Ծննդոց第43章

学习

   

1 Սովը աւելի ու աւելի էր սաստկանում երկրում:

2 Երբ կերան-սպառեցին Եգիպտացիների երկրից բերած ցորենը, հայրն ասաց նրանց. «Դարձեալ գնացէ՛ք եւ մի քիչ պարէն գնեցէ՛ք»:

3 Յուդան, դիմելով նրան, ասաց. «Մարդը մեզ կտրուկ ու յստակ ասաց. «Իմ աչքին չերեւաք, եթէ ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չլինի»:

4 Արդ, եթէ թողնես, որ մեր եղբայրը գայ մեզ հետ, կը գնանք եւ պարէն կը գնենք,

5 իսկ եթէ մեր եղբօրը մեզ հետ չթողնես, չենք գնայ, որովհետեւ այդ մարդը մեզ հետ խօսեց ու ասաց. «Իմ աչքին չերեւաք, եթէ ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չլինի»:

6 Իսրայէլն ասաց. «Այդ ի՞նչ փորձանք բերեցիք իմ գլխին, ինչո՞ւ յայտնեցիք այդ մարդուն, թէ եղբայր ունէք»:

7 Նրանք ասացին. «Այդ մարդը հարցուփորձ արեց մեր եւ մեր ընտանիքի մասին, թէ՝ «Տակաւին կենդանի՞ է ձեր հայրը», թէ՝ «Եղբայր ունէ՞ք»: Եւ մենք յայտնեցինք նրան ըստ նրա հարցերի: Ի՞նչ իմանայինք, թէ ասելու է մեզ. «Բերէ՛ք ձեր եղբօրը»:

8 Յուդան ասաց իր հայր Իսրայէլին. «Թո՛յլ տուր, որ պատանին գայ ինձ հետ, վեր կենանք գնանք, որպէսզի ե՛ւ մենք, ե՛ւ դու, ե՛ւ մեր ընտանիքի անդամները ապրենք, սովամահ չլինենք:

9 Ես նրա համար պատասխանատու եմ. ինձնի՛ց կը պահանջես նրան: Եթէ նրան յետ չբերեմ ու քո առաջ չկանգնեցնեմ, թող մեղաւոր լինեմ իմ ամբողջ կեանքում:

10 Որովհետեւ եթէ չդանդաղէինք, ապա երկու անգամ գնացած-եկած կը լինէինք»:

11 Իրենց հայր Իսրայէլն ասաց նրանց. «Ճիշտ էք ասում: Այդպէս էլ արէք: Մեր երկրի բարիքներով լցրէ՛ք ձեր ամանները, այդ մարդուն իբրեւ նուէր տարէ՛ք կնդրուկ, մեղր, խունկ, խէժ, բեւեկն եւ ընկոյզ:

12 Կրկնակի արծաթ վերցրէ՛ք ձեզ հետ, ինչպէս նաեւ այն արծաթը, որ ձեր պարկերի մէջ յետ բերեցիք, տարէ՛ք ձեզ հետ, գուցէ դա սխալմունք էր:

13 Վերցրէ՛ք նաեւ ձեր եղբօրն ու գնացէ՛ք այդ մարդու մօտ: Իմ Աստուածը թող այնպէս անի, որ շնորհ գտնէք այդ մարդու մօտ, եւ նա կ՚արձակի ձեզ հետ ձեր միւս եղբօրն ու Բենիամինին:

14 Բայց ես ինչպէս անզաւակացայ, այնպէս էլ անզաւակ մնացի»:

15 Եւ մարդիկ, առնելով նուէրներ ու կրկնակի արծաթ, Բենիամինի հետ գնացին իջան Եգիպտոս եւ ներկայացան Յովսէփին:

16 Երբ Յովսէփը տեսաւ նրանց եւ իր եղբայր Բենիամինին՝ ասաց պալատի կառավարիչին. «Այս մարդկանց տուն տա՛ր, անասուն մորթի՛ր եւ ճաշ պատրաստի՛ր, որովհետեւ այս մարդիկ կէսօրին ինձ հետ են ճաշելու»:

17 Մարդն արեց այնպէս, ինչպէս ասել էր Յովսէփը, եւ մարդկանց տարաւ Յովսէփի տունը:

18 Այս մարդիկ տեսնելով, որ իրենց տարան Յովսէփի տունը, ասացին. «Նախորդ անգամ մեր պարկերում մեզ վերադարձուած արծաթի պատճառով է, որ մեզ բերեցին այստեղ, որպէսզի մեզ խուզարկեն: Նրանք մեզ վրայ կը յարձակուեն, մեզ կը ստրկացնեն եւ կը տիրանան մեր էշերին»:

19 Մօտենալով Յովսէփի պալատի կառավարիչին՝ նրանք դռան մօտ ասացին նրան.

20 «Աղաչում ենք քեզ, տէ՛ր, լսի՛ր մեզ: Երբ առաջին անգամ եկանք պարէն գնելու

21 եւ վերադառնալիս իջեւան հասանք, բացելով մեր պարկերը՝ տեսանք, որ իւրաքանչիւրիս արծաթը իր պարկի մէջ է: Արդ, արծաթը նոյն կշռով յետ ենք բերել, ահա այն մեր ձեռքին է:

22 Ուրիշ արծաթ էլ ենք բերել մեզ հետ, որ պարէն գնենք: Մենք չգիտենք, թէ ով է արծաթը դրել մեր պարկերի մէջ»:

23 Նա ասաց նրանց. «Խաղաղութիւն ընդ ձեզ, մի՛ վախեցէք: Ձեր եւ ձեր հայրերի Աստուածն է դրել գանձերը ձեր պարկերի մէջ, իսկ ես արդէն ստացել եմ ձեր արծաթը եւ գոհացել եմ»: Եւ նա բանտից հանեց ու նրանց մօտ բերեց Շմաւոնին:

24 Մարդը նրանց տարաւ ներս՝ Յովսէփի տունը: Ջուր բերեցին, որ նրանք լուանան իրենց ոտքերը, եւ նա նրանց գրաստներին կեր տուեց:

25 Նրանք պատրաստեցին ընծաները, երբ Յովսէփը դեռ չէր եկել կէսօրին, որովհետեւ լսել էին, որ այնտեղ է ճաշելու:

26 Յովսէփը տուն մտաւ, եւ նրանք այդ տանը նրան մատուցեցին իրենց ձեռքերում բռնած ընծաները եւ գլուխ խոնարհեցին նրան մինչեւ գետին:

27 Յովսէփը, դիմելով նրանց, հարցրեց. «Ինչպէ՞ս էք, ողջ-առո՞ղջ է ձեր ծերունի հայրը, որի մասին ասել էիք, թէ տակաւին կենդանի է»:

28 Նրանք պատասխանեցին. «Ողջ-առողջ է քեզ ծառայ մեր հայրը, տակաւին կենդանի է»: Նա ասաց. «Այդ մարդն օրհնեալ է Աստծուց»: Եւ նրանք խոնարհուելով գլուխ տուեցին նրան:

29 Յովսէփը բարձրացրեց իր աչքերը եւ, տեսնելով իր համամայր եղբայր Բենիամինին, հարցրեց. «Սա՞ է ձեր կրտսեր եղբայրը, որի մասին ասել էիք, թէ կը բերէք ինձ մօտ»: Եւ ասաց. «Աստուած թող ողորմի քեզ, որդեա՛կ»:

30 Յուզուեց Յովսէփը, իր եղբօր համար ճմլուեց սիրտը եւ ուզում էր լաց լինել: Եւ, մտնելով իր սենեակը, նա լաց եղաւ:

31 Յետոյ նա լուաց երեսը, դուրս եկաւ եւ, զսպելով իրեն, ասաց. «Ճա՛շ մատուցէք»:

32 Քանի որ եգիպտացիները զզւում էին եբրայեցիներից եւ նրանց հետ սեղան չէին նստում, ուստի նրան եւ նրանցից իւրաքանչիւրին, ինչպէս նաեւ նրա հետ ճաշող եգիպտացիներից իւրաքանչիւրին ճաշ մատուցեցին առանձին-առանձին:

33 Նրա դիմաց նստեց անդրանիկը՝ ըստ իր աւագութեան, իսկ կրտսերը՝ ըստ իր կրտսերութեան: Եւ մարդիկ զարմացել էին իւրաքանչիւրն իր եղբօր համար:

34 Նրանք Յովսէփից ստացան իրենց ճաշի բաժինը, եւ Բենիամինի բաժինը բոլորի բաժնի հնգապատիկը դարձաւ: Նրանք նրա հետ խմեցին ու գինովցան:

   
Scroll to see more.