The Passover (Ելք 12:3-20)

Дослідження

  

3 Դու խօսի՛ր իսրայէլացի ողջ ժողովրդի հետ ու ասա՛. «Այս ամսի տասներորդ օրը ամէն մարդ թող մի ոչխար առնի ըստ իր ընտանիքի՝ ամէն մի տան համար մէկ ոչխար:

4 Եթէ մի ընտանիքի անդամները այնքան քիչ են, որ չեն կարող մէկ ոչխար ուտել, ապա ընտանիքի մեծը, ըստ ընտանիքի թուի թող միանայ իր հարեւանի կամ ընկերոջ հետ, եւ իւրաքանչիւրը թող ստանայ ոչխարի համապատասխան բաժինը:

5 Ձեր այդ ոչխարը որեւէ պակասութիւն թող չունենայ, լինի արու, մէկ տարեկան ու անարատ: Այն կարող է գառ կամ ուլ լինել:

6 Այն կը պահէք մինչեւ այս ամսի տասնչորսերորդ օրը, եւ իսրայէլացիները այն թող մորթեն երեկոյեան:

7 Թող վերցնեն նրա արիւնից ու քսեն այն տան դռան սեմին երկու տեղ ու դռան շրջանակի վերեւը այն տան, ուր այն ուտելու են:

8 Այդ գիշեր թող ուտեն կրակի վրայ խորոված միսը, այն թող ուտեն բաղարջ հացով ու դառն խոտերով:

9 Դրանք հում կամ խաշած չուտէք, այլ՝ կրակի վրայ խորովելով: Կ՚ուտէք նաեւ ոչխարի գլուխը, ոտքերն ու փորոտիքը:

10 Առաւօտեան դրանից ոչինչ թող չմնայ: Ոչխարի ոսկորները մի՛ ջարդէք, այլ, ինչ որ աւելանայ դրանից, կրակով կ՚այրէք:

11 Եւ կ՚ուտէք այսպէս. ձեր գօտիները թող ձեր մէջքին լինեն, ձեր կօշիկները՝ ձեր ոտքերին, ձեր ցուպերը՝ ձեր ձեռքին: Արագ կ՚ուտէք, որովհետեւ Տիրոջ զատիկն է:

12 Այդ գիշեր ես պիտի անցնեմ Եգիպտացիների ամբողջ երկրով եւ պիտի պատուհասեմ Եգիպտացիների երկրի բոլոր արու առաջնածիններին՝ թէ՛ մարդկանց, թէ՛ անասունների: Եգիպտացիների բոլոր աստուածներից վրէժ պիտի լուծեմ, որովհետեւ ե՛ս եմ Տէրը:

13 Եւ նշուած արիւնը այն տների վրայ, ուր ուտելու էք, թող ձեզ նշան լինի: Ես, տեսնելով այդ արիւնը, պիտի խնայեմ ձեզ, եւ ձեր գլխին չեն իջնի մահաբեր այն հարուածները, որոնցով պիտի պատուհասեմ Եգիպտացիների երկիրը:

14 Այդ օրը ձեզ համար յիշարժան թող լինի, եւ դուք, իբրեւ Տիրոջ տօն, այդ օրը տօնեցէ՛ք սերնդէսերունդ: Դա, իբրեւ կարգ, յաւիտեան կը տօնէք»:

15 «Եօթը օր բաղարջ հաց կ՚ուտէք, առաջին իսկ օրից սկսած ձեր տնից կը վերացնէք թթխմորը: Բոլոր նրանք, ովքեր առաջին օրից մինչեւ եօթներորդ օրը թթխմորով հաց կ՚ուտեն, կը վերացուեն իսրայէլացիների միջից:

16 Առաջին օրը թող սուրբ հռչակուի: Ձեզ համար թող սուրբ լինի նաեւ նուիրական եօթներորդ օրը: Այդ օրերին ոչ մի աշխատանք չկատարէք, այլ կատարեցէք միայն այն, ինչ կապուած է իւրաքանչիւր մարդու անձնական կարիքների հետ:

17 Իմ այս պատուիրանները կը պահէք, որպէսզի այդ օրը ես ձեր ժողովրդին հանեմ Եգիպտացիների երկրից: Այդ օրը, իբրեւ կարգ, ձեր ժողովրդի մէջ կը նշէք յաւիտենապէս:

18 Առաջին ամսուայ տասնչորսերորդ օրուայ երեկոյից սկսած բաղարջ հաց կ՚ուտէք մինչեւ ամսի քսանմէկերորդ օրուայ երեկոն:

19 Եօթը օր ձեր տներում թթխմոր չպիտի լինի: Բոլոր նրանք, ովքեր թթխմորով հաց կ՚ուտեն, կը վերացուեն Իսրայէլի ժողովրդի միջից:

20 Ձեր երկիրն եկած եկուորներ լինեն թէ տեղաբնակներ, ոչ ոք թթխմորով հաց թող չուտի: Ձեր բոլոր բնակավայրերում բաղարջ հաց պիտի ուտէք»: