Mark 14

Armenian (Eastern): (Genesis, Exodus, Gospels)

Studovat vnitřní smysl

← Mark 13   Mark 15 →

1 Եւ երկու օր յետոյ զատիկ էր ու Բաղարջակերաց տօնը. քահանայապետները եւ օրէնսգէտները հնար էին որոնում, թէ ինչպէս նրան նենգութեամբ բռնելով սպանեն:

2 Բայց ասում էին. «Ո՛չ այս տօնին, որպէսզի ժողովրդի մէջ խռովութիւն չլինի»:

3 Եւ մինչ նա Բեթանիայում էր, բորոտ Սիմոնի տանը սեղան նստած, եկաւ մի կին, որ հետն ունէր նարդոսի ազնիւ, մեծարժէք իւղի մի շիշ. եւ շիշը կոտրելով՝ իւղը թափեց Յիսուսի գլխին:

4 Աշակերտները զայրացան եւ ասացին. «Այդ իւղը ինչո՞ւ այսպէս պիտի կորչէր.

5 կարելի էր այդ անուշահոտ իւղը վաճառել աւելի քան երեք հարիւր դահեկանի եւ տալ աղքատներին»: Եւ խիստ զայրանում էին կնոջ վրայ:

6 Եւ Յիսուս նրանց ասաց. «Թո՛յլ տուէք դրան. ինչո՞ւ էք նեղութիւն տալիս, որովհետեւ նա ինձ համար մի բարի գործ արեց:

7 Ամէն ժամ աղքատներին ձեզ հետ ունէք եւ երբ ուզենաք, կարող էք նրանց բարիք անել: Բայց ինձ ամէն ժամ ձեզ հետ չունէք:

8 Դա, ինչ որ կարող էր, արեց. առաջուց խնկաւետեց իմ մարմինը ի նշան պատանքուելու:

9 Ճշմարիտ եմ ասում ձեզ, ուր էլ քարոզուի այս Աւետարանը ամբողջ աշխարհում, ինչ որ նա արեց, այդ եւս պիտի պատմուի նրա յիշատակի համար»:

10 Եւ Յուդա Իսկարիովտացին՝ Տասներկուսից մէկը, գնաց քահանայապետների մօտ, որ Յիսուսին մատնի նրանց:

11 Երբ նրանք լսեցին, ուրախացան եւ խոստացան նրան դրամ տալ. եւ նա առիթ էր փնտռում, թէ ինչպէս յարմար ժամանակ մատնի նրան:

12 Եւ Բաղարջակերաց տօնի առաջին օրը, երբ զատկի գառն էին մորթում, աշակերտները նրան ասացին. «Ո՞ւր ես ուզում գնանք պատրաստենք, որ զատկական ընթրիքն ուտես»:

13 Եւ նա աշակերտներից երկուսին ուղարկեց ու նրանց ասաց. «Գնացէ՛ք այն քաղաքը եւ երբ այն քաղաքը մտնէք, կը պատահի ձեզ մի մարդ, որ ուսին ջրի սափոր ունի. գնացէ՛ք նրա յետեւից:

14 Եւ նա ո՛ր տունը որ մտնի, տանտիրոջը կ՚ասէք. «Վարդապետն ասում է՝ ո՞ւր է այն իջեւանը, ուր իմ աշակերտների հետ զատկական ընթրիքը պիտի ուտեմ»:

15 Եւ նա ձեզ ցոյց կը տայ զարդարուած մի վերնատուն. այնտե՛ղ պատարաստեցէք մեզ համար»:

16 Եւ նրա աշակերտները գնացին պատրաստելու. եկան այն քաղաքը եւ գտան՝ ինչպէս որ նա իրենց ասել էր. ու զատկական ընթրիքը պատրաստեցին:

17 Երբ երեկոյ եղաւ, նա եկաւ Տասներկուսի հետ միասին:

18 Եւ երբ սեղան նստեցին ու դեռ ուտում էին, Յիսուս ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մէկը մատնելու է ինձ. նա, որ ինձ հետ իսկ ուտում է»:

19 Եւ նրանք սկսեցին տրտմել ու ասել մէկը միւսի յետեւից՝ միթէ ե՞ս եմ. եւ միւսը՝ թէ՝ միթէ ե՞ս եմ:

20 Նա պատասխան տուեց եւ ասաց. «Տասներկուսիցդ մէկը, որ ձեռքը ինձ հետ մտցրեց պնակի մէջ:

21 Ճիշտ է, մարդու Որդին կը գնայ այս աշխարհից, ինչպէս որ նրա մասին գրուած է. բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով մարդու Որդին կը մատնուի. լաւ կը լինէր նրան, եթէ այդ մարդը ծնուած անգամ չլինէր»:

22 Եւ մինչ դեռ ուտում էին, Յիսուս հաց վերցնելով՝ օրհնեց եւ կտրեց, տուեց նրանց ու ասաց. «Առէ՛ք, ա՛յս է իմ մարմինը»:

23 Եւ բաժակը վերցնելով՝ գոհութիւն յայտնեց, տուեց նրանց, եւ բոլորն էլ նրանից խմեցին:

24 Եւ Յիսուս ասաց նրանց. «Ա՛յս է Նոր Ուխտի իմ արիւնը, որ կը թափուի շատերի համար:

25 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այլեւս որթատունկի բերքից չեմ խմելու մինչեւ այն օրը, երբ կը խմեմ նոր գինին Աստծու արքայութեան մէջ»:

26 Եւ գոհութիւն մատուցելուց յետոյ ելան Ձիթենեաց լեռը:

27 Եւ Յիսուս նրանց ասաց. «Այս գիշեր ամէնքդ գայթակղուելու էք իմ պատճառով, որովհետեւ գրուած է. «Պիտի հարուածեմ հովուին, եւ ոչխարները պիտի ցրուեն»:

28 Բայց իմ յարութիւնից յետոյ ձեզնից առաջ Գալիլիա պիտի գնամ»:

29 Պետրոսը պատասխանեց եւ ասաց նրան. «Թէկուզ բոլորն էլ գայթակղուեն, բայց ես չեմ գայթակղուի»:

30 Եւ Յիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ դու այս գիշեր իսկ, դեռ աքաղաղը չկանչած, երեք անգամ պիտի ուրանաս ինձ»:

31 Իսկ Պետրոսն առաւել եւս պնդում էր ու ասում. «Թէ քեզ հետ մեռնել իսկ հարկ լինի, քեզ չեմ ուրանայ»: Եւ ամէնքն էլ նոյնն էին ասում:

32 Եկան այն տեղը, որը Գեթսեմանի էր կոչւում: Եւ նա աշակերտներին ասաց. «Նստեցէ՛ք այստեղ, մինչեւ ես աղօթեմ»:

33 Եւ նա իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին եւ սկսեց տխրել ու տագնապել:

34 Այն ժամանակ նրանց ասաց. «Տխուր է հոգիս մեռնելու աստիճան. մնացէ՛ք այստեղ եւ արթո՛ւն կացէք»:

35 Եւ փոքր-ինչ առաջ գնալով՝ երեսի վրայ ընկաւ գետին. եւ աղօթում էր, որ, եթէ կարելի է, այդ ժամը իրենից հեռանայ:

36 Եւ ասում էր. «Աբբա՛, Հա՛յր, ամէն ինչ քեզ կարելի է. այս բաժակը ինձնից հեռացրո՛ւ, բայց ոչ թէ ինչպէս ե՛ս եմ կամենում, այլ՝ ինչպէս դո՛ւ ես կամենում»:

37 Եւ Յիսուս եկաւ ու նրանց քնած գտաւ. եւ Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, ննջո՞ւմ ես. չկարողացա՞ր մէկ ժամ արթուն մնալ:

38 Արթո՛ւն կացէք եւ աղօթեցէ՛ք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք: Հոգին յօժար է, բայց մարմինը՝ տկար»:

39 Եւ նորից գնաց, աղօթքի կանգնեց ու նոյն բաներն ասաց:

40 Կրկին անգամ դարձաւ այնտեղ եւ նրանց քնի մէջ գտաւ. որովհետեւ նրանց աչքերը ծանրացել էին, եւ չէին իմանում, թէ ինչ պատասխան տան նրան:

41 Երրորդ անգամ եկաւ եւ նրանց ասաց. «Քնեցէ՛ք այսուհետեւ եւ հանգստացէ՛ք, քանի որ վախճանը հասել . եկաւ ժամը, եւ ահա մարդու Որդին մատնւում է մեղաւորների ձեռքը:

42 Օ՛ն, վե՛ր կացէք գնանք, որովհետեւ ահա մօտեցաւ նա, ով ինձ մատնելու է»:

43 Եւ մինչ նա դեռ խօսում էր այս բաները, եկաւ Յուդա Իսկարիովտացին՝ Տասներկուսից մէկը, եւ իր հետ՝ սրերով, մահակներով զինուած ամբոխ՝ ուղարկուած քահանայապետների, օրէնսգէտների ու ծերերի կողմից:

44 Մատնիչը նրանց նշան էր տուել ասելով՝ ում հետ ես համբուրուեմ, նա՛ է, բռնեցէ՛ք նրան եւ տարէ՛ք զգուշութեամբ:

45 Եւ մօտենալով նրան՝ իսկոյն ասաց. «Ռաբբի՛, Ռաբբի՛». եւ համբուրեց նրան:

46 Եւ նրանք ձեռք դրեցին նրա վրայ ու բռնեցին:

47 Ապա նրա շուրջը գտնուողներից մէկը սուրը քաշեց եւ զարկեց քահանայապետի ծառային ու նրա ականջը կտրեց:

48 Յիսուս դարձաւ եւ ասաց նրանց. «Սրերով եւ մահակներով դուրս էք եկել ինձ բռնելու որպէս աւազակի՞:

49 Ես միշտ ձեզ մօտ էի եւ ուսուցանում էի տաճարում. եւ ինձ չբռնեցիք. բայց այս եղաւ, որպէսզի մարգարէների Գրուածքները կատարուեն»:

50 Այն ժամանակ աշակերտները բոլորն էլ լքեցին նրան եւ փախան:

51 Եւ մի երիտասարդ գնում էր նրա յետեւից՝ իր մերկ մարմնի վրայ մի սաւան գցած: Երիտասարդները նրան բռնեցին,

52 եւ նա թողնելով հագի կտորը՝ մերկ փախաւ նրանցից:

53 Եւ Յիսուսին տարան Կայիափա քահանայապետի մօտ. եւ նրա հետ հաւաքուած էին բոլոր քահանայապետները, օրէնսգէտներն ու ծերերը:

54 Իսկ Պետրոսը հեռուից նրա յետեւից գնաց մինչեւ ներս, քահանայապետի գաւիթը: Եւ նստած էր սպասաւորների մօտ ու տաքանում էր կրակի բոցի առջեւ:

55 Իսկ քահանայապետներն ու ամբողջ ատեանը մի որեւէ վկայութիւն էին փնտռում Յիսուսի դէմ, որպէսզի նրան սպանեն, բայց չէին գտնում.

56 քանի որ նրա դէմ շատեր սուտ վկայութիւն էին տալիս, բայց վկայութիւնները իրար նման չէին:

57 Ոմանք վեր կենալով՝ սուտ էին վկայում նրա դէմ ու ասում.

58 «Մենք լսեցինք դրանից, երբ ասում էր. «Ես կը քանդեմ այս ձեռակերտ տաճարը եւ երեք օրում կը շինեմ մէկ ուրիշը՝ անձեռակերտ»:

59 Բայց եւ այնպէս նրանց վկայութիւնը նոյնանման չէր:

60 Ապա քահանայապետը կանգնելով մէջտեղում՝ Յիսուսին հարց տուեց ու ասաց. «Ոչինչ չե՞ս պատասխանում. այդ ինչե՜ր են վկայում դրանք քո դէմ»:

61 Եւ նա միայն լուռ էր մնում ու պատասխան չէր տալիս: Քահանայապետը կրկին անգամ հարցրեց նրան ու ասաց. «Դո՞ւ ես Քրիստոսը՝ օրհնեալ Աստծու Որդին»:

62 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Դու ասացիր, թէ ես եմ. բայց պիտի տեսնէք մարդու Որդուն՝ ամենազօր Աստծու աջ կողմում նստած եւ երկնքի ամպերի վրայով եկած»:

63 Եւ քահանայապետը իսկոյն պատռեց իր պատմուճանը եւ ասաց. «Էլ ի՞նչ պէտք են մեզ վկաներ:

64 Ահա ամէնքդ դրա բերանից լսեցիք հայհոյութիւնը. ձեզ ինչպէ՞ս է թւում...»: Եւ ամէնքը դատապարտեցին նրան, թէ մահապարտ է:

65 Եւ ոմանք սկսեցին թքել նրա երեսին, շորով գլուխը ծածկել, բռունցքով խփել ու ասել. «Մարգարէացի՛ր մեզ, Քրիստո՛սդ, այն ո՞վ է, որ քեզ խփեց»: Եւ սպասաւորները ապտակում էին նրան:

66 Եւ մինչ Պետրոսը դեռ ներքեւում, գաւթում էր, քահանայապետի մի աղախինը եկաւ եւ տեսաւ նրան տաքանալիս:

67 Նայեց նրան ու ասաց. «Դու էլ Յիսուս Նազովրեցու հետ էիր»:

68 Նա ուրացաւ եւ ասաց. «Չեմ ճանաչում նրան եւ չգիտեմ՝ ինչ ես ասում դու»: Եւ երբ նա դրսի գաւիթը ելաւ, աքաղաղը կանչեց:

69 Աղախինը նորից տեսաւ նրան եւ սկսեց իր շուրջը գտնուողներին ասել. «Սա էլ նրանցից է»:

70 Եւ Պետրոսը դարձեալ ուրացաւ: Փոքր-ինչ յետոյ, նորից, նրանք, որ շուրջը կանգնել էին, ասացին Պետրոսին. «Իրօք, դու էլ նրանցից ես, քանի որ գալիլիացի ես, եւ քո խօսուածքն էլ նման է»:

71 Եւ նա սկսեց նզովք կարդալ, երդուել եւ ասել. «Չեմ ճանաչում այն մարդուն, որի մասին դուք խօսում էք»:

72 Եւ հէնց նոյն ժամին աքաղաղը երկրորդ անգամ կանչեց: Եւ Պետրոսը յիշեց այն խօսքը, որ Յիսուս ասել էր իրեն, թէ՝ «Աքաղաղը դեռ երկու անգամ չկանչած՝ դու երեք անգամ ինձ պիտի ուրանաս». եւ սկսեց լալ:

← Mark 13   Mark 15 →
Studovat vnitřní smysl

Komentář k této kapitole:

Příběhy:

Vysvětlení nebo odkazy ze Swedenborgových prací:

Arcana Coelestia 1787, 2187, 2343, 2788, 2798, 2813, 2819 ...

Apocalypse Revealed 24, 289, 336, 379, 493, 520, 642 ...

The Lord 11, 12, 14, 19, 27

Sacred Scripture 49

True Christianity 262

The New Jerusalem and its Heavenly Doctrine 122

Ukázat odkazy z nepublikovaných děl Swedenborga




Přeložit:
Sdílet: