Mark 15

Armenian (Eastern): (Genesis, Exodus, Gospels)

Studovat vnitřní smysl

← Mark 14   Mark 16 →

1 Եւ իսկոյն, վաղ առաւօտեան, ծերերի եւ օրէնսգէտների հետ միասին, քահանայապետները եւ ամբողջ ատեանը խորհուրդ անելով՝ կապեցին Յիսուսին եւ տարան յանձնեցին Պիղատոսին:

2 Պիղատոսը հարցրեց նրան եւ ասաց. «Դո՞ւ ես հրեաների թագաւորը»: Յիսուս պատասխան տուեց նրան եւ ասաց. «Դու ասում ես»:

3 Եւ քահանայապետները նրան շատ էին ամբաստանում, բայց նա ոչինչ չէր պատասխանում:

4 Իսկ Պիղատոսը դարձեալ հարցրեց նրան. «Ոչ մի պատասխան չե՞ս տալիս. տե՛ս, ինչքա՜ն են քեզ ամբաստանում»:

5 Եւ Յիսուս, այնուհետեւ, էլ ոչինչ չպատասխանեց, այնպէս որ Պիղատոսը շատ զարմացաւ:

6 Սակայն տօնի առիթով Պիղատոսը նրանց համար արձակում էր մի կալանաւոր, ում որ նրանք ուզում էին:

7 Եւ Բարաբբա անունով մէկը կար՝ բանտարկուած այն խռովարարների հետ, որոնք խռովութեան ժամանակ մի մարդ էին սպանել:

8 Ամբոխն սկսեց բարձր ձայնով աղաղակել եւ պահանջել, որ, ինչպէս սովորութիւն էր անել, Բարաբբայի՛ն արձակի:

9 Պիղատոսը պատասխանեց եւ ասաց նրանց. «Ուզո՞ւմ էք, որ հրեաների արքային արձակեմ ձեզ համար».

10 քանի որ նա գիտէր, թէ նախանձի՛ց մատնեցին նրան քահանայապետները,

11 որոնք եւ ամբոխին համոզեցին, որ Բարաբբայի՛ն արձակի իրենց համար:

12 Պիղատոսը դարձեալ խօսք առաւ եւ ասաց նրանց. «Իսկ ի՞նչ էք ուզում, որ անեմ հրեաների արքային»:

13 Եւ նրանք, քահանայապետներից դրդուած, դարձեալ աղաղակեցին. «Խա՛չը հանիր դրան»:

14 Պիղատոսը նրանց ասաց. «Ի՞նչ չար բան է արել նա»: Եւ նրանք առաւել եւս աղաղակում էին ու ասում. «Խա՛չը հանիր դրան»:

15 Իսկ Պիղատոսը, որովհետեւ ուզեց ամբոխին գոհացնել, նրանց համար Բարաբբային արձակեց: Իսկ Յիսուսին ծեծել տալով՝ նրանց ձեռքը յանձնեց, որպէսզի խաչը հանուի:

16 Եւ զինուորները նրան ներսի գաւիթը տարան, ուր պալատի բակն էր. մէկտեղ կանչեցին ամբողջ գունդը,

17 եւ նրան հագցրին կարմիր քղամիդ եւ ծիրանի ու նրա գլխին փշերից պատրաստուած պսակ դրեցին

18 եւ սկսեցին նրան ողջոյն տալ ու ասել. «Ողջո՜յն քեզ, հրեաների թագաւո՛րդ»:

19 Եւ եղէգով հարուածում էին նրա գլխին, թքում էին երեսին ու ծնկի գալով՝ երկրպագում էին նրան:

20 Եւ նրան ծաղրուծանակի ենթարկելուց յետոյ, քղամիդն ու ծիրանին հանեցին եւ նրան իր զգեստները հագցրին ու դուրս տարան, որ խաչը հանեն նրան:

21 Եւ ստիպեցին Սիմոն Կիւրենացուն՝ Ալեքսանդրի եւ Ռուփոսի հօրը, որը ագարակից էր գալիս ու այդ տեղով էր անցնում, որ Յիսուսի խաչափայտը կրի:

22 Եւ նրան տարան Գողգոթա, մի տեղ, որ թարգմանւում է կառափնատեղի:

23 Զմուռսով խառնուած գինի տուին նրան, բայց նա չվերցրեց:

24 Եւ նրան խաչը հանեցին: Եւ նրա հագուստները բաժանեցին՝ դրանց վրայ վիճակ գցելով, թէ ով ի՛նչ պիտի վերցնի:

25 Առաւօտեան ժամը ինն էր, երբ նրան խաչեցին:

26 Եւ կար նրա դատապարտութեան մասին գրութիւն՝ գրուած այսպէս. «Հրեաների թագաւորն է»:

27 Եւ նրա հետ խաչեցին երկու աւազակներ, մէկը՝ նրա աջում եւ միւսը՝ ձախում:

28 Եւ կատարուեց գրուածը, թէ՝ «Անօրէնների հետ դասուեց»:

29 Եւ ովքեր անցնում էին, հայհոյում էին նրան, շարժում իրենց գլուխները եւ ասում. «Վա՛հ, որ քանդում էիր տաճարը եւ երեք օրում շինում,

30 ազատի՛ր ինքդ քեզ եւ իջի՛ր այդ խաչից»:

31 Նոյնպէս եւ քահանայապետները, իրենք իրենց մէջ, օրէնսգէտների հետ միասին, ծաղր էին անում ու ասում. «Ուրիշներին ազատեց, ինքն իրեն չի կարողանում ազատել:

32 Այդ Քրիստոսը՝ Իսրայէլի այդ թագաւորը, թող այժմ իջնի խաչից, որպէսզի տեսնենք եւ հաւատանք դրան»: Եւ նրա հետ խաչուածներն էլ նախատում էին նրան:

33 Երբ կէսօր եղաւ, խաւար պատեց ամբողջ երկիրը, մինչեւ ժամը երեքը:

34 Եւ ժամը երեքին Յիսուս բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի», որ թարգմանւում է՝ Աստուա՜ծ իմ, Աստուա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ:

35 Եւ նրանցից ոմանք, որ նրա շուրջն էին կանգնել, երբ լսեցին այդ, ասացին. «Եղիային է կանչում»:

36 Եւ մէկը առաջ վազելով՝ սպունգը թաթախեց քացախի մէջ, անցկացրեց եղէգի ծայրին, տուեց նրան, որ խմի, ու ասաց. «Թողէ՛ք տեսնենք, արդեօք Եղիան կը գա՞յ նրան իջեցնելու»:

37 Եւ Յիսուս բարձր ձայն արձակեց ու հոգին աւանդեց:

38 Եւ տաճարի վարագոյրը վերեւից մինչեւ ներքեւ երկուսի պատռուեց:

39 Եւ այնտեղ կանգնած հարիւրապետը տեսնելով, թէ ինչպէս նա աղաղակեց եւ հոգին աւանդեց, ասաց. «Իրօք այս մարդը Աստծու Որդի էր»:

40 Կային եւ կանայք, որոնք դիտում էին հեռուից: Նրանց մէջ էին Մարիամ Մագդաղենացին, Կրտսեր Յակոբոսի եւ Յովսէի մայրը՝ Մարիամը, ինչպէս եւ Սաղոմէն,

41 որոնք, երբ Յիսուս Գալիլիայում էր, նրա յետեւից էին գնում եւ ծառայում նրան. կային նաեւ շատ այլ կանայք, որոնք նրա հետ Երուսաղէմ էին ելել:

42 Եւ երբ երեկոյ եղաւ, - քանի որ ուրբաթ էր, եւ շաբաթամուտն էր սկսւում, -

43 արիմաթիացի Յովսէփը, որ մի պարկեշտ մարդ էր ու հրեաների ժողովի անդամ եւ որ ինքն էլ Աստծու արքայութեանն էր սպասում, համարձակուեց մտնել Պիղատոսի մօտ եւ ուզեց Յիսուսի մարմինը:

44 Եւ Պիղատոսը զարմացաւ, որ Յիսուս այդչափ շուտ էր մեռել. եւ իր մօտ կանչելով հարիւրապետին՝ հարցրեց նրան ու ասաց. «Իրօք այդչափ շո՞ւտ մեռաւ»:

45 Երբ այդ ստուգեց հարիւրապետից, մարմինը շնորհեց Յովսէփին:

46 Եւ Յովսէփը կտաւ գնեց ու նրան իջեցնելով՝ պատեց այդ կտաւով ու դրեց մի գերեզմանի մէջ, որ փորուած էր ժայռի մէջ: Եւ մի քար գլորեց գերեզմանի դռան առաջ:

47 Իսկ Մարիամ Մագդաղենացին եւ Յակոբոսի ու Յովսէի մայր Մարիամը տեսան այն տեղը, ուր նա դրուեց:

← Mark 14   Mark 16 →
Studovat vnitřní smysl

Komentář k této kapitole:

Příběhy:

Vysvětlení nebo odkazy ze Swedenborgových prací:

Arcana Coelestia 1839, 2576, 2788, 2819, 3008, 4772, 9093 ...

Apocalypse Revealed 410, 553, 664

The Lord 11, 12, 19, 42

True Christianity 262

Ukázat odkazy z nepublikovaných děl Swedenborga




Přeložit:
Sdílet: