան համար, որոնցով էլ նա քահանայութեան պաշտօն է կատարելու ինձ համար:

4 Սրանք են այն զգեստները, որ նրանք պիտի պատրաստեն. մինչեւ ոտքի թաթերը հասնող երկարաւուն զգեստ, ուսի ու լանջի վակասներ, բեհեզէ պատմուճան, խոյր եւ գօտի: Սրբազան զգեստներ թող պատրաստեն քո եղբայր Ահարոնի ու նրա որդիների համար, որպէսզի ինձ համար քահանայութիւն անեն:

5 Նրանք թող վերցնեն ոսկի, կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւ եւ նրբահիւս բեհեզ:

6 Վակասը թող պատրաստեն մաքուր ոսկուց, կապոյտ, ծիրանի ու կարմիր նրբահիւս բեհեզից՝ այն զարդարելով նուրբ ասեղնագործութեամբ:

7 Երկու վակասները թող իրար միանան՝ Երկու կողմերից իրար կապուելով:

8 Վակասի վերեւի մասը նոյն ձեւով պէտք է պատրաստուած լինի՝ մաքուր ոսկուց, կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից:

9 Զմրուխտէ երկու ակնաքար կ՚առնես եւ դրանց վրայ կը փորագրես Իսրայէլի որդիների անունները. նրանցից վեցի անունները կը փորագրես մի ակնաքարի վրայ եւ միւս վեցինը՝ երկրորդ ակնաքարի վրայ, ըստ իրենց ցեղերի:

10 Դա ակնագործների արուեստին վայել մի գործ պէտք է լինի:

11 Իսրայէլի որդիների անունները կը քանդակես երկու ակնաքարերի վրայ այնպէս, ինչպէս կնիքներն են քանդակում: Դրանց շուրջը ոսկով կը զարդարես:

12 Երկու ակնաքարերը կը զետեղես ուսի վրայ դրուող վակասի վրայ, որպէսզի դրանք Իսրայէլի որդիների յիշատակի ակնաքարերը լինեն: Ահարոնը, ի յիշատակ նրանց, Աստծու առաջ իր Երկու ուսերի վրայ պէտք է կրի Իսրայէլի որդիների անունները:

13 Օղակ ու ճարմանդ կը պատրաստես մաքուր ոսկուց:

14 Մաքուր ոսկուց կը պատրաստես այդ երկու կապիչները, որոնք ծաղկազարդ մանուածքով հիւսկէններ պէտք է լինեն: Կապիչները կ՚ամրացնես ուսանոցի երկու օղակներին՝

15 նրանց վտաւակների մօտ, առջեւի կողմից»:

16 «Դատաստանի լանջապանակը նկարազարդ կտորից կը պատրաստես. վակասի նման՝ ոսկուց, կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից:

17 Քառակուսի կը պատրաստես այն՝ մէկ թիզ երկարութեամբ եւ մէկ թիզ լայնութեամբ:

18 Դրա վրայ ակնաքարերը կը շարես չորս շարք ընդելուզուածքով: Ակնաքարերի շարքերը այսպէս թող լինեն. առաջինը՝ զմրուխտ, սարդիոն եւ տպազիոն՝ մէկ շարք:

19 Երկրորդ շարքը՝ նռնաքար, շափիւղայ եւ յասպիս:

20 Երրորդ շարքը՝ գոճազմ, ագատ եւ սուտակ:

21 Չորրորդ շարքը՝ յակինթ, բիւրեղ եւ եղնգաքար: Դրանք թող դասաւորուեն ըստ իրենց նշուած շարքերի՝ ընդելուզուած, ոսկով ամրացուած:

22 Իսրայէլի որդիների անուններով փորագրուած ակնաքարերը թող լինեն թուով տասներկու՝ ըստ նրանց անունների թուի: Իւրաքանչիւրն ըստ այդ տասներկու ցեղերի թող ունենայ իր անունը:

23 Լանջապանակի վրայ մաքուր ոսկուց շինուած ոլորուն շղթայ կը պատրաստես:

24 Լանջապանակի վրայ երկու ոսկէ օղակներ կը պատրաստես եւ երկու օղակներ կ՚ամրացնես լանջապանակի երկու ծայրերին:

25 Երկու ոսկէ շղթաներ կ՚անցկացնես լանջապանակի ծայրին գտնուող Երկու օղակների մէջ:

26 Երկու շղթաների Երկու ծայրերը կը մտցնես Երկու օղակների մէջ եւ վակասի առջեւի կողմից տանելով՝ կ՚անցկացնես վակասի ետեւի կողմը:

27 Երկու ոսկէ օղակներ էլ կը պատրաստես եւ դրանք կ՚ամրացնես լանջապանակի ներքեւի Երկու ծայրերին, վակասին կցուած եզրերին:

28 Երկու ոսկէ այլ օղակներ կը պատրաստես եւ դրանք կ՚անցկացնես վակասի երկու ուսերին, ներքեւի կողմից, միմեանց դէմ դիմաց: Դրա կոճակները թող լինեն վակասի գօտու վրայ:

29 Լանջապանակի ու վակասի օղակների միջով կապոյտ թել անցկացնելով՝ դրանք թող պինդ ամրացուեն իրար այնպէս, որ լանջապանակը լինի վակասի գօտու վրայ եւ վակասից չառանձնանայ:

30 Երբ Ահարոնը սրբարան կը մտնի, նա իր կրծքի վրայ թող կրի Իսրայէլի որդիների անուններով քանդակուած դատաստանի լանջապանակը, որպէսզի Աստծու առաջ յաւիտենապէս պահպանի նրանց յիշատակը:

31 Դատաստանի լանջապանակին կ՚ամրացնես շղթաների ծայրերը եւ լանջապանակի երկու կողմերից կը կապես: Երկու վահանաձեւ կոճակ կը դնես վակասի երկու ուսերին, առջեւի կողմից եւ ներքեւից: Դատաստանի լանջապանակի վրայ կը դնես յանդիմանութիւնն ու ճշմարտութիւնը: Դա թող լինի Ահարոնի կրծքի վրայ« »րբ նա սրբարան մտն»լով՝ ն»րկայանայ Տիրոջը: Եւ Ահարոնը Տիրոջ առաջ իր կրծքի վրայ միշտ թող կրի Իսրայէլի որդիների դատաստանի լանջապանակը»:

32 «Պճղնաւոր ներքին պատմուճան կը պատրաստես ամբողջութեամբ կապոյտ թելով հիւսուած կտաւից:

33 Դրա վերին մասը շուրջանակի կլոր կտրելով՝ բացուածք կը թողնես: Միացման տեղերը ամբողջական՝ մէկ կտոր թող լինեն, որպէսզի այդ զգեստը չպատռուի:

34 Ներքին պատմուճանների քղանցքներին, ներքեւի մասում մանուած կապոյտ, ծիրանի ու կարմիր թելերով եւ նրբահիւս բեհեզով նռան ծաղկաբողբոջներ կը գործես: Դրանք կը գործես ներքին պատմուճանների քղանցքների շուրջբոլորը: Այդ զարդերը թող ունենան նռան ծաղկաբողբոջի ձեւը, եւ դրանց միջ»ւ շուրջանակի ոսկէ զանգակն»ր թող լին»ն:

35 Ոսկէ զանգակներն ու նռան ծաղկաբողբոջները շուրջանակի թող զարդարեն ներքին պատմուճանների քղանցքները:

36 Դա թող հագնի Ահարոնը, որպէսզի, երբ պաշտամունք է կատարում, Տիրոջ առաջ սրբարան մտնելիս ու ելնելիս լսուեն դրանց արձակած ձայները, եւ Ահարոնը չմեռնի:

37 Մաքուր ոսկուց թիթեղ կը պատրաստես եւ դրա վրայ, ինչպէս կնիքի վրայ են փորագրում, «Սրբութիւն Տեառն» կը փորագրես:

38 Այն կ՚ամրացնես նրբահիւս կապոյտ ժապաւէնի վրայ:

39 Դա կը կապես Ահարոնի գլխին դրուող խոյրի վրայ՝ ճակատի կողմից: Ահարոնը պէտք է կրի Իսրայէլի որդիների նուիրած բոլոր ընծաները, եթէ նոյնիսկ նրանք անօրէնութիւններ գործած լինեն դրանք նուիրելիս: Դա միշտ Ահարոնի ճակատին պէտք է լինի, որպէսզի այդ ընծաները ընդունելի լին»ն Տիրոջը:

40 Մինչեւ ոտքի թաթերը հասնող երկարաւուն պատուճանը բեհեզից կը պատրաստես: Բեհեզից կը պատրաստես նաեւ ապարօշն ու նախշազարդ գօտին:

41 Ահարոնի որդիների համար պատմուճաններ, գօտիներ եւ խոյրեր կը պատրաստես պատուի եւ փառքի համար:

42 Դրանք կը հագցնես քո եղբայր Ահարոնին ու նրա որդիներին: Կ՚օծես նրանց, կ՚օրհնես ու կը սրբագործես նրանց, որպէսզի ինձ համար քահանայութիւն անեն:

43 Նրանց համար կտաւից անդրավարտիքներ կը պատրաստես, որպէսզի դրանք նրանց մէջքից մինչեւ սրունքները հասնելով՝ ծածկեն նրանց ամօթոյքը:

44 Ահարոնն ու նրա որդիները թող հագնեն այն, երբ մտնեն վկայութեան խորանը, կամ երբ պաշտամունք կատարելու համար մօտենան սուրբ սեղանին: Նրանք մեղք թող չգործեն, որպէսզի չմեռնեն: Դա թող լինի յաւիտենական օրէնք իր եւ իրեն յաջորդող սերնդի համար»: