Die Bibel

 

Ծննդոց 32

Lernen

   

1 Յակոբն էլ գնաց իր ճանապարհով: Նա տեսաւ Աստծու հրեշտակների բանակը. նրան ընդառաջ եկան Աստծու հրեշտակները:

2 Յակոբը տեսնելով նրանց՝ ասաց. «Սա Աստծու բանակն է». եւ այդ վայրի անունը դրեց Բանակատեղի:

3 Յակոբն իրենից առաջ բանագնացներ ուղարկելով իր եղբայր Եսաւի մօտ, Սէիր գաւառը, Եդոմի երկիրը՝ պատուէր տուեց նրանց ու ասաց.

4 «Այսպէս կ՚ասէք իմ տէր Եսաւին, թէ այսպէս է ասում քո ծառայ Յակոբը. «Լաբանի մօտ ապրեցի եւ մինչեւ հիմա այնտեղ մնացի:

5 Ունեցայ արջառներ, ոչխարներ, էշեր, ծառաներ ու աղախիններ: Հիմա մարդ եմ ուղարկում իմ տէր Եսաւին՝ խնդրելու, որ քո ծառան շնորհ գտնի քո առաջ»:

6 Բանագնացները Յակոբի մօտ վերադառնալով՝ ասացին. «Գնացինք քո եղբայր Եսաւի մօտ. նա, նրա հետ նաեւ չորս հարիւր տղամարդիկ, քեզ ընդառաջ են գալիս»:

7 Վախեցաւ Յակոբն ու կասկածանքի մէջ ընկաւ: Նա իր հետ եղած ժողովրդին, արջառները, ոչխարները եւ ուղտերը բաժանեց երկու խմբի:

8 Յակոբը մտածեց. «Եթէ Եսաւը յարձակուի առաջին խմբի վրայ եւ ջարդի այն, ապա կը փրկուի երկրորդ խումբը»:

9 Եւ Յակոբն ասաց. «Իմ հայր Աբրահամի Աստուա՛ծ, իմ հայր Իսահակի Աստուա՛ծ, Տէ՛ր, ինձ ասացիր, թէ՝ «Գնա՛ քո ծննդավայրը եւ բարիք կ՚անեմ քեզ»:

10 Ես արժանի չեմ բոլոր այն արդարութիւններին ու ճշմարտութիւններին, որ արեցիր քո ծառային, որովհետեւ ցուպը ձեռքիս անցայ Յորդանանի այս կողմը, իսկ հիմա բաժանուել եմ երկու մասի:

11 Փրկի՛ր ինձ իմ եղբայր Եսաւի ձեռքից, որովհետեւ ես նրանից վախենում եմ. գուցէ նա գայ եւ հարուածի ինձ ու մայրերին՝ իրենց երեխաների հետ:

12 Դու ասացիր, թէ՝ «Բարիք կ՚անեմ քեզ եւ քո սերունդները աւազի պէս կը բազմացնեմ, այնքան, որ անթիւ ու անհամար կը լինեն նրանք»:

13 Եւ նա այդ գիշեր քնեց այդտեղ: Նա բերածներից իր ձեռքով, իբրեւ ընծայ, իր եղբայր Եսաւին ուղարկեց

14 երկու հարիւր այծ, քսան նոխազ, երկու հարիւր մաքի, քսան խոյ,

15 երեսուն ուղտ՝ իրենց նորածին ձագերի հետ, քառասուն կով եւ տասը ցուլ, քսան էշ եւ տասը քուռակ:

16 Նա իր ծառաներին յանձնեց հօտերն առանձին-առանձին եւ ասաց նրանց. «Դուք գնացէ՛ք ինձնից առաջ, հօտերն առանձին-առանձին՝ իրարից հեռու կը տանէք»:

17 Նա առաջինին պատուիրեց՝ ասելով. «Եթէ քեզ հանդիպի իմ եղբայր Եսաւը եւ հարցնի, թէ՝ «Ո՞վ ես եւ ո՞ւր ես գնում, ո՞ւմ է պատկանում այն, ինչ քո առջեւից է գնում»,

18 կ՚ասես. «Քո ծառայ Յակոբի ընծաներն են, որ նա ուղարկում է իր տէր Եսաւին, իսկ ինքը գալիս է մեր ետեւից»:

19 Նա պատուիրեց առաջինին, երկրորդին, երրորդին եւ բոլոր նրանց, ովքեր հօտերի հետ գնում էին առջեւից, եւ ասաց. «Երբ կը հանդիպէք Եսաւին, կ՚ասէք նրան այն, ինչ ասացի ես ձեզ:

20 Դուք կ՚ասէք. «Ահա քո ծառայ Յակոբը գալիս է մեր ետեւից»: Նա ինքն իրեն մտածում էր. «Նրան կը մեղմեմ այն ընծաներով, որ ուղարկում եմ ինձնից առաջ, եւ ապա անձամբ կը հանդիպեմ նրան, թերեւս բարեացակամ լինի իմ նկատմամբ»:

21 Ընծաներն ուղարկուեցին իրենից առաջ, իսկ ինքն այդ գիշեր քնեց այդտեղ՝ Բանակատեղիում:

22 Նոյն գիշերը վեր կենալով՝ նա առաւ իր երկու կանանց, երկու աղախիններին ու տասնմէկ որդիներին, անցկացրեց Յոբոկ գետի ծանծաղուտով:

23 Նա նրանց ու իրեն պատկանող ամէն ինչ վերցրած՝ անցկացրեց գետով:

24 Յակոբը մնաց միայնակ: Մի մարդ նրա հետ մարտնչեց մինչեւ առաւօտ:

25 Երբ մարդը տեսաւ, որ չի կարողանում յաղթել նրան, կռուի ընթացքում բռնեց Յակոբի ազդրի ջլերը եւ անզգայացրեց դրանք:

26 Մարդն ասաց նրան. «Թո՛յլ տուր գնամ, որովհետեւ արդէն լուսացաւ»: Յակոբը պատասխանեց. «Թոյլ չեմ տայ, որ գնաս, մինչեւ ինձ չօրհնես»:

27 Մարդն ասաց նրան. «Ի՞նչ է քո անունը»: Նա պատասխանեց նրան՝ Յակոբ:

28 Մարդն ասաց նրան. «Այսուհետեւ քեզ Յակոբ թող չկոչեն, այլ Իսրայէլ թող լինի քո անունը, որովհետեւ դիմացար Աստծու հետ մաքառելիս, ուստի մարդկանց նկատմամբ էլ ուժեղ լինես»:

29 Յակոբը հարց տուեց. «Ասա՛ ինձ քո անունը»: Նա ասաց. «Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը»: Եւ նա տեղնուտեղը օրհնեց նրան:

30 Յակոբն այդ տեղն անուանեց Երեւումն Աստուծոյ, որովհետեւ, - ասում է, - Աստծուն տեսայ դէմ առ դէմ, եւ փրկուեց հոգիս»:

31 Երբ անյայտացաւ Աստծու տեսիլքը, նրա վրայ արեւ ծագեց, իսկ նա իր ազդրի պատճառով կաղալով էր գնում:

32 Դրա համար էլ իսրայէլացիները մինչեւ օրս կենդանիների ազդրի ջլերը չեն ուտում, քանի որ Աստուած բռնել էր Յակոբի ազդրի ջլերը եւ անզգայացրել դրանք:

   

Die Bibel

 

Ծննդոց 31:18

Lernen

       

18 Նա իր հետ վերցրեց իր ողջ ունեցուածքն ու հարստութիւնը, որ կուտակել էր Ասորիների Միջագետքում, որպէսզի գնայ Քանանացիների երկիրը՝ իր հայր Իսահակի մօտ: