Библија

 

Ելք 24

Студија

   

1 Աստուած ասաց Մովսէսին. «Բարձրացէ՛ք Տիրոջ մօտ դու, Ահարոնը, Նաբադը, Աբիուդն ու Իսրայէլի ծերերից եօթանասուն տղամարդ: Նրանք Տիրոջը թող երկրպագեն հեռուից:

2 Աստծուն թող մօտենայ միայն Մովսէսը, իսկ միւսները թող չմօտենան: Ժողովուրդը նրանց հետ թող չբարձրանայ»:

3 Մովսէսն եկաւ ու ժողովրդին յայտնեց Աստծու բոլոր պատգամներն ու կանոնները: Ողջ ժողովուրդը միաձայն պատասխան տուեց ու ասաց. «Կը կատարենք բոլոր այն պատգամները, որ տուել է Տէրը, կ՚ենթարկուենք դրանց»:

4 Մովսէսը գրի առաւ Տիրոջ բոլոր պատգամները: Մովսէսն առաւօտեան վեր կենալով՝ զոհասեղան կառուցեց լերան ստորոտին եւ տասներկու վէմ կանգնեցրեց՝ ըստ Իսրայէլի տասներկու ցեղերի թուի:

5 Նա ուղարկեց իսրայէլացի երիտասարդներ, որոնք ողջակէզներ մատուցեցին, փրկութեան համար Աստծուն հորթեր զոհաբերեցին:

6 Մովսէսն առնելով զոհերի արեան կէսը՝ լցրեց ամանների մէջ, իսկ արեան միւս կէսը հեղեց զոհասեղանի առաջ:

7 Նա, վերցնելով ուխտի գիրքը, կարդաց ի լուր ժողովրդի: Ժողովուրդն ասաց. «Այն ամէնը, ինչ ասել է Տէրը, կը կատարենք, կ՚ենթարկուենք»:

8 Մովսէսը, վերցնելով արիւնը, շաղ տուեց ժողովրդի վրայ ու ասաց. «Սա այն ուխտի արիւնն է, որ կնքեց Տէրը ձեզ հետ, որպէսզի կատարէք նրա բոլոր պատգամները»:

9 Մովսէսը, Ահարոնը, Նաբադը, Աբիուդն ու իսրայէլացի ծերերից եօթանասուն տղամարդ բարձրացան

10 եւ տեսան այն տեղը, ուր կանգնել էր Իսրայէլի Աստուածը: Նրա կանգնած տեղը կարծես շափիւղայի աղիւսներով էր զարդարուած, եւ դա ջինջ երկնքի նմանութիւնն ունէր:

11 Իսրայէլացի ընտրեալներից ոչ մէկը չմեռաւ: Նրանք յայտնուեցին այնտեղ, ուր գտնւում էր Աստուած: Եւ կերան ու խմեցին:

12 Տէրն ասաց Մովսէսին. «Բարձրացի՛ր ինձ մօտ՝ լեռը, այնտեղ եղի՛ր, եւ քեզ պիտի տամ քարէ այն տախտակները, որոնց վրայ գրելու եմ իմ օրէնքներն ու պատուիրանները: Դրանք նրանց համար օրէնսդրութիւն պիտի լինեն»:

13 Մովսէսն ու նրա սպասաւոր Յեսուն բարձրացան Աստծու լեռը:

14 Մովսէսն ասաց ծերերին. «Հանգստացէ՛ք այստեղ, մինչեւ որ մենք վերադառնանք ձեզ մօտ: Ահարոնն ու Ովրը ձեզ հետ են: Եթէ որեւէ մէկը վէճ ունենայ, թող գնայ նրանց մօտ»:

15 Մովսէսը բարձրացաւ լեռը, եւ ամպը ծածկեց լեռը:

16 Տիրոջ փառքն իջաւ Սինա լերան վրայ, եւ ամպն այն ծածկեց վեց օր: Տէրը եօթներորդ օրը Մովսէսին կանչեց ամպի միջից:

17 Տիրոջ փառքի տեսիլքը բորբոքուած կրակի նման իջաւ Իսրայէլի որդիների առաջ, լերան գագաթը:

18 Մովսէսը մտաւ ամպի մէջ ու բարձրացաւ լեռը: Մովսէսը լերան վրայ մնաց քառասուն օր ու քառասուն գիշեր:

   

Библија

 

Ելք 31

Студија

   

1 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.

2 «Ես, ահա, Յուդայի ազգից ընտրեցի Բեսելիէլին, որը որդին է Ուրիի, իսկ սա՝ որդին Ովրի:

3 Ես նրան լցրի ամէն գործի համար անհրաժեշտ գիտութեան, հանճարի եւ իմաստութեան աստուածային ոգով,

4 որպէսզի նա մտածի ու ստեղծագործի,

5 որպէսզի մշակի ոսկին, արծաթն ու պղինձը, մանի կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւը, զբաղուի արհեստի կատարելութիւն հանդիսացող ակնագործութեամբ, նաեւ ատաղձագործութեամբ, որ գործի դնի ամէն մի արհեստ:

6 Ահա ես նրան օգնական եմ տալիս Դանի ցեղից Աքիսամի որդի Եղիաբին: Ամէն մի ուշիմ մարդու հոգու մէջ դրի շնորհ, որպէսզի անի այն, ինչ պատուիրել եմ քեզ, այսինքն՝

7 պատրաստի վկայութեան խորանը, կտակարանների տապանակն ու նրա կափարիչը, խորանի ամբողջ սպասքն ու զոհարանը,

8 զոհասեղանն ու նրա ամբողջ սպասքը, սուրբ աշտանակն ու նրա բոլոր զարդերը, խնկարկութեան սեղանը,

9 ողջակէզների սեղանն ու նրա բոլոր մասերը, աւազանն ու նրա պատուանդանը,

10 ծիսակատարութեան զգեստները, Ահարոն քահանայի սրբազան զգեստներն ու նրա որդիների՝ ինձ համար քահանայութիւն անելու զգեստները,

11 օծութեան իւղն ու սրբարանի խնկի համեմունքները: Այս բոլորը, ինչ մի անգամ պատուիրել եմ քեզ, կը պատրաստես»:

12 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. «Իսրայէլի որդիներին հաղորդի՛ր հետեւեալը. «Զգո՛յշ եղէք, պահեցէ՛ք իմ շաբաթ օրերը,

13 որովհետեւ դա ձեր սերնդի մէջ իմ ու ձեր միջեւ դրուած պայմանն է, որպէսզի ճանաչէք, թէ ե՛ս եմ ձեզ սրբագործող Տէրը:

14 Կը պահէք շաբաթ օրերը, որովհետեւ Տիրոջ եւ ձեզ համար դա սրբութիւն է: Ով այն պղծի, թող մահուան դատապարտուի: Ամէն ոք, ով այդ օրը գործ կ՚անի, թող վերանայ իր ժողովրդի միջից:

15 Վեց օր գործ կ՚անես, իսկ եօթներորդ օրը Տիրոջ սուրբ հանգստեան շաբաթ օրն է: Ով որ շաբաթ օրը գործ կ՚անի, թող մահուան դատապարտուի:

16 Իսրայէլի որդիները թող պահեն շաբաթ օրերը, որպէսզի դրանք ձեր սերնդի մէջ ի կատար ածուեն որպէս յաւիտենական ուխտ

17 իմ ու Իսրայէլի որդիների միջեւ: Դա իմ յաւիտենական պայմանն է, որովհետեւ Տէրը վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, իսկ եօթներորդ օրը դադար տուեց եւ հանգստացաւ»:

18 Երբ Աստուած Սինա լերան վրայ աւարտեց իր խօսքը, Մովսէսին տուեց վկայութեան երկու տախտակները՝ Աստծու մատով գրուած քարէ տախտակները: