बाइबल

 

Ելք 4

पढाई करना

   

1 Պատասխան տուեց Մովսէսն ու ասաց. «Եթէ ինձ չհաւատան, իմ ասածը չլսեն, (քանի որ նրանք կարող են ասել, թէ՝ Աստուած քեզ չի երեւացել), ես ի՞նչ ասեմ նրանց»:

2 Տէրն ասաց նրան. «Այդ ի՞նչ է քո ձեռքին»: Սա ասաց. «Գաւազան»:

3 Նա ասաց. «Գետի՛ն գցիր դա»: Մովսէսը գետին գցեց գաւազանը, այն օձ դարձաւ, եւ Մովսէսը փախաւ դրանից:

4 Տէրն ասաց Մովսէսին. «Երկարի՛ր ձեռքդ եւ բռնի՛ր դրա պոչից»: Նա երկարեց ձեռքն ու բռնեց պոչից, եւ օձը գաւազան դարձաւ իր ձեռքում:

5 «Այդպէս կ՚անես, որպէսզի քեզ հաւատան, որ քեզ երեւացել է նրանց հայրերի Աստուածը՝ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը»:

6 Տէրը նորից ասաց նրան. «Ձեռքդ ծոցդ դի՛ր»: Նա ձեռքը դրեց իր ծոցը, ապա հանեց այն իր ծոցից, եւ ձեռքը ձեան նման սպիտակեց, ինչպէս բորոտների մօտ է լինում:

7 Աստուած ասաց. «Ձեռքդ ծոցդ դի՛ր»: Նա ձեռքը դրեց իր ծոցը, յետոյ հանեց այն իր ծոցից, եւ ձեռքը վերստացաւ իր մարմնի նախկին գոյնը:

8 Աստուած ասաց. «Եթէ չհաւատան քեզ եւ չունկնդրեն առաջին նշանի ձայնին, ապա կը հաւատան քո երկրորդ նշանին:

9 Եթէ պատահի, որ չհաւատան երկու նշաններին էլ, չանսան քո ասածին, ապա գետից ջուր կը վերցնես, կը թափես գետին, եւ գետից քո առած ջուրը գետնի վրայ արիւն կը դառնայ»:

10 Մովսէսն ասաց Տիրոջը. «Աղաչում եմ քեզ, Տէ՛ր, մինչեւ օրս ես պերճախօս չեմ եղել, ոչ իսկ երբ սկսեցիր խօսել քո ծառայի հետ, որովհետեւ անվարժ եմ խօսում, ծանրախօս եմ»:

11 Տէրն ասաց Մովսէսին. «Ո՞վ է մարդուն բերան տուել, կամ ո՞վ է ստեղծել խուլին ու համրին, տեսնողին ու կոյրին: Մի՞թէ ոչ ես՝ Աստուածս:

12 Արդ, գնա՛, ես կը բացեմ քո բերանը, քեզ կը սովորեցնեմ, որ ասես այն, ինչ պէտք է ասել»:

13 Մովսէսն ասաց. «Աղաչում եմ քեզ, Տէ՛ր, մի այլ կարող մարդու ընտրիր, նրան ուղարկիր»:

14 Տէրը խիստ բարկացաւ Մովսէսի վրայ ու ասաց. «Մի՞թէ ղեւտացի Ահարոնը քո եղբայրը չէ: Գիտեմ, որ նա քո փոխարէն փայլուն կը խօսի: Նա քեզ ընդառաջ կ՚ելնի եւ քեզ տեսնելով՝ ամբողջ հոգով կ՚ուրախանայ:

15 Կը խօսես նրա հետ եւ իմ պատգամները կը դնես նրա շրթներին: Ես կը բացեմ քո բերանն ու նրա բերանը, ձեզ կը սովորեցնեմ այն, ինչ պէտք է անէք:

16 Ժողովրդի հետ քո փոխարէն նա կը խօսի, նա կը լինի քո խօսափողը, իսկ դու նրա համար կը լինես ներշնչող Աստուած:

17 Այն գաւազանը, որ օձ դարձաւ, կ՚առնես ձեռքդ եւ դրանով նշաններ կը գործես»:

18 Մովսէսը գնաց իր աներոջ՝ Յոթորի մօտ ու ասաց նրան. «Վերադառնամ Եգիպտոսում գտնուող իմ եղբայրների մօտ եւ տեսնեմ, թէ տակաւին կենդանի՞ են»: Յոթորն ասաց Մովսէսին. «Բարի ճանապարհ»:

19 Այս դէպքերից բազում օրեր անց, երբ վախճանուել էր եգիպտացիների արքան, Տէրը Մադիամում ասաց Մովսէսին. «Գնա՛, վերադարձի՛ր Եգիպտոս, որովհետեւ արդէն մեռել են բոլոր նրանք, ովքեր ուզում էին խլել քո կեանքը»:

20 Մովսէսը, առնելով իր կնոջն ու երեխաներին, նրանց նստեցրեց գրաստների վրայ ու վերադարձաւ Եգիպտոս: Մովսէսն իր ձեռքն առաւ գաւազանը, որ Աստուած էր տուել իրեն:

21 Տէրն ասաց Մովսէսին. «Եգիպտոս գնալիս ու վերադառնալիս փարաւոնի առաջ ջանա՛, որ անես բոլոր այն նշանները, որոնք անելու շնորհը տուել եմ քո ձեռքը: Ես խստասիրտ կը դարձնեմ փարաւոնին, եւ նա ազատ չի արձակի ժողովրդին:

22 Դու կ՚ասես փարաւոնին. «Այսպէս է ասում Տէրը. իմ անդրանիկ որդին Իսրայէլն է:

23 Քեզ ասացի՝ ազա՛տ արձակիր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ: Իսկ եթէ չուզենաս ազատ արձակել նրան, այդ դէպքում ես կը սպանեմ քո անդրանիկ որդուն»:

24 Ճանապարհին, իջեւանում, Մովսէսին հանդիպեց Տիրոջ հրեշտակը, որն ուզում էր սպանել նրան:

25 Սեպփորան, վերցնելով մի սուր քար, թլփատեց իր անթլփատ որդուն եւ հրեշտակի ոտքերն ընկնելով՝ ասաց. «Ահա կատարուեց իմ մանկան թլփատութեան կարգը»:

26 Հրեշտակը հեռացաւ նրանից, քանի որ նա ասել էր, թէ՝ «Կատարուեց իմ մանկան թլփատութեան կարգը»:

27 Տէրն ասաց Ահարոնին. «Գնա՛ անապատ՝ Մովսէսին ընդառաջ»: Նա գնաց, նրան հանդիպեց Աստծու լերան վրայ ու համբուրեց նրան:

28 Մովսէսն Ահարոնին յայտնեց իրեն ուղարկող Տիրոջ բոլոր պատգամներն ու բոլոր այն նշանները, որ պատուիրել էր իրեն կատարել:

29 Մովսէսն ու Ահարոնը գնացին եւ հաւաքեցին իսրայէլացիների ամբողջ ծերակոյտը:

30 Ահարոնը նրանց հաղորդեց բոլոր այն պատգամները, որ Տէրը յայտնել էր Մովսէսին, եւ Մովսէսը նշաններ գործեց ժողովրդի առաջ:

31 Ժողովուրդը հաւատաց եւ ուրախացաւ, որ Աստուած այցելել է իսրայէլացիներին, ականատես եղել իրենց տառապանքներին: Ժողովուրդը խոնարհուեց ու երկրպագեց:

   

बाइबल

 

Ելք 3

पढाई करना

   

1 Մովսէսն արածեցնում էր իր աներոջ՝ Յոթորի՝ մադիանացիների քրմի ոչխարները: Նա ոչխարները տարաւ անապատ ու հասաւ Աստծու լեռը՝ Քորէբ:

2 Տիրոջ հրեշտակը երեւաց նրան մորենու միջից կրակի բոցով: Մովսէսը տեսնում էր, որ մորենին հրով վառւում էր, բայց չէր այրւում:

3 Մովսէսն ինքն իրեն ասաց. «Գնամ տեսնեմ այս մեծ տեսարանը: Ինչպէ՞ս է, որ մորենին չի այրւում»:

4 Երբ Տէրը նկատեց, որ Մովսէսը տեսնելու համար մօտ է գնում, մորենու միջից ձայն տուեց նրան ու ասաց. «Մովսէ՛ս, Մովսէ՛ս»: Սա ասաց. «Ի՞նչ է»:

5 Աստուած ասաց. «Մի՛ մօտեցիր այստեղ: Կօշիկներդ հանի՛ր քո ոտքերից, որովհետեւ այն վայրը, ուր կանգնած ես դու, սուրբ հող է»:

6 Եւ աւելացրեց. «Ես քո հօր Աստուածն եմ, Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը ու Յակոբի Աստուածը»: Եւ Մովսէսը շուռ տուեց իր երեսը, որովհետեւ վախենում էր նայել Աստծուն:

7 Տէրն ասաց Մովսէսին. «Ես ականատես եղայ Եգիպտոսում գտնուող իմ ժողովրդի կրած տառապանքներին,

8 լսեցի վերակացուների պատճառով նրանց բարձրացրած աղաղակը, տեղեակ եմ նրանց վշտերին: Ես իջայ, որ նրանց փրկեմ եգիպտացիների ձեռքից, նրանց հանեմ այդ երկրից, նրանց տանեմ մի լաւ ու ընդարձակ երկիր՝ Քանանացիների, Քետացիների, Ամորհացիների, Փերեզացիների, Խեւացիների, Գերգեսացիների ու Յ»բուսացին»րի »րկիրը« ուր կաթ ու մ»ղր է հոսում:

9 Արդ, ահաւասիկ իսրայէլացիների աղաղակը հասել է ինձ. ես տեսայ այն տառապանքները, որ նրանք կրում են եգիպտացիների ձեռքից:

10 Արդ, արի՛ քեզ ուղարկեմ եգիպտացիների արքայ փարաւոնի մօտ, որ իմ ժողովրդին՝ իսրայէլացիներին հանես Եգիպտացիների երկրից»:

11 Մովսէսն ասաց Աստծուն. «Ես ո՞վ եմ, որ գնամ եգիպտացիների արքայ փարաւոնի մօտ եւ իսրայէլացիներին հանեմ Եգիպտացիների երկրից»:

12 Աստուած ասաց. «Ես քեզ հետ կը լինեմ, եւ երբ այս լերան վրայ Աստծուն պաշտէք, այդ քեզ համար նշան կը լինի, որ ե՛ս եմ ուղարկել քեզ, որպէսզի իմ ժողովրդին հանես Եգիպտացիների երկրից»:

13 Մովսէսն ասաց Աստծուն. «Ես կը գնամ իսրայէլացիների մօտ ու նրանց կ՚ասեմ. «Ձեր հայրերի Աստուածն է առաքել ինձ ձեզ մօտ»: Եւ եթէ նրանք հարցնեն ինձ, թէ ի՞նչ է նրա անունը, ես ի՞նչ պատասխան տամ նրանց»:

14 Աստուած ասաց Մովսէսին. «Ես այն Աստուածն եմ, որ Է»: Եւ աւելացրեց. «Այսպէս կ՚ասես իսրայէլացիներին. «Որ Է-ն առաքեց ինձ ձեզ մօտ»:

15 Աստուած դարձեալ ասաց Մովսէսին. «Այսպէս կ՚ասես իսրայէլացիներին. «Ձեր հայրերի Տէր Աստուածը՝ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածն է առաքել ինձ ձեզ մօտ»: Այս է իմ յաւիտենական անունը, որ յիշատակ է ազգից ազգ:

16 Արդ, գնա հաւաքի՛ր իսրայէլացի ծերերին ու նրանց ասա՛. «Ձեր հայրերի Տէր Աստուածը՝ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը երեւաց ինձ ու ասաց. «Ես այցելեցի ձեզ ու գիտեմ, թէ ինչ բաներ պատահեցին ձեզ հետ Եգիպտոսում:

17 Ես ասում եմ. «Ձեզ հանելու եմ Եգիպտացիների՝ չարչարանքների երկրից եւ տանելու եմ Քանանացիների, Քետացիների, Ամորհացիների, Փերեզացիների, Գերգեսացիների, Խեւացիների ու Յեբուսացիների երկիրը, ուր կաթ ու մեղր է հոսում»:

18 Նրանք կը լսեն քեզ: Դու իսրայէլացի ծերերի հետ կը մտնես եգիպտացիների արքայ փարաւոնի մօտ եւ կ՚ասես նրան. «Եբրայեցիների Տէր Աստուածը մեզ կանչում է իր մօտ: Հիմա պիտի գնանք երեք օրուայ ճանապարհ դէպի անապատ, որպէսզի մեր Աստծուն զոհ մատուցենք»:

19 Ես գիտեմ, որ եգիպտացիների արքան թոյլ չի տայ, որ դուք գնաք, բայց հզօր մի ձեռք կը ստիպի նրան:

20 Ես ձեռքս մեկնելով պիտի հարուածեմ Եգիպտոսին իմ բոլոր զարմանահրաշ գործերով, որ պիտի գործեմ նրանց մէջ, եւ դրանից յետոյ միայն նա պիտի ազատ արձակի ձեզ:

21 Ես եգիպտացիների ներկայութեամբ շնորհներ եմ տալու իմ ժողովրդին, որ երբ դուրս գաք, ձեռնունայն դուրս չգաք:

22 Ամէն մի կին իր հարեւանից կամ իր հարեւանութեամբ բնակուողից թող ուզի ոսկէ ու արծաթէ անօթներ եւ զգեստներ: Դուք կը զարդարէք ձեր տղաներին ու ձեր աղջիկներին եւ այդպիսով կողոպտած կը լինէք եգիպտացիներին»: