Matthew 6

Armenian (Eastern): (Genesis, Exodus, Gospels)

Studovat vnitřní smysl

← Matthew 5   Matthew 7 →

1 «Զգո՛յշ եղէք, որ ձեր ողորմութիւնը մարդկանց առջեւ չանէք, որպէս թէ այն լինէր ի ցոյց նրանց. այլապէս վարձ չէք ընդունի ձեր Հօրից, որ երկնքում է:

2 Այլ երբ ողորմութիւն անես, փող մի՛ հնչեցրու քո առջեւ, ինչպէս անում են կեղծաւորները ժողովարաններում եւ հրապարակներում, որպէսզի փառաւորուեն մարդկանցից: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը:

3 Այլ երբ դու ողորմութիւն անես, թող քո ձախ ձեռքը չիմանայ, թէ ինչ է անում քո աջը,

4 որպէսզի քո ողորմութիւնը ծածուկ լինի, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ յայտնապէս»:

5 «Եւ երբ աղօթես, չլինե՛ս կեղծաւորների նման, որոնք սիրում են ժողովարաններում եւ հրապարակների անկիւններում աղօթքի կանգնել, որպէսզի մարդկանց երեւան. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը:

6 Այլ դու երբ աղօթես, մտի՛ր քո սենեակը, փակի՛ր քո դռները եւ ծածո՛ւկ աղօթիր քո Հօրը, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ յայտնապէս:

7 Աղօթք անելիս շատախօս մի՛ լինէք ինչպէս հեթանոսները, որովհետեւ նրանք կարծում են, թէ իրենց շատ խօսքերի պատճառով լսելի կը լինեն:

8 Արդ, նրանց չնմանուէ՛ք, որովհետեւ ձեր Հայրը գիտէ, թէ ինչ է ձեզ պէտք, նախքան որ դուք նրանից մի բան ուզէք:

9 Եւ արդ, դուք այսպէ՛ս աղօթեցէք».

10 «Հա՛յր մեր, որ երկնքում ես. սո՛ւրբ թող լինի քո անունը.

11 քո թագաւորութի՛ւնը թող գայ. քո կա՛մքը թող լինի երկրի վրայ, ինչպէս որ երկնքում է՛.

12 մեր հանապազօրեայ հացը տո՛ւր մեզ այսօր.

13 եւ ների՛ր մեզ մեր յանցանքները, ինչպէս որ մենք ենք ներում նրանց, որ յանցանք են գործում մեր դէմ.

14 եւ մի՛ տար մեզ փորձութեան, այլ փրկի՛ր մեզ չարից. որովհետեւ քո՛նն է թագաւորութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը յաւիտեանս. ամէն:

15 Եթէ դուք մարդկանց ներէք իրենց յանցանքները, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կը ների:

16 Իսկ եթէ դուք մարդկանց չներէք իրենց յանցանքները, ձեր Հայրն էլ ձե՛զ չի ների ձեր յանցանքները»:

17 «Երբ ծոմ պահէք, տրտմերես մի՛ լինէք կեղծաւորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպէսզի մարդկանց այնպէս երեւան, թէ ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը:

18 Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը եւ լուա՛ քո երեսը,

19 որպէսզի չերեւաս մարդկանց որպէս ծոմ պահող, այլ քո Հօրը՝ գաղտնաբար. եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ»:

20 «Գանձեր մի՛ դիզէք ձեզ համար երկրի վրայ, ուր ցեց եւ ժանգ ոչնչացնում են, եւ ուր գողեր պատերն են ծակում ու գողանում,

21 այլ գանձեր դիզեցէ՛ք ձեզ համար երկնքում, որտեղ ո՛չ ցեց եւ ո՛չ ժանգ չեն ոչնչացնում, եւ ո՛չ էլ գողերը պատերն են ծակում ու գողանում.

22 քանի որ, ուր ձեր գանձերն են, այնտեղ եւ ձեր սրտերը կը լինեն:

23 Մարմնի ճրագը աչքն է. եթէ քո աչքը պարզ է, քո ամբողջ մարմինը լուսաւոր կը լինի:

24 Իսկ եթէ քո աչքը պղտոր է, քո ամբողջ մարմինը խաւար կը լինի: Եւ արդ, եթէ քո մէջ եղած լոյսը խաւար է, ապա խաւարը՝ որչա՜փ եւս աւելի»:

25 «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մէկին կ՚ատի եւ միւսին կը սիրի, կա՛մ մէկին կը մեծարի եւ միւսին կ՚արհամարհի. չէք կարող ծառայել Աստծուն եւ՝ մամոնային»:

26 «Դրա համար ասում եմ ձեզ. ձեր կեանքի համար հոգ մի՛ արէք, թէ ի՛նչ պիտի ուտէք կամ ի՛նչ պիտի խմէք, եւ ոչ էլ ձեր մարմնի համար, թէ ի՛նչ պիտի հագնէք. չէ՞ որ կեանքը աւելին է, քան կերակուրը, եւ մարմինը՝ քան զգեստը:

27 Նայեցէ՛ք երկնքի թռչուններին. ո՛չ վարում են, ո՛չ հնձում եւ ո՛չ էլ շտեմարանների մէջ հաւաքում. եւ ձեր երկնաւոր Հայրը կերակրում է նրանց. չէ՞ որ դուք աւելին էք, քան նրանք:

28 Եւ արդ, ձեզնից ո՞վ կարող է հոգս անելով՝ իր հասակի վրայ մէկ կանգուն աւելացնել:

29 Եւ հագուստի համար ինչո՞ւ էք հոգս անում. նայեցէ՛ք վայրի շուշանին, ինչպէ՜ս է աճում. ո՛չ ջանք է թափում եւ ո՛չ հիւսում:

30 Ասում եմ ձեզ, որ Սողոմոնն իսկ, իր ամբողջ փառքի մէջ, չհագնուեց նրանցից մէկի նման:

31 Իսկ եթէ դաշտի միջի խոտին, որ այսօր կայ եւ վաղը հնոց կը նետուի, այդպէ՛ս է հագցնում Աստուած, որքա՜ն եւս առաւել՝ ձե՛զ, թերահաւատնե՛ր:

32 Այսուհետեւ հոգ մի՛ արէք ու մի՛ ասէք՝ ի՛նչ պիտի ուտենք կամ ի՛նչ պիտի խմենք կամ ի՛նչ պիտի հագնենք,

33 որովհետեւ հեթանոսներն են այդ բոլորը որոնում. քանի որ ձեր երկնաւոր Հայրը գիտէ, թէ այդ բոլորը ձեզ պէտք է:

34 Նախ խնդրեցէ՛ք Աստծու արքայութիւնը եւ նրա արդարութիւնը, եւ այդ բոլորը Աստուած ձեզ աւելիով կը տայ:

35 Այսուհետեւ հոգ մի՛ արէք վաղուայ մասին, որովհետեւ վաղուայ օրը իր մասին կը հոգայ. օրուայ հոգսը բաւ է օրուայ համար»:

← Matthew 5   Matthew 7 →
Studovat vnitřní smysl

Komentář k této kapitole:

Příběhy:

Vysvětlení nebo odkazy ze Swedenborgových prací:

Arcana Coelestia 1, 680, 1017, 1285, 1749, 1839, 1875 ...

Apocalypse Revealed 23, 48, 81, 164, 413, 501, 749 ...

Divine Providence 18, 217, 230, 233, 264

Life 28

Heaven and Hell 64, 281

True Christianity 112, 113, 299, 306, 318, 383, 403 ...

The New Jerusalem and its Heavenly Doctrine 124, 144, 200

Ukázat odkazy z nepublikovaných děl Swedenborga




Přeložit:
Sdílet: