Bibliorum

 

Ծննդոց 22

Study

   

1 Այս դէպքերից յետոյ Աստուած փորձեց Աբրահամին: Նա ձայն տուեց նրան. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»: Սա պատասխանեց. «Այստեղ եմ»:

2 Աստուած ասաց նրան. «Ա՛ռ քո միակ որդուն՝ քո սիրելի Իսահակին, գնա՛ մի բարձրադիր տեղ եւ այնտեղ՝ լերան վրայ, որ ցոյց կը տամ քեզ, ողջակիզի՛ր նրան»:

3 Աբրահամն առաւօտեան վեր կացաւ, համետը դրեց իր էշի վրայ, հետը վերցրեց երկու ստրուկ ծառաներ, իր որդի Իսահակին, ողջակիզութեան համար փայտ կոտրեց եւ ճանապարհ ընկաւ, եկաւ այն տեղը, որ Աստուած ասել էր նրան:

4 Երրորդ օրը Աբրահամը բարձրացրեց իր աչքերը եւ հեռուից տեսաւ այդ տեղը:

5 Աբրահամն ասաց իր ծառաներին. «Նստեցէ՛ք այստեղ՝ էշի մօտ, իսկ ես ու այս պատանին գնանք այնտեղ, երկրպագութիւն անենք ու վերադառնանք ձեզ մօտ»:

6 Աբրահամը վերցրեց ողջակիզութեան փայտը, դրեց այն իր որդի Իսահակի մէջքին, իր ձեռքն առաւ կրակն ու դանակը, եւ երկուսով գնացին:

7 Իսահակը դիմեց իր հօրը՝ Աբրահամին. «Հա՛յր»: Սա ասաց. «Ի՞նչ է, որդի՛ս»: Նա հարցրեց. «Ահա կրակը, եւ ահա փայտը, հապա ո՞ւր է ողջակիզելու ոչխարը»:

8 Սա պատասխանեց. «Աստուած կը հոգայ իր ողջակիզելու ոչխարի մասին, որդեա՛կ»: Նրանք երկուսով գնացին

9 եւ հասան այն տեղը, որ նրան ցոյց էր տուել Աստուած: Աբրահամն այնտեղ զոհասեղան շինեց, վրան դրեց փայտը, իր որդի Իսահակին կապեց եւ դրեց զոհասեղանի փայտի վրայ:

10 Աբրահամը երկարեց ձեռքը, որ վերցնի դանակն ու մորթի իր որդուն:

11 Տիրոջ հրեշտակը երկնքից ձայն տուեց նրան ու ասաց. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»: Սա պատախանեց նրան. «Այստեղ եմ»:

12 Նա ասաց. «Ձեռք մի՛ տուր պատանուն, նրան որեւէ վնաս մի՛ պատճառիր, որովհետեւ այժմ համոզուեցի, որ դու երկիւղ ունես Աստծու նկատմամբ եւ ինձ համար չես խնայի քո որդուն»:

13 Աբրահամը բարձրացրեց իր աչքերը եւ տեսաւ, որ մացառուտ թփի մէջ եղջիւրներից մի խոյ է կախուած: Աբրահամը գնաց, առաւ խոյն ու այն ողջակիզեց իր որդի Իսահակի փոխարէն:

14 Աբրահամն այդ վայրի անունը դրեց «Տէրը տեսաւ», եւ մինչեւ այսօր էլ ասում են՝ «Այդ լերան վրայ երեւաց Տէրը»:

15 Տիրոջ հրեշտակը երկնքից երկրորդ անգամ ձայն տալով՝ ասաց Աբրահամին.

16 «Անձովս եմ երդւում, - ասում է Տէրը, - քանի որ դու արեցիր այդ բանը՝ ինձ համար չխնայեցիր քո սիրելի որդուն,

17 անչափ պիտի օրհնեմ քեզ եւ երկնքի աստղերի, ծովեզերքի աւազի չափ պիտի բազմացնեմ քո սերունդը: Քո սերունդը պիտի տիրանայ իր թշնամիների քաղաքներին,

18 քո սերնդի շնորհիւ պիտի օրհնուեն աշխարհի բոլոր ազգերը այն բանի համար, որ անսացիր իմ ձայնին»:

19 Աբրահամը վերադարձաւ իր ծառաների մօտ: Նրանք միասին ելան գնացին դէպի Երդման ջրհորը, եւ Աբրահամը բնակուեց Երդման ջրհորի մօտ:

20 Այս դէպքերից յետոյ Աբրահամին յայտնեցին, որ ահա Մեղքան եւս քո եղբայր Նաքորի համար ծնել է որդիներ՝

21 անդրանիկ որդի Ովքին, նրա եղբայր Բաւին, ասորիների նախահայր Կամուէլին,

22 Քասադին, Ազաւին, Փալդասին, Յետդափին եւ Բաթուէլին:

23 Եւ Բաթուէլը ծնել է Ռեբեկային: Սրանք են այն ութ որդիները, որոնց ծնեց Մեղքան Աբրահամի եղբայր Նաքորի համար:

24 Նրա հարճը, որի անունը Ռեէմա էր, նա էլ ծնեց Տաբեկին, Դաամին, Տոքոսին եւ Մոքային:

   

Bibliorum

 

Գաղատացիներ 3

Study

   

1 Ո՛վ անմիտ Գաղատացիներ, ո՞վ ձեզ հմայեց, մինչդեռ ձեր մէջ, ձեր աչքերուն առջեւ Յիսուս Քրիստոս նախապէս նկարագրուեցաւ՝ խաչուած:

2 Սա՛ միայն կ՚ուզեմ սորվիլ ձեզմէ.- դուք Հոգին ստացաք Օրէնքին գործերո՞վ թէ հաւատքին հնազանդելով:

3 Այդքան անմի՞տ էք. Հոգիով սկսաք, եւ հիմա մարմինո՞վ կ՚աւարտէք:

4 Զո՞ւր տեղը այդքան չարչարուեցաք (եթէ զուր տեղն ալ ըլլար):

5 Ուրեմն ա՛ն՝ որ ձեզի Հոգին կը հայթայթէ ու ձեր մէջ հրաշքներ կը գործէ, միթէ ձեր կատարած Օրէնքի գործերո՞ւն համար կ՚ընէ, թէ հաւատքի հնազանդութեան համար.

6 ինչպէս Աբրահամ հաւատաց Աստուծոյ, եւ ատիկա արդարութիւն սեպուեցաւ անոր:

7 Ուրեմն գիտցէ՛ք թէ անոնք որ հաւատքէն են՝ անո՛նք են Աբրահամի որդիները:

8 Գիրքը, նախատեսելով թէ Աստուած հեթանոսները պիտի արդարացնէ հաւատքի միջոցով, նախապէս աւետեց Աբրահամի՝ ըսելով. «Քեզմո՛վ պիտի օրհնուին բոլոր ազգերը»:

9 Ուստի անոնք որ հաւատքէն են՝ կ՚օրհնուին հաւատացեալ Աբրահամի հետ:

10 Որովհետեւ բոլոր անոնք որ Օրէնքին գործերէն են՝ անէծքի տակ են, քանի որ գրուած է. «Անիծեա՛լ ըլլայ ո՛վ որ չի յարատեւեր Օրէնքի գիրքին բոլոր գրուածներուն մէջ՝ զանոնք գործադրելու համար»:

11 Իսկ բացայայտ է թէ ո՛չ մէկը կ՚արդարանայ Աստուծոյ առջեւ Օրէնքով, քանի որ “արդարը հաւատքո՛վ պիտի ապրի”:

12 Բայց Օրէնքը հաւատքէն չէ, հապա՝ “այն մարդը որ կը գործադրէ զանոնք՝ պիտի ապրի անոնցմով”:

13 Քրիստոս փրկանքով գնեց մեզ Օրէնքի անէծքէն՝ մեզի համար անիծուելով, (որովհետեւ գրուած է. «Անիծեա՛լ է ո՛վ որ փայտէն կը կախուի»)

14 որպէսզի Աբրահամի օրհնութիւնը գայ հեթանոսներուն վրայ՝ Քրիստոս Յիսուսի միջոցով. որպէսզի մե՛նք ալ ստանանք Հոգիին խոստումը՝ հաւատքի միջոցով:

15 Մարդոց սովորութեան համաձայն կը խօսիմ, եղբայրնե՛ր: Նոյնիսկ մարդո՛ւ մը վաւերացուցած կտակը ո՛չ մէկը կը ջնջէ, կամ ալ անոր վրայ ուրիշ բան մը կ՚աւելցնէ:

16 Ուրեմն խոստումները եղան Աբրահամի՛ եւ անոր զարմին: Չ՚ըսեր. «Եւ քու զարմերուդ», այսինքն՝ շատերո՛ւ: Հապա կը խօսի մէ՛կ զարմի մասին. «Եւ քու զարմիդ», որ Քրիստո՛ս է:

17 Բայց սա՛ կ՚ըսեմ. այն ուխտը՝ որ նախապէս Աստուծմէ վաւերացուեցաւ Քրիստոսով, չի կրնար չորս հարիւր երեսուն տարի ետք անվաւեր դառնալ Օրէնքէն՝ խոստումը ոչնչացնելով:

18 Որովհետեւ եթէ ժառանգութիւնը Օրէնքէն է, ուրեմն ա՛լ խոստումէն չէ. բայց Աստուած խոստումո՛վ շնորհեց զայն Աբրահամի:

19 Հապա ինչո՞ւ տրուեցաւ Օրէնքը: Ան աւելցաւ՝ օրինազանցութիւնները յայտնելու համար, (մինչեւ որ գար այն զարմը՝ որուն եղած էր խոստումը,) եւ հրեշտակներու կողմէ պատուիրուեցաւ միջնորդի մը ձեռքով:

20 Իսկ միջնորդը՝ միայն մէ՛կ անձի միջնորդ չէ. սակայն Աստուած մէկ է:

21 Ուրեմն Օրէնքը հակառա՞կ է Աստուծոյ խոստումներուն: Ամե՛նեւին. քանի որ եթէ տրուած ըլլար այնպիսի Օրէնք մը՝ որ կարենար կեանք տալ, այն ատեն ի՛րապէս արդարութիւնը Օրէնքով կ՚ըլլար:

22 Բայց Գիրքը բոլորը փակեց մեղքի տակ, որպէսզի Յիսուս Քրիստոսի հաւատքով եղած խոստումը տրուի հաւատացեալներուն:

23 Բայց հաւատքին գալէն առաջ՝ Օրէնքին տակ պահպանուած էինք, փակուած այն հաւատքէն՝ որ յետագային պիտի յայտնուէր:

24 Հետեւաբար Օրէնքը եղաւ մեր դաստիարա՛կը՝ մեզ առաջնորդելու Քրիստոսի, որպէսզի մենք հաւատքո՛վ արդարանանք:

25 Բայց հաւատքին գալէն ետք՝ այլեւս դաստիարակի տակ չենք,

26 որովհետեւ դուք բոլորդ Աստուծոյ որդիներ էք՝ Քրիստոս Յիսուսի վրայ եղած հաւատքով.

27 քանի որ դուք բոլորդ՝ որ Քրիստոսով մկրտուեցաք, Քրիստո՛սը հագաք:

28 Ա՛լ ո՛չ Հրեայ կայ, ո՛չ Յոյն. ո՛չ ստրուկ կայ, ո՛չ ազատ. ո՛չ արու կայ, ո՛չ էգ. որովհետեւ դուք բոլորդ մէկ էք Քրիստոս Յիսուսով:

29 Իսկ եթէ դուք Քրիստոսինն էք, ուրեմն Աբրահամի զարմն էք, եւ խոստումին համաձայն՝ ժառանգորդներ: