Bibliorum

 

Ելք 3

Study

   

1 Մովսէսն արածեցնում էր իր աներոջ՝ Յոթորի՝ մադիանացիների քրմի ոչխարները: Նա ոչխարները տարաւ անապատ ու հասաւ Աստծու լեռը՝ Քորէբ:

2 Տիրոջ հրեշտակը երեւաց նրան մորենու միջից կրակի բոցով: Մովսէսը տեսնում էր, որ մորենին հրով վառւում էր, բայց չէր այրւում:

3 Մովսէսն ինքն իրեն ասաց. «Գնամ տեսնեմ այս մեծ տեսարանը: Ինչպէ՞ս է, որ մորենին չի այրւում»:

4 Երբ Տէրը նկատեց, որ Մովսէսը տեսնելու համար մօտ է գնում, մորենու միջից ձայն տուեց նրան ու ասաց. «Մովսէ՛ս, Մովսէ՛ս»: Սա ասաց. «Ի՞նչ է»:

5 Աստուած ասաց. «Մի՛ մօտեցիր այստեղ: Կօշիկներդ հանի՛ր քո ոտքերից, որովհետեւ այն վայրը, ուր կանգնած ես դու, սուրբ հող է»:

6 Եւ աւելացրեց. «Ես քո հօր Աստուածն եմ, Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը ու Յակոբի Աստուածը»: Եւ Մովսէսը շուռ տուեց իր երեսը, որովհետեւ վախենում էր նայել Աստծուն:

7 Տէրն ասաց Մովսէսին. «Ես ականատես եղայ Եգիպտոսում գտնուող իմ ժողովրդի կրած տառապանքներին,

8 լսեցի վերակացուների պատճառով նրանց բարձրացրած աղաղակը, տեղեակ եմ նրանց վշտերին: Ես իջայ, որ նրանց փրկեմ եգիպտացիների ձեռքից, նրանց հանեմ այդ երկրից, նրանց տանեմ մի լաւ ու ընդարձակ երկիր՝ Քանանացիների, Քետացիների, Ամորհացիների, Փերեզացիների, Խեւացիների, Գերգեսացիների ու Յ»բուսացին»րի »րկիրը« ուր կաթ ու մ»ղր է հոսում:

9 Արդ, ահաւասիկ իսրայէլացիների աղաղակը հասել է ինձ. ես տեսայ այն տառապանքները, որ նրանք կրում են եգիպտացիների ձեռքից:

10 Արդ, արի՛ քեզ ուղարկեմ եգիպտացիների արքայ փարաւոնի մօտ, որ իմ ժողովրդին՝ իսրայէլացիներին հանես Եգիպտացիների երկրից»:

11 Մովսէսն ասաց Աստծուն. «Ես ո՞վ եմ, որ գնամ եգիպտացիների արքայ փարաւոնի մօտ եւ իսրայէլացիներին հանեմ Եգիպտացիների երկրից»:

12 Աստուած ասաց. «Ես քեզ հետ կը լինեմ, եւ երբ այս լերան վրայ Աստծուն պաշտէք, այդ քեզ համար նշան կը լինի, որ ե՛ս եմ ուղարկել քեզ, որպէսզի իմ ժողովրդին հանես Եգիպտացիների երկրից»:

13 Մովսէսն ասաց Աստծուն. «Ես կը գնամ իսրայէլացիների մօտ ու նրանց կ՚ասեմ. «Ձեր հայրերի Աստուածն է առաքել ինձ ձեզ մօտ»: Եւ եթէ նրանք հարցնեն ինձ, թէ ի՞նչ է նրա անունը, ես ի՞նչ պատասխան տամ նրանց»:

14 Աստուած ասաց Մովսէսին. «Ես այն Աստուածն եմ, որ Է»: Եւ աւելացրեց. «Այսպէս կ՚ասես իսրայէլացիներին. «Որ Է-ն առաքեց ինձ ձեզ մօտ»:

15 Աստուած դարձեալ ասաց Մովսէսին. «Այսպէս կ՚ասես իսրայէլացիներին. «Ձեր հայրերի Տէր Աստուածը՝ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածն է առաքել ինձ ձեզ մօտ»: Այս է իմ յաւիտենական անունը, որ յիշատակ է ազգից ազգ:

16 Արդ, գնա հաւաքի՛ր իսրայէլացի ծերերին ու նրանց ասա՛. «Ձեր հայրերի Տէր Աստուածը՝ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը երեւաց ինձ ու ասաց. «Ես այցելեցի ձեզ ու գիտեմ, թէ ինչ բաներ պատահեցին ձեզ հետ Եգիպտոսում:

17 Ես ասում եմ. «Ձեզ հանելու եմ Եգիպտացիների՝ չարչարանքների երկրից եւ տանելու եմ Քանանացիների, Քետացիների, Ամորհացիների, Փերեզացիների, Գերգեսացիների, Խեւացիների ու Յեբուսացիների երկիրը, ուր կաթ ու մեղր է հոսում»:

18 Նրանք կը լսեն քեզ: Դու իսրայէլացի ծերերի հետ կը մտնես եգիպտացիների արքայ փարաւոնի մօտ եւ կ՚ասես նրան. «Եբրայեցիների Տէր Աստուածը մեզ կանչում է իր մօտ: Հիմա պիտի գնանք երեք օրուայ ճանապարհ դէպի անապատ, որպէսզի մեր Աստծուն զոհ մատուցենք»:

19 Ես գիտեմ, որ եգիպտացիների արքան թոյլ չի տայ, որ դուք գնաք, բայց հզօր մի ձեռք կը ստիպի նրան:

20 Ես ձեռքս մեկնելով պիտի հարուածեմ Եգիպտոսին իմ բոլոր զարմանահրաշ գործերով, որ պիտի գործեմ նրանց մէջ, եւ դրանից յետոյ միայն նա պիտի ազատ արձակի ձեզ:

21 Ես եգիպտացիների ներկայութեամբ շնորհներ եմ տալու իմ ժողովրդին, որ երբ դուրս գաք, ձեռնունայն դուրս չգաք:

22 Ամէն մի կին իր հարեւանից կամ իր հարեւանութեամբ բնակուողից թող ուզի ոսկէ ու արծաթէ անօթներ եւ զգեստներ: Դուք կը զարդարէք ձեր տղաներին ու ձեր աղջիկներին եւ այդպիսով կողոպտած կը լինէք եգիպտացիներին»:

   

Bibliorum

 

Ելք 5

Study

   

1 Այնուհետեւ Մովսէսն ու Ահարոնը եկան փարաւոնի մօտ ու ասացին նրան. «Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. «Արձակի՛ր իմ ժողովրդին, որ իմ պատուին տօն կատարի անապատում»:

2 Փարաւոնն ասաց. «Ո՞վ է նա, որի ձայնին անսալով՝ պիտի ազատ արձակեմ իսրայէլացիներին: Այդ Տիրոջը ես չեմ ճանաչում եւ իսրայէլացիներին էլ չեմ արձակում»:

3 Նրան ասացին. «Եբրայեցիների Աստուածն է կանչել մեզ իր մօտ: Արդ, երեք օրուայ ճանապարհ պիտի գնանք անապատով, որպէսզի զոհ մատուցենք մեր տէր Աստծուն, այլապէս մեզ մահ կամ սպանութիւն է սպասում»:

4 Եգիպտացիների արքան նրանց ասաց. «Մովսէս եւ Ահարոն, դուք ինչո՞ւ էք մարդկանց կտրում իրենց գործից: Ամէն մէկը թող գնայ իր գործին»:

5 Եւ փարաւոնը շարունակեց. «Ահա երկրիս մէջ խիստ բազմանում է ժողովուրդը, նրանց գործից չկտրենք»:

6 Փարաւոնն այդ օրը ժողովրդի գործավարներին ու նրանց վերակացուներին հրամայեց՝ ասելով.

7 «Այդ մարդկանց այլեւս յարդ չտաք աղիւս շինելու համար, ինչպէս տալիս էիք մինչեւ օրս: Իրենք թող գնան ու իրենց համար յարդ հայթայթեն: Եւ ստիպեցէ՛ք,

8 որ, որքան առաջ էին նրանք աղիւս շինում, նոյնքան էլ շինեն այսուհետեւ. բան չպակասեցնէ՛ք: Անգործ մնալու պատճառով է, որ նրանք աղաղակում են ու ասում. «Գնանք, զոհ մատուցենք մեր Աստծուն»:

9 Թող մարդկանց գործն է՛լ աւելի ծանրանայ, որպէսզի դրանով զբաղուեն եւ ոչ թէ դատարկ բաների մասին մտածեն»:

10 Ժողովրդի գործավարները եւ նրանց վերակացուները խիստ ծանր աշխատանքի լծեցին նրանց եւ, դիմելով ժողովրդին, ասացին. «Այսպէս է ասում փարաւոնը. «Ձեզ այլեւս յարդ չեմ տայ:

11 Դուք ինքներդ գնացէ՛ք, ձեզ համար յարդ հաւաքեցէ՛ք, ուր որ գտնէք, բայց սահմանուած չափից ոչինչ չպիտի պակասի»:

12 Ժողովուրդը սփռուեց ամբողջ Եգիպտոսով մէկ, որպէսզի եղէգ հաւաքի յարդ պատրաստելու համար:

13 Գործավարներն ստիպում էին նրանց անընդհատ աշխատել՝ ասելով. «Ձեր ամենօրեայ գործն արէք այն չափով, ինչպէս որ երբ յարդ էին տալիս ձեզ»:

14 Եւ իսրայէլացի գործավարները տանջանքի էին ենթարկւում փարաւոնի՝ իրենց վրայ նշանակած վերակացուներից, որոնք ասում էին. «Ինչո՞ւ այսօր էլ աղիւս չէք շինում այնքան, որքան մինչեւ օրս»:

15 Իսրայէլացի գործավարները գնացին բողոքեցին փարաւոնին՝ ասելով. «Ինչո՞ւ ես այդպէս վարւում քո ծառաների հետ:

16 Քո ծառաներին յարդ չեն տալիս, բայց հրամայում են, որ աղիւս շինենք: Քո ծառաներն, ահա, տանջանքի մէջ են: Դու կեղեքում ես քո ժողովրդին»:

17 Փարաւոնը նրանց ասաց. «Դուք ծոյլ ու անբան մարդիկ էք, դրա համար էլ ասում էք. «Գնանք զոհ մատուցենք մեր Աստծուն»:

18 Արդ, գնացէք աշխատեցէ՛ք, որովհետեւ ոչ ոք ձեզ յարդ չի տալու, բայց դուք աղիւսի սահմանուած քանակը պէտք է տաք»:

19 Իսրայէլացիների գործավարները, տեսնելով իրենց այս ծանր կացութիւնը, իրար մէջ ասացին. «Ոչ ոք չի նուազեցնի աղիւս շինելու մեր ամենօրեայ քանակը»:

20 Նրանք հանդիպեցին Մովսէսին ու Ահարոնին, որոնք փարաւոնի պալատից ելնելով՝ գալիս էին իրենց մօտ:

21 Նրանք ասացին նրանց. «Թող Աստուած աչքի առաջ ունենայ ձեզ եւ դատի, քանի որ մեր հօտը գարշելի դարձրիք փարաւոնի ու նրա պաշտօնեաների աչքին: Դուք սուր տուեցիք նրա ձեռքը, որ նա մեզ սպանի»:

22 Դիմելով Տիրոջը՝ Մովսէսն ասաց. «Տէ՛ր, ինչո՞ւ չարչարեցիր քո ժողովրդին եւ ինչո՞ւ ուղարկեցիր ինձ:

23 Այն պահից, երբ մտայ փարաւոնի պալատը քո անունից նրա հետ խօսելու համար, նա չարչարեց ժողովրդին, իսկ դու երբեք չես փրկում քո ժողովրդին»: