Genesis第25章

Armenian (Eastern): (Genesis, Exodus, Gospels)

研究内在含义

← Genesis第24章   Genesis第26章 →

1 Աբրահամն առաւ մի կին էլ, որի անունը Քետտուրա էր:

2 Սա նրա համար ծնեց Զեմրանին, Յեկսանին, Մադանին, Մադիանին, Յեսբոկին եւ Սովիւէին:

3 Յեկսանը ծնեց Սաբային, Թեմանին եւ Դադանին: Դադանի որդիներն էին Ռագուէլը, Նաբդեէլը, Ասուրիիմը, Լատուսիիմը եւ Լովովմիմը:

4 Մադիամի որդիներն էին Գեփարը, Ափերը, Ենոքը, Աբիդան եւ Եդրագան: Սրանք բոլորը Քետտուրայի որդիներն էին:

5 Աբրահամն իր ողջ ունեցուածքը տուեց իր որդի Իսահակին,

6 իսկ իր հարճերի որդիներին, որոնք Աբրահամից էին, պարգեւներ տուեց եւ, քանի դեռ կենդանի էր, նրանց հեռացրեց իր որդի Իսահակի մօտից դէպի արեւելք՝ արեւելեան երկիրը:

7 Աբրահամն ապրեց հարիւր եօթանասունհինգ տարի:

8 Աբրահամը հոգին աւանդեց ու մեռաւ երջանիկ ծերութեան մէջ, զառամեալ, ալեւորած տարիքում, եւ գնաց միացաւ իր նախնիներին:

9 Նրա որդիներ Իսահակն ու Իսմայէլը նրան թաղեցին քետացի Սահառի որդի Եփրոնի ագարակի զոյգ քարայրում,

10 որը գտնւում է Մամբրէի կաղնու դիմաց: Աբրահամին ու նրա կին Սառային թաղեցին այն ագարակում ու քարայրում, որ Աբրահամը Քետի որդիներից էր գնել:

11 Աբրահամի մահից յետոյ Աստուած օրհնեց նրա որդի Իսահակին, եւ Իսահակը բնակուեց Տեսիլքի ջրհորի մօտ:

12 Սրանք են սերուդները Աբրահամի որդի Իսմայէլի, որին ծնեց եգիպտուհի Ագարը՝ Սառայի աղախինը, Աբրահամի համար:

13 Ահա Իսմայէլի որդիների անուններն ըստ նրանց ցեղերի. Իսմայէլի անդրանիկը՝ Նաբեոթ, ապա Կեդար, Աբդեէլ, Մաբսամ,

14 Մասմա, Իդումա, Մասէ,

15 Քոլդադ, Թեմա, Յետուր, Նափէս եւ Կեդմա:

16 Սրանք են Իսմայէլի որդիները, եւ սրանք են նրանց անուններն ըստ իրենց բնակավայրերի եւ իրենց վրանների, նրանց տասներկու իշխաններն ըստ իրենց ցեղերի:

17 Իսմայէլն ապրեց հարիւր երեսունեօթը տարի: Նա հոգին աւանդեց ու մեռաւ եւ գնաց միացաւ իր նախնիներին:

18 Նա բնակութիւն հաստատեց Եւիլայից մինչեւ Սուր, որը գտնւում է Եգիպտոսի դիմաց, մինչեւ Ասորեստանի սահմանները: Նա բնակուեց իր բոլոր եղբայրների դէմ յանդիման:

19 Սրանք են Աբրահամի որդի Իսահակի սերունդները. Աբրահամը ծնեց Իսահակին:

20 Իսահակը քառասուն տարեկան էր, երբ ամուսնացաւ Ասորական Միջագետքում ապրող ասորի Բաթուէլի դուստր Ռեբեկայի հետ, որը ասորի Լաբանի քոյրն էր:

21 Իսահակն աղաչեց Տիրոջը իր կին Ռեբեկայի համար, որովհետեւ սա ամուլ էր: Աստուած լսեց նրան, եւ նրա կին Ռեբեկան յղիացաւ:

22 Նրա արգանդում իրար էին բախւում երեխաները: Նա ասաց. «Եթէ այսպէս էր լինելու ինձ, հապա ինչո՞ւ յղիացայ»: Եւ նա գնաց այդ մասին Տիրոջը հարցնելու:

23 Տէրը նրան ասաց. «Քո արգանդում երկու ցեղ կայ, քո արգանդից երկու ժողովուրդ պիտի ծնուի: Մի ժողովուրդը միւս ժողովրդին պիտի գերիշխի, եւ աւագը կրտսերին պիտի ենթարկուի»:

24 Երբ հասան նրա ծննդաբերելու օրերը, նրա որովայնում երկու երեխաներ կային:

25 Անդրանիկ որդին ծնուեց բոլորովին շէկ, թաւամազ մորթով, եւ հայրը նրան կոչեց Եսաւ: Ապա Եսաւի գարշապարից բռնած ծնուեց նրա եղբայրը: Սրան էլ կոչեց Յակոբ:

26 Իսահակը վաթսուն տարեկան էր, երբ Ռեբեկան ծնեց նրանց: Մանուկները մեծացան:

27 Եսաւը հմուտ որսորդ էր եւ վայրենաբարոյ, իսկ Յակոբը մեղմաբարոյ էր ու տնակեաց:

28 Իսահակը սիրեց Եսաւին, որովհետեւ նրա որսը կերակուր էր իր համար, իսկ Ռեբեկան սիրեց Յակոբին:

29 Յակոբը մի անգամ ապուր էր եփել, երբ Եսաւը դաշտից եկաւ քաղցից թուլացած:

30 Եսաւն ասաց Յակոբին. «Այդ կարմրաւուն ապուրից տուր ուտեմ, որովհետեւ քաղցից թուլացած եմ» (դրա համար էլ նրան Եդոմ կոչեցին):

31 Յակոբն ասաց Եսաւին. «Կը տամ, եթէ այսօր ինձ վաճառես քո անդրանկութիւնը»:

32 Եսաւը պատասխանեց. «Ես մեռնելու վրայ եմ, էլ ինչի՞ս է պէտք անդրանկութիւնը»:

33 Յակոբն ասաց նրան. «Հէնց այսօր երդուի՛ր ինձ»: Եւ նա երդուեց նրան: Եսաւն իր անդրանկութիւնը վաճառեց Յակոբին,

34 իսկ Յակոբը Եսաւին տուեց հաց ու ոսպապուր: Սա կերաւ, խմեց ու վեր կացաւ գնաց: Այսպիսով Եսաւն արհամարհեց իր անդրանկութիւնը:

← Genesis第24章   Genesis第26章 →
研究内在含义

从斯威登堡的著作主要解释:

Arcana Coelestia 3230, 3231, 3232, 3233

本章评论:



翻译:
分享: