Bible

 

Ելք 22

Studie

   

1 «Եթէ մէկը արջառ կամ ոչխար գողանայ, մորթի կամ վաճառի այն, ապա մէկ արջառի փոխարէն հինգ արջառ թող հատուցի, իսկ մէկ ոչխարի փոխարէն՝ չորս ոչխար:

2 Եթէ գողին մահացու հարուած հասցնեն տան պատին անցք բացելիս, թող դա սպանութիւն չդիտուի:

3 Իսկ եթէ դէպքը արեւածագից յետոյ կատարուի, սպանողը մահապարտ կը դիտուի եւ մահուան կ՚ենթարկուի: Եթէ գողը հատուցելու ոչինչ չունի, ապա ինքը թող վաճառուի, որպէսզի հատուցի իր գողացածի փոխարէն:

4 Իսկ եթէ նա բռնուի, եւ գողօնը՝ արջառ, էշ եւ ոչխար, գտնուի իր մօտ, ապա նա կրկնակին թող հատուցի:

5 Եթէ մէկն իր անասունն արածեցնելիս թոյլ է տալիս, որ անասունն արածի ուրիշի հանդում, ապա իր հանդից թող հատուցի ըստ փչացրած բերքի չափի: Իսկ եթէ հանդը փչացրել է ամբողջութեամբ, ապա թող հատուցի իր հանդի ու իր այգու ընտիր հատուածով:

6 Եթէ մէկը իր հանդի փշերը վառելու համար կրակ անի, եւ նրա վառած կրակը տարածուի ու այրի մէկ ուրիշի կալը կամ ցորենի շեղջը կամ հանդը, ապա վնասը թող հատուցի նա, ով հրդեհի համար մեղաւոր է:

7 Եթէ մէկը մի մարդու արծաթ կամ որեւէ այլ իր տայ պահելու, եւ այն գողացուի այդ մարդու տնից, եթէ գողը գտնուի, թող կրկնակին հատուցի,

8 իսկ եթէ գողը չգտնուի, ապա տան տէրը թող Աստծու առաջ երդուի, որ ինքն ամենեւին չի իւրացրել այդ մարդու իրեն պահ տուած իրը:

9 Արջառի ու էշի, ոչխարի ու հագուստի եւ ամէն տեսակ բաների կորուստներին վերաբերող եւ վէճ յարուցող խնդիրների իսկութիւնը պարզելու նպատակով երկու կողմերը թող կանգնեն Աստծու դատաստանի առաջ: Նրանցից ում որ Աստուած մեղաւոր ճանաչի, նա կրկնակին թող հատուցի միւսին:

10 Եթէ մէկը մի մարդու էշ, եզ, ոչխար կամ որեւէ այլ անասուն ի պահ տայ եւ պահ տրուածը վնասուածք ստանայ, սատկի կամ յափշտակուի, եւ այդ բանը հաստատող ոչ մի վկայ չլինի,

11 ապա երկուսի միջեւ թող Աստծուն տրուած երդումը որպէս վկայութիւն լինի: Նա, ում մօտ անասունը պահ է տրուած եղել, եթէ երդուի, որ երբեք նենգ մտադրութիւն չի ունեցել միւսի տուած աւանդի նկատմամբ, ապա տէրը թող բաւարարուի դրանով, իսկ պահողը թող չտուգանուի:

12 Իսկ եթէ ապացուցուի, որ իրօք իր մօտից են գողացել, ապրանքի տիրոջը թող հատուցի վնասը:

13 Իսկ եթէ պահ տրուած անասունին մի գազան է յօշոտել, որպէս ապացոյց նա թող բերի անասունի լէշը եւ վնասը չհատուցի:

14 Եթէ մէկը մի իր կամ անասուն խնդրի մէկ ուրիշից, եւ դրանք ջարդուեն, սատկեն կամ յափշտակուեն, իսկ տէրը դրանց մօտ ներկայ չլինի, ապա աւանդը վերցնողը թող հատուցի վնասը:

15 Եթէ դէպքը կատարուելիս տէրը աւանդի մօտ ներկայ լինի, աւանդ վերցնողը վնասը թող չհատուցի: Եթէ դա վարձով է փոխ առել, վնասն այդ վարձով էլ թող հատուցի»:

16 «Եթէ մէկը խաբի չնշանուած մի կոյսի եւ պառկի նրա հետ, գլխագին թող վճարի ու ամուսնանայ նրա հետ:

17 Եւ եթէ աղջկայ հայրը չհամաձայնի նրան կնութեան տալ իր աղջկան, խաբողը նրա հօրը արծաթ թող վճարի այնքան, ինչքան գլխագին է սահմանուած կոյսերի համար:

18 Մի՛ թողէք, որ կախարդներն ապրեն:

19 Ով որ կենակցի անասունի հետ, նրան մահապատժի ենթարկեցէ՛ք:

20 Ով որ կուռքերին զոհ մատուցի, մահապատժի թող ենթարկուի: Զոհ մատուցեցէ՛ք միայն Տիրոջը:

21 Պանդուխտին մի՛ չարչարէք, մի՛ նեղէք նրան, որովհետեւ դուք եւս պանդուխտ էիք Եգիպտացիների երկրում:

22 Ոչ մի այրի կնոջ կամ որբի մի՛ տանջէք:

23 Եթէ տանջէք նրանց, եւ նրանք բողոք բարձրացնելով դիմեն ինձ, ես կը լսեմ նրանց ձայնը,

24 սաստիկ կը բարկանամ, սրակոտոր կ՚անեմ ձեզ, ձեր կանայք կ՚այրիանան, իսկ ձեր զաւակները որբ կը դառնան:

25 Եթէ արծաթ ես փոխ տալիս աղքատ եղբօրդ, նեղը մի՛ գցիր նրան եւ տոկոսներ մի՛ պահանջիր նրանից:

26 Եթէ գրաւ վերցնես մէկի բաճկոնը, մինչեւ արեւի մայր մտնելը վերադարձրո՛ւ այն,

27 որովհետեւ դա նրա եւ՛ վերարկուն է, եւ՛ նրա մերկութիւնը ծածկող հանդերձը, որով եւ նա քնում է: Եւ եթէ նա բողոքի ինձ, ես կը լսեմ նրան, որովհետեւ ողորմած եմ:

28 Քո աստուածներին մի՛ վատաբանիր եւ քո ժողովրդի առաջնորդին մի՛ հայհոյիր:

29 Քո կալի ու հնձանի արդիւնքը մի՛ կտրիր ինձնից:

30 Քո որդիներից անդրանիկներին ինձ կը նուիրաբերես: Նոյն կերպ կը վարուես քո արջառի, ոչխարի ու էշի առաջնածինների հետ: Դրանք եօթը օր թող մնան իրենց մօր մօտ, իսկ ութերորդ օրը դրանք կը նուիրաբերես ինձ:

31 Իմ այս ասածները կատարելով՝ դուք ինձ համար սուրբ մարդիկ կը լինէք: Գազանի յօշոտած կենդանու միս մի՛ կերէք, այլ շա՛նը նետեցէք»:

   

Bible

 

Deuteronomy 23:8

Studie

       

8 The children that are begotten of them shall enter into the congregation of the LORD in their third generation.