Genesis第42章

Armenian (Eastern): (Genesis, Exodus, Gospels)

研究内在含义

← Genesis第41章   Genesis第43章 →

1 Յակոբը իմանալով, որ ցորենի վաճառք կայ Եգիպտացիների երկրում, ասում է իր որդիներին. «Ինչո՞ւ էք յապաղում:

2 Իմացել եմ, որ Եգիպտոսում ցորեն կայ: Գնացէ՛ք այնտեղ եւ մեզ համար մի քիչ պարէն գնեցէ՛ք, որ ապրենք, սովամահ չլինենք»:

3 Յովսէփի տասը եղբայրները իջան Եգիպտոսից ցորեն գնելու:

4 Յակոբը Յովսէփի եղբայր Բենիամինին չթողեց, որ գնայ իր եղբայրների հետ, որովհետեւ ասում էր, թէ՝ «Գուցէ նա կը հիւանդանայ»:

5 Իսրայէլի որդիներն այլ ճանապարհորդների հետ եկան ցորեն գնելու, քանի որ Քանանացիների երկրում սով էր:

6 Յովսէփը երկրի իշխանն էր, ուստի ինքն էր ցորեն վաճառում երկրի ողջ ժողովրդին: Յովսէփի եղբայրները, գալով, գլուխները խոնարհեցին մինչեւ գետին:

7 Երբ Յովսէփը տեսաւ իր եղբայրներին, ճանաչեց նրանց, բայց օտար ձեւացրեց իրեն, խստագոյնս խօսեց նրանց հետ եւ ասաց. «Որտեղի՞ց էք գալիս»: Նրանք պատասխանեցին. «Քանանացիների երկրից. եկել ենք պարէն գնելու»:

8 Յովսէփը ճանաչեց իր եղբայրներին, բայց նրանք չճանաչեցին իրեն:

9 Յովսէփը յիշեց իր տեսած երազները եւ ասաց նրանց. «Դուք լրտեսներ էք եւ եկել էք երկիրը հետախուզելու»:

10 Նրանք ասացին. «Ո՛չ, տէ՛ր: Մենք՝ քո ծառաները, եկել ենք ցորեն գնելու:

11 Մենք ամէնքս մի մարդու զաւակներ ենք: Խաղաղասէր մարդիկ ենք մենք, քո ծառաները լրտեսներ չեն»:

12 Յովսէփն ասաց նրանց. «Ո՛չ, դուք եկել էք երկիրը հետախուզելու»:

13 Նրանք պատասխանեցին. «Մենք՝ քո ծառաները, տասներկու եղբայրներ էինք, Քանանացիների երկրում մի մարդու որդիներ: Այս պահին մեր կրտսեր եղբայրն իր հօր մօտ է, իսկ միւսն այլեւս չկայ»:

14 Յովսէփն ասաց նրանց. «Ահա թէ ինչպիսի փորձի պիտի ենթարկուէք. հէնց դրա համար ասացի ձեզ՝ դուք լրտեսներ էք:

15 Երդւում եմ փարաւոնի արեւով, որ այստեղից դուրս չէք գայ, քանի ձեր կրտսեր եղբայրն այստեղ չի եկել:

16 Արդ, ձեզնից մէկին ուղարկեցէ՛ք, որ այստեղ բերի ձեր եղբօրը, իսկ դուք կը մնաք արգելարանում, մինչեւ որ պարզուի, թէ ճի՞շտ էք ասում, թէ՞ ոչ: Հակառակ դէպքում, երդւում եմ փարաւոնի արեւով, որ դուք լրտեսներ էք»:

17 Եւ երեք օր նրանց բանտարկեց:

18 Յովսէփը երրորդ օրն ասաց նրանց. «Այսպէս արէք, որպէսզի փրկուէք. ես ինքս էլ աստուածավախ մարդ եմ:

19 Եթէ խաղաղասէր մարդիկ էք, ձեր եղբայրներից մէկն այստեղ՝ բանտում կը մնայ, իսկ մնացածներդ կը տանէք ձեր գնած ցորենը:

20 Ձեր կրտսեր եղբօրն ինձ մօտ կը բերէք, որ հաւատամ ձեր ասածներին, ապա թէ ոչ՝ մահուան կը դատապարտուէք»:

21 Նրանք այդպէս էլ արեցին: Նրանք՝ եղբայրները, միմեանց ասացին. «Այո՛, մենք մեր եղբօր նկատմամբ մեղաւոր ենք, որովհետեւ անտեսեցինք նրա հոգու մղձաւանջը, երբ նա մեզ աղաչում էր, իսկ մենք նրան չլսեցինք: Դրա համար էլ մեր գլխին է իջնում այս պատուհասը»:

22 Պատասխան տուեց Ռուբէնն ու ասաց նրանց. «Ես ձեզ չասացի՞, թէ՝ «Մեղք մի՛ գործէք պատանու դէմ», իսկ դուք ինձ չլսեցիք: Հիմա նրա արեան գինն է պահանջւում»:

23 Նրանք չգիտէին, որ Յովսէփը հասկանում էր նրանց, որովհետեւ թարգմանիչ ունէր: Եւ նրանցից մեկուսանալով՝ Յովսէփը լաց եղաւ:

24 Նա դարձեալ եկաւ նրանց մօտ եւ խօսեց նրանց հետ: Ապա նրանցից առանձնացնելով Շմաւոնին՝ նրանց ներկայութեամբ շղթայեց նրան:

25 Յովսէփը հրամայեց, որ նրանց պարկերը լցնեն ցորենով, իւրաքանչիւրի արծաթը դնեն իր պարկի մէջ եւ ճանապարհի պաշար տան: Այդպէս էլ արեցին:

26 Նրանք բարձելով իրենց էշերը՝ գնացին այնտեղից:

27 Նրանցից մէկը, իջեւանում իր գրաստին կեր տալու համար բացելով իր պարկը, տեսաւ, որ իր արծաթի քսակը դրուած է իր պարկի բերանին:

28 Այն ժամանակ նա ասաց իր եղբայրներին. «Դրամը վերադարձրել են ինձ, ահա իմ պարկի մէջ է»: Նրանք զարմացան, իրար անցան ու ասացին. «Այս ի՞նչ արեց մեզ Աստուած»:

29 Նրանք եկան իրենց հայր Յակոբի մօտ, Քանանի երկիրը, պատմեցին նրան այն ամէնը, ինչ պատահել էր իրենց հետ, եւ ասացին.

30 «Մարդը, որ երկրի տէրն էր, մեզ հետ շատ խիստ խօսեց եւ մեզ, իբրեւ այդ երկրի լրտեսներ, բանտ նետեց:

31 Մենք նրան ասացինք. «Մենք խաղաղասէր մարդիկ ենք, լրտեսներ չենք:

32 Մենք տասներկու եղբայրներ ենք՝ մեր հօր որդիները: Մէկը չկայ, իսկ կրտսերն այս պահին մեր հօր մօտ է՝ Քանանացիների երկրում»:

33 Երկրի տէրը մեզ ասաց. «Ձեր խաղաղասէր լինելը սրանով կ՚իմանամ, եթէ ձեր մի եղբօրն այստեղ՝ ինձ մօտ թողնէք, ձեր գնած ցորենը վերցնէք տանէք ձեր տուն

34 եւ ձեր կրտսեր եղբօրը բերէք ինձ մօտ: Այն ժամանակ ես կ՚իմանամ, որ դուք լրտեսներ չէք, այլ խաղաղասէր մարդիկ էք, եւ ձեր այս եղբօրն էլ կը վերադարձնեմ ձեզ, եւ դուք այս երկրում առեւտուր կ՚անէք»:

35 Երբ նրանք դատարկում էին իրենց պարկերը, իւրաքանչիւրի արծաթի քսակը իր պարկում էր: Եւ երբ նրանք տեսան իրենց արծաթի քսակները, իրենք եւ իրենց հայրը խիստ վախեցան:

36 Նրանց հայրը՝ Յակոբը, ասաց նրանց. «Ինձ անզաւակ էք թողնում: Յովսէփը չկայ, Շմաւոնը չկայ, հիմա էլ Բենիամինի՞ն էք վերցնելու: Այս բոլորը իմ գլխին են թափւում»:

37 Ռուբէնը, դիմելով հօրը, ասաց. «Դու իմ երկու որդիներին կը սպանես, եթէ նրան չվերադարձնեմ քեզ: Դու Բենիամինին վստահիր ինձ, եւ ես նրան կը վերադարձնեմ քեզ»:

38 Նա ասաց. «Իմ որդին ձեզ հետ չի իջնի, որովհետեւ սրա եղբայրը մեռաւ, եւ միայն սա է մնացել: Եթէ սա հիւանդանայ ձեր գնացած ճանապարհին, ապա դուք ինձ վշտով այս ծեր հասակում գերեզման կ՚իջեցնէք»:

← Genesis第41章   Genesis第43章 →
研究内在含义

从斯威登堡的著作主要解释:

Arcana Coelestia 5396a, 5397

本章评论:



翻译:
分享: