Biblija

 

Ծննդոց 11

Studija

   

1 Այն ժամանակ ողջ երկիրը մէկ լեզուով, մէկ բարբառով էր խօսում:

2 Արեւելքից տեղաշարժուելու ժամանակ նրանք Սենաար երկրում մի դաշտ գտան եւ բնակուեցին այնտեղ:

3 Նրանք միմեանց դիմելով՝ ասացին. «Եկէք աղիւս շինենք ու այն թրծենք կրակով»: Աղիւսը նրանց համար ծառայեց իբրեւ քար, իսկ կուպրը՝ իբրեւ շաղախ:

4 Նրանք ասացին. «Եկէք մեզ համար քաղաք կառուցենք եւ աշտարակ, որի գագաթը հասնի մինչեւ երկինք: Համբաւ ձեռք բերենք ողջ աշխարհով մէկ սփռուելուց առաջ»:

5 Տէրն իջաւ, որպէսզի տեսնի այն քաղաքն ու աշտարակը, որ կառուցում էին մարդկանց որդիները:

6 Տէրն ասաց. «Սրանք մէկ ժողովուրդ են, ունեն մէկ լեզու եւ սկսել են այդ գործն անել: Արդ, ոչինչ չի խանգարում նրանց, որ կառուցեն այն, ինչ կամենում են:

7 Արի իջնենք եւ խառնենք նրանց լեզուն այնպէս, որ ոչ մէկը չհասկանայ իր ընկերոջ ասածը»:

8 Տէր Աստուած այնտեղից նրանց սփռեց աշխարհով մէկ, եւ նրանք դադարեցին քաղաքն ու աշտարակը կառուցելուց:

9 Դրա համար այն կոչուեց Խառնակութիւն (Բաբելոն), որովհետեւ Տէր Աստուած այնտեղ խառնեց ամբողջ երկրի բնակիչների լեզուները եւ այնտեղից նրանց սփռեց ողջ աշխարհով մէկ:

10 Սէմի սերունդները սրանք են. Սէմը հարիւրամեայ հասակում, ջրհեղեղից երկու տարի յետոյ ծնեց Արփաքսադին:

11 Սէմն Արփաքսադին ծնելուց յետոյ ապրեց եւս հինգ հարիւր տարի: Նա ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ:

12 Արփաքսադը հարիւր երեսունհինգ տարեկան հասակում ծնեց Կայնանին:

13 Արփաքսադը Կայնանին ծնելուց յետոյ ապրեց եւս չորս հարիւր տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ: Կայնանը հարիւր երեսուն տարեկան հասակում ծնեց Սաղային: Կայնանը Սաղային ծնելուց յետոյ ապրեց եւս երեք հարիւր երեսուն տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ:

14 Սաղան հարիւր երեսուն տարեկան հասակում ծնեց Եբերին:

15 Սաղան Եբերին ծնելուց յետոյ ապրեց եւս երեք հարիւր երեսուն տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ:

16 Եբերը հարիւր երեսունչորս տարեկան հասակում ծնեց Փաղէկին:

17 Եբերը Փաղէկին ծնելուց յետոյ ապրեց եւս երկու հարիւր եօթանասուն տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ:

18 Փաղէկը հարիւր երեսունչորս տարեկան հասակում ծնեց Ռագաւին:

19 Փաղէկը Ռագաւին ծնելուց յետոյ ապրեց եւս երկու հարիւր ինը տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ:

20 Ռագաւը հարիւր երեսուներկու տարեկան հասակում ծնեց Սերուքին:

21 Ռագաւը Սերուքին ծնելուց յետոյ ապրեց եւս երկու հարիւր եօթը տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր եւ մեռաւ:

22 Սերուքը հարիւր երեսուն տարեկան հասակում ծնեց Նաքորին:

23 Սերուքը Նաքորին ծնելուց յետոյ ապրեց եւս երկու հարիւր տարի, ծնեց տղաներ ու աղջիկներ եւ մեռաւ:

24 Նաքորը եօթանասունինը տարեկան հասակում ծնեց Թարային:

25 Նաքորը Թարային ծնելուց յետոյ ապրեց եւս հարիւր քսաներկու տարի, ծնեց տղաներ ու աղջիկներ եւ մեռաւ:

26 Թարան եօթանասուն տարեկան հասակում ծնեց Աբրամին, Նաքորին եւ Առանին:

27 Թարայի սերունդը այս է. Թարան ծնեց Աբրամին, Նաքորին ու Առանին, իսկ Առանը ծնեց Ղովտին:

28 Առանը մեռաւ իր հայր Թարայի կենդանութեան օրօք, իր ծննդավայրում՝ Քաղդէացւոց երկրում:

29 Աբրամն ու Նաքորը ամուսնացան: Աբրամի կնոջ անունը Սարա էր, իսկ Նաքորի կնոջ անունը՝ Մեղքա: Սա Առանի՝ Մեղքայի եւ Յէսքայի հօր դուստրն էր:

30 Սարան ամուլ էր՝ երեխայ չէր ունենում:

31 Թարան իր որդի Աբրամին, իր որդի Նաքորին, իր որդի Առանի որդի Ղովտին ու իր հարսին՝ իր որդի Աբրամի կնոջը, Քաղդէացւոց երկրից առաւ տարաւ Քանանացւոց երկիրը: Նրանք հասան Խառան ու բնակուեցին այնտեղ:

32 Խառանում Թարան դարձաւ երկու հարիւր հինգ տարեկան. Թարան Խառանում էլ մեռաւ:

   

Biblija

 

Ծննդոց 15

Studija

   

1 Այս դէպքերից յետոյ Աբրամը երազում լսեց Տիրոջ խօսքը, որն ասում էր. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, ես քեզ հովանաւոր պիտի լինեմ, եւ քո վարձը չափազանց շատ պիտի լինի»:

2 Աբրամն ասաց. «Տէ՛ր ամենակալ, ի՞նչ ես անելու ինձ, չէ՞ որ ես անորդի եմ կորչում, եւ ինձ ժառանգելու է Եղիազար Դամասկացին՝ իմ ընդոծին Մասեկի որդին»:

3 Աբրամն աւելացրեց. «Քանի որ ինձ զաւակ չտուեցիր, ուստի իմ ընդոծինն է ինձ ժառանգելու»:

4 Նրան իսկոյն հասաւ Աստծու ձայնը, որն ասում էր. «Նա չէ, որ ժառանգելու է քեզ, այլ քեզնից ծնուածն է ժառանգելու քեզ»:

5 Աստուած դուրս հանեց նրան ու ասաց. «Նայի՛ր երկնքին ու հաշուի՛ր աստղերը, եթէ կարող ես հաշուել դրանք»: Նա աւելացրեց. «Այդքան է լինելու քո սերունդը»:

6 Աբրամը հաւատաց Աստծուն, եւ այդ հաւատը իր համար արդարութիւն համարուեց:

7 Աստուած ասաց նրան. «Ե՛ս եմ քո Տէր Աստուածը, որ քեզ դուրս հանեցի Քաղդէացւոց երկրից, որպէսզի այս երկիրը քեզ տամ որպէս ժառանգութիւն»:

8 Աբրամն ասաց. «Տէ՛ր ամենակալ, ինչի՞ց գիտենամ, որ ժառանգելու եմ այն»:

9 Աստուած ասաց նրան. «Դու ինձ համար ա՛ռ երեք տարեկան երինջ, երեք տարեկան նոխազ, երեք տարեկան խոյ, տատրակ եւ աղաւնի»:

10 Աբրամն առաւ այդ ամէնը, կտրեց մէջտեղից ու կտորները դրեց իրար դիմաց, իսկ թռչունները չկտրատեց:

11 Գիշակեր թռչուններ էին իջնում դրանց կտրտուած մարմինների վրայ, բայց Աբրամը հսկում էր կտրտուած մարմինները:

12 Արեւի մայր մտնելու ժամանակ Աբրամը թմբիրի մէջ ընկաւ, սարսափելի վախ համակեց նրա սիրտը:

13 Տէրն ասաց Աբրամին. «Լա՛ւ իմացիր, որ քո յետնորդները պանդուխտ են լինելու օտար երկրում: Նրանց պիտի ստրկացնեն, պիտի չարչարեն, պիտի տանջեն չորս հարիւր տարի,

14 բայց ես դատաստան պիտի տեսնեմ այն ազգի հետ, որը պիտի ստրկացնի նրանց: Դրանից յետոյ նրանք այստեղ պիտի վերադառնան բազում հարստութեամբ:

15 Դու խաղաղ հոգով պիտի գնաս քո նախնիների գիրկը՝ խոր ծերութեան հասնելով:

16 Չորրորդ սերունդը պիտի վերադառնայ այստեղ, որովհետեւ ամորհացիների մեղքերը դեռ իրենց լրումին չեն հասել»:

17 Երբ արեւը մայր մտնելու մօտ էր, կրակ բոցավառուեց, երեւաց ծխացող մի հնոց, եւ կրակի լեզուները անցան անասունների կտրտուած մարմինների միջով:

18 Այդ օրը Տէրն ուխտ դրեց Աբրամի հետ եւ ասաց. «Քո յետնորդներին եմ տալու այդ երկիրը՝ եգիպտացիների գետից մինչեւ Եփրատ մեծ գետը,

19 նրանց պիտի ենթարկուեն կինեցիները, կենեզացիները, կեդմոնացիները,

20 քետացիները, փերեզացիները, ռափիմացիները,

21 ամորհացիները, քանանացիները եւ յեբուսացիները»:

   

Biblija

 

Revelation 20:7

Studija

       

7 And after the thousand years, Satan will be released from his prison,