Exodus第8章

Armenian (Eastern): (Genesis, Exodus, Gospels)

研究内在含义

← Exodus第7章   Exodus第9章 →

1 Տէրն ասաց Մովսէսին. «Մտի՛ր փարաւոնի մօտ ու ասա՛ նրան. «Այսպէս է ասում Տէրը. արձակի՛ր իմ ժողովրդին, որ նա պաշտի ինձ:

2 Եթէ չուզենաս արձակել, ես, ահա, գորտերով կ՚ապականեմ քո բովանդակ երկիրը:

3 Գետի մէջ գորտեր կը վխտան, եւ դրանք, գետից դուրս գալով, կը մտնեն քո պալատները, քո սենեակների պահարանները, քո անկողինները, քո պաշտօնեաների ու քո ժողովրդի տները, քո թոնիրներն ու քո խմորի զանգուածների մէջ:

4 Գորտերը կը բարձրանան նաեւ քեզ վրայ, քո ժողովրդի ու քո պաշտօնեաների վրայ»:

5 Տէրն ասաց Մովսէսին. «Քո եղբայր Ահարոնին ասա՛. «Ձեռքիդ գաւազանը մեկնի՛ր գետի վրայ, ջրանցքների, ճահիճների վրայ եւ գորտեր դուրս բե՛ր Եգիպտացիների երկրի վրայ»:

6 Ահարոնն իր ձեռքը մեկնեց եգիպտացիների ջրերի վրայ ու գորտեր դուրս բերեց: Գորտերն ելան ու ծածկեցին Եգիպտացիների երկիրը:

7 Իրենց կախարդութիւններով նոյնն արեցին նաեւ եգիպտացի մոգերը եւ գորտեր դուրս բերեցին Եգիպտացիների երկրի վրայ:

8 Կանչելով Մովսէսին ու Ահարոնին՝ փարաւոնն ասաց. «Աղօթեցէ՛ք Տիրոջը, որ նա գորտերը հեռացնի ինձնից ու իմ ժողովրդից, որ ես արձակեմ ձեր ժողովրդին, նրանք գնան զոհ մատուցեն Տիրոջը»:

9 Մովսէսն ասաց փարաւոնին. «Ժամանակ սահմանի՛ր, թէ ե՛րբ աղօթեմ քեզ համար, քո պաշտօնեաների ու քո ժողովրդի համար, որպէսզի գորտերը չքանան քո, քո ժողովրդի մօտից ու ձեր տներից եւ մնան միայն գետում»:

10 Նա ասաց. «Վաղը»: Սա ասաց. «Թող ասածիդ պէս լինի, եւ դու կ՚իմանաս, որ մեր տէր Աստծուց բացի մի ուրիշ աստուած չկայ:

11 Գորտերը կը չքանան քո պալատներից, քո, քո ծառաների, քո ժողովրդի մօտից եւ կը մնան միայն գետի մէջ»:

12 Մովսէսն ու Ահարոնը դուրս ելան փարաւոնի մօտից: Մովսէսն աղօթեց Տիրոջը, որպէսզի գորտերը հեռանան, ինչպէս որ խոստացել էր փարաւոնին:

13 Տէրն արեց այնպէս, ինչպէս որ խնդրել էր Մովսէսը: Գորտերը չքացան տներից, բակերից ու դաշտերից:

14 Դրանք հաւաքեցին կոյտ-կոյտ, եւ երկիրը լցուեց գարշահոտութեամբ:

15 Երբ փարաւոնը տեսաւ, որ դժուարութիւնը վերացել է, նորից կարծրացաւ նրա սիրտը, նա չլսեց նրանց, ինչպէս որ ասել էր Տէրը:

16 Տէրն ասաց Մովսէսին. «Ահարոնին ասա՛, որ ձեռքի գաւազանը մեկնի ու հարուածի գետնին, որպէսզի մժեղ լինի մարդկանց, անասունների եւ Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ»:

17 Այդպէս էլ արեցին. Ահարոնն իր գաւազանը մեկնեց ու հարուածեց գետնին: Մժեղ եղաւ մարդկանց, անասունների ու Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ:

18 Իրենց կախարդութիւններով նոյնը ուզեցին անել նաեւ մոգերը, որպէսզի մժեղ հանեն, բայց չկարողացան: Մժեղ լցուեց մարդկանց ու անասունների վրայ:

19 Մոգերն ասացին փարաւոնին. «Սրա մէջ Աստծու մատը խառն է»: Կարծրացաւ փարաւոնի սիրտը, եւ նա, ինչպէս որ ասել էր Տէրը, չլսեց նրանց:

20 Տէրն ասաց Մովսէսին. «Առաւօտեան վե՛ր կաց, գնա կանգնի՛ր փարաւոնի առաջ, երբ նա դէպի գետը կը գնայ: Նրան կ՚ասես. «Այսպէս է ասում Տէրը. արձակի՛ր իմ ժողովրդին, որ նա պաշտի ինձ:

21 Իսկ եթէ չուզենաս արձակել իմ ժողովրդին, ես, ահա, շնաճանճեր կ՚ուղարկեմ քեզ վրայ, քո պաշտօնեաների ու քո ժողովրդի վրայ եւ ձեր տների վրայ: Եգիպտացիների տներն ու նրանց բնակեցրած երկիրը կը լցուեն շնաճանճերով:

22 Նոյն օրը ես զարմանահրաշ գործեր կ՚անեմ իմ ժողովրդի բնակած Գեսեմ երկրում, եւ այնտեղ շնաճանճեր չեն լինի, որպէսզի իմանաս, որ ե՛ս եմ Տէրը՝ ամբողջ երկրի Տէրը:

23 Ես պիտի բաժանեմ իմ ժողովրդին քո ժողովրդից: Վաղն իսկ այդ նշանը կը կատարուի քո երկրում»:

24 Եւ Տէրն այդպէս էլ արեց: Բազում շնաճանճեր թափուեցին փարաւոնի պալատների, նրա պաշտօնեաների տների ու Եգիպտացիների ամբողջ երկրի վրայ: Շնաճանճերից կործանուեց երկիրը:

25 Կանչելով Մովսէսին ու Ահարոնին՝ փարաւոնն ասաց. «Գնացէ՛ք, այս երկրում զո՛հ մատուցէք ձեր տէր Աստծուն»:

26 Մովսէսն ասաց. «Ընդունուած չէ, որ եգիպտացիների պիղծ անասունները զոհ մատուցենք մեր տէր Աստծուն, քանի որ, եթէ եգիպտացիների պիղծ անասունները զոհ մատուցենք նրան, մեզ կը քարկոծեն:

27 Ուրեմն՝ երեք օրուայ ճանապարհ գնանք դէպի անապատ եւ զոհ մատուցենք մեր տէր Աստծուն, ինչպէս որ մեզ ասել է Տէրը»:

28 Փարաւոնն ասաց. «Ես արձակում եմ ձեզ, անապատում զո՛հ մատուցէք ձեր տէր Աստծուն: Միայն թէ հեռու չգնաք: Արդ, նաեւ ինձ համար աղօթեցէ՛ք Տիրոջը»:

29 Մովսէսն ասաց. «Ես քեզնից կը հեռանամ, կ՚աղօթեմ Աստծուն, եւ վաղն իսկ շնաճանճերը կը չքանան փարաւոնի, նրա պաշտօնեաների ու ժողովրդի վրայից: Միայն թէ փարաւոնը ժողովրդին նորից չխաբի՝ չարգելի նրան գնալ ու Տիրոջ համար զոհ մատուցել»:

30 Մովսէսը փարաւոնի մօտից դուրս ելաւ եւ աղօթեց Աստծուն:

31 Տէրն արեց այնպէս, ինչպէս որ ասել էր Մովսէսը. շնաճանճերը վերացրեց փարաւոնի, նրա պաշտօնեաների ու ժողովրդի վրայից: Մի շնաճանճ անգամ չմնաց:

32 Բայց դրանից յետոյ էլ փարաւոնի սիրտը կարծրացաւ, եւ նա չուզեց արձակել ժողովրդին:

← Exodus第7章   Exodus第9章 →
研究内在含义

从斯威登堡的著作主要解释:

Arcana Coelestia 7378

本章评论:

斯威登堡作的本章其他参考:

Arcana Coelestia 1195, 1343, 1346, 3016, 4876, 4936, 5223, ...

Apocalypse Revealed 485, 503, 702

Divine Love and Wisdom 345

Show Unpublished Work(s)



翻译:
分享: