Genesis第46章

Armenian (Eastern): (Genesis, Exodus, Gospels)

研究内在含义

← Genesis第45章   Genesis第47章 →

1 Իսրայէլն իր ամբողջ ունեցուածքով ճանապարհ ընկաւ եւ եկաւ Երդման ջրհորի մօտ: Նա զոհ մատուցեց իր հայր Իսահակի Աստծուն:

2 Գիշերը Աստուած տեսիլքի մէջ Իսրայէլին ասաց. «Յակո՛բ, Յակո՛բ»: Սա հարցրեց. «Դու ո՞վ ես»:

3 Նա պատասխանեց. «Ես քո հայրերի Աստուածն եմ: Մի՛ վախեցիր Եգիպտոս իջնելուց, որովհետեւ քեզ այնտեղ մեծ ազգ եմ դարձնելու:

4 Ես քեզ հետ կ՚իջնեմ Եգիպտոս, եւ ինքս էլ քեզ ընդմիշտ կը հանեմ այնտեղից: Եւ Յովսէփն իր ձեռքով կը փակի քո աչքերը»:

5 Յակոբը Երդման ջրհորի մօտից ելաւ, եւ Իսրայէլի որդիներն իրենց հայր Յակոբին, կահկարասին ու կանանց տեղաւորեցին այն սայլերի վրայ, որ Յովսէփն էր ուղարկել՝ նրան բերելու համար: Վերցնելով իրենց ունեցուածքն

6 ու Քանանացիների երկրում ձեռք բերած ամէն ինչ, Եգիպտոս մտան Յակոբն ու նրա ողջ սերունդը՝

7 իր որդիներն ու որդիների որդիները, իր դուստրերն ու դուստրերի դուստրերը: Նա իր ողջ սերունդը բերեց Եգիպտոս:

8 Սրանք են Իսրայէլի այն որդիների անունները, որոնք Եգիպտոս մտան. այն է՝ Յակոբն ու իր որդիները: Յակոբի անդրանիկ որդին էր Ռուբէնը:

9 Ռուբէնի որդիներն են՝ Ենոքը, Փալլուսը, Ասրոնն ու Քարմին:

10 Շմաւոնի որդիներն են՝ Յամուէլը, Յամինը, Ահոդը, Յաքինը, Սահառն ու քանանացի կնոջից ծնուած Սաւուղը:

11 Ղեւիի որդիներն են՝ Գերսոնը, Կահաթն ու Մերարին:

12 Յուդայի որդիներն են՝ Էրը, Օնանը, Սելոմը, Փարէսն ու Զարան: Էրն ու Օնանը մեռան Քանանացիների երկրում: Փարէսի որդիները եղան Ասրոմն ու Յամուէլը:

13 Իսաքարի որդիներն են՝ Թողան, Փուդը, Յասուբն ու Զամամը:

14 Զաբուղոնի որդիներն են՝ Սերեդը, Ալլոնն ու Էէլը:

15 Սրանք Լիայի որդիներն են, որոնց, նաեւ իր դուստր Դինային, նա ծնեց Յակոբի համար՝ Ասորիների Միջագետքում. բոլորը՝ որդիներն ու դուստրերը, երեսուներեք հոգի էին:

16 Գադի որդիներն են՝ Սափոնը, Մեդիսը, Սաւնիան, Թաւսոբամը, Այեդիսը, Արոյէլիսը եւ Արիէլիսը:

17 Ասերի որդիներն են՝ Յեմնան, Յեսուան, Յէուլը, Բարիան եւ նրանց քոյր Սարան: Բարիայի որդիներն են՝ Քոբորը եւ Մելքիէլը:

18 Սրանք որդիներն են Զելփայի, որին Լաբանը տուել էր իր դուստր Լիային: Սա Յակոբի համար ունեցաւ այս տասնվեց որդիներին:

19 Ռաքէլի՝ Յակոբի կնոջ որդիներն են՝ Յովսէփն ու Բենիամինը:

20 Եգիպտացիների երկրում Արեգ քաղաքի քուրմ Պետրափրեսի դուստր Ասանէթից Յովսէփն ունեցաւ իր Մանասէ ու Եփրեմ որդիներին: Մանասէն ասորի հարճից ունեցաւ որդիներ, որոնցից մէկն էր Մաքիրը: Մաքիրը ծնեց Գաղաադին: Եփրեմի՝ Մանասէի եղբօր որդիներն են՝ Սուտաղաամն ու Տաամը: Սուտաղաամի որդին է Եդ»մը:

21 Բենիամինի որդիներն են՝ Բաղան, Բոքորն ու Ասբեէն: Բաղան ծնեց որդիներ՝ Գէերային, Նէեմանին, Անաքիսին, Ռոսին, Մամփիմին ու Ոփիմինին: Գէերան ծնեց Արադին:

22 Սրանք Ռաքէլի որդիներն են, որոնց նա ծնեց Յակոբի համար. բոլորը՝ տասնութ հոգի:

23 Դանի որդիներից մէկն է Ասոմը:

24 Նեփթաղիմի որդիներն են՝ Ասիէլը, Գոնին, Ասարն ու Սիլլեմը:

25 Սրանք որդիներն են Բալայի, որին Լաբանը տուեց իր դուստր Ռաքէլին. Բալլան ծնեց սրանց Յակոբի համար. բոլորը՝ եօթը հոգի:

26 Յակոբի կողից ծնուած եւ նրա հետ Եգիպտոս մտած բոլոր մարդկանց թիւը, չհաշուած Յակոբի որդիների կանանց, վաթսունվեց է:

27 Յովսէփը Եգիպտոսում ունեցաւ երկու որդի: Այսպիսով Յակոբի ընտանիքի՝ Եգիպտոս մտած բոլոր տղամարդկանց թիւը եօթանասունհինգ է:

28 Յակոբը իրենից առաջ Յուդային ուղարկեց Յովսէփի մօտ, որպէսզի սա ընդառաջ գայ նրան Քաջաց քաղաքի մօտ՝ Ռամէսի երկրում, իսկ ինքն եկաւ Գեսեմ երկիրը:

29 Յովսէփը լծեց իր կառքը եւ Քաջաց քաղաքի մօտ ընդառաջ գնաց իր հայր Իսրայէլին: Երբ Յովսէփը հանդիպեց նրան, փաթաթուեց նրա վզին եւ հեկեկալով լաց եղաւ:

30 Իսրայէլն ասաց Յովսէփին. «Այսուհետեւ կարող եմ մեռնել, որովհետեւ տեսայ քո երեսը, եւ դու տակաւին կենդանի ես»:

31 Յովսէփն ասաց իր եղբայրներին ու իր հօր ընտանիքին. «Գնամ յայտնեմ փարաւոնին, որ Քանանացիների երկրում բնակուող իմ եղբայրներն ու հօրս ընտանիքը եկել են ինձ մօտ:

32 Նրանք խաշնարածներ են եւ իրենց անասունները, արջառներն ու ողջ ունեցուածքը բերել են այստեղ:

33 Արդ, եթէ փարաւոնը կանչի ձեզ ու հարցնի, թէ՝ «Ի՞նչ է ձեր գործը»,

34 կ՚ասէք, որ «Մենք՝ քո ծառաները, մանուկ հասակից մինչեւ այժմ խաշնարածներ ենք, մենք եւ մեր հայրը», որպէսզի նա թոյլ տայ ձեզ բնակուել Գեսեմ երկրում, որովհետեւ եգիպտացիները խորշում են ոչխարների հովիւներից»:

← Genesis第45章   Genesis第47章 →
研究内在含义

从斯威登堡的著作主要解释:

Arcana Coelestia 5994

本章评论:

斯威登堡作的本章其他参考:

Arcana Coelestia 1195, 2723, 2959, 3021, 3862, 4286, 4316, ...

Apocalypse Revealed 349, 503

Show Unpublished Work(s)



翻译:
分享: