John 8

Armenian (Eastern): (Genesis, Exodus, Gospels)

Studovat vnitřní smysl

← John 7   John 9 →

1 Ապա ամէն ոք իր տունը գնաց: Իսկ Յիսուս գնաց Ձիթենեաց լեռը:

2 Առաւօտեան նորից տաճար եկաւ. ամբողջ ժողովուրդը գալիս էր նրա մօտ, եւ ինքն ուսուցանում էր նրանց:

3 Օրէնսգէտներն ու փարիսեցիները բերեցին շնութեան մէջ բռնուած մի կին եւ նրան մէջտեղ կանգնեցնելով՝ ասացին Յիսուսին.

4 «Յանցանքի մէջ բռնուած այս կինը յայտնապէս շնացել է,

5 իսկ Օրէնքում Մովսէսը մեզ պատուիրել է այսպիսիներին քարկոծել. արդ, դու դրա մասին ի՞նչ ես ասում»:

6 Նրանք այս ասում էին՝ նրան փորձելու համար, որպէսզի նրան ամբաստանելու պատճառ ունենան: Իսկ Յիսուս, ցած նայելով, մատով գետնի վրայ գրում էր:

7 Իսկ երբ նրան ստիպեցին հարցնելով, վեր նայեց ու նրանց ասաց. «Ձեր միջից անմե՛ղը նախ թող քար գցի դրա վրայ»:

8 Եւ դարձեալ ցած նայելով՝ գետնի վրայ գրում էր:

9 Եւ այս լսելով՝ մէկ առ մէկ ելնում գնում էին՝ տարիքաւորներից մինչեւ փոքրերը: Եւ Յիսուս միայն մնաց ու կինը՝ կանգնած նրա առաջ:

10 Յիսուս նրան ասաց. «Ո՛վ կին, ո՞ւր են. քեզ ոչ ոք չդատապարտե՞ց»:

11 Եւ սա ասաց՝ ո՛չ, Տէ՛ր: Եւ Յիսուս ասաց. «Ես էլ քեզ չեմ դատապարտում. գնա՛, այսուհետեւ մի՛ մեղանչիր»:

12 Յիսուս դարձեալ խօսեց ժողովրդի հետ ու ասաց. «Ես եմ աշխարհի լոյսը. ով իմ յետեւից է գալիս, խաւարի միջով չի քայլի, այլ կ՚ընդունի կենաց լոյսը»:

13 Փարիսեցիները նրան ասացին. «Դու քո անձի մասին ես վկայում, եւ քո վկայութիւնը հաւաստի չէ»:

14 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Թէպէտ ես վկայում եմ իմ անձի մասին, իմ վկայութիւնը ճշմարիտ է, որովհետեւ գիտեմ, թէ որտեղից եկայ եւ ուր եմ գնում: Բայց դուք չգիտէք՝ որտեղից եմ գալիս կամ ուր եմ գնում:

15 Դուք ըստ մարմնի էք դատում, ես ոչ ոքի չեմ դատում.

16 թէկուզ եւ մէկին դատեմ էլ, իմ դատաստանը ճշմարիտ է, որովհետեւ մենակ չեմ, այլ՝ ես եմ եւ ինձ հետ է նաեւ իմ Հայրը, որ ինձ ուղարկեց:

17 Եւ ձեր օրէնքում իսկ գրուած է, թէ երկու մարդու վկայութիւնը ճշմարիտ է:

18 Ես նա եմ, որ վկայում եմ իմ մասին, եւ վկայում է իմ մասին Հայրը, որ ինձ ուղարկեց»:

19 Նրան ասացին. «Ո՞ւր է քո Հայրը»: Յիսուս պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Ո՛չ ինձ էք ճանաչում եւ ո՛չ էլ իմ Հօրը. եթէ ինձ ճանաչէիք, թերեւս իմ Հօրն էլ կը ճանաչէիք»:

20 Յիսուս այս խօսքերը խօսեց գանձատանը, երբ ուսուցանում էր տաճարում. սակայն ոչ ոք նրան չբռնեց, որովհետեւ նրա ժամը դեռ չէր հասել:

21 Յիսուս դարձեալ նրանց ասաց. «Ես գնում եմ, եւ դուք ինձ կը փնտռէք եւ ձեր մեղքերի մէջ կը մեռնէք, քանի որ, ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ»:

22 Հրեաները ասացին. «Միթէ անձնասպանութեա՞ն կը դիմի, քանի որ ասում է, թէ՝ ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ»:

23 Եւ նրանց ասաց. «Դուք այս ներքեւից էք, իսկ ես՝ այն վերեւից. դուք այս աշխարհից էք, ես այս աշխարհից չեմ:

24 Բայց ասացի ձեզ, որ ձեր մեղքերի մէջ կը մեռնէք. արդարեւ, եթէ չհաւատաք, որ ես եմ, կը մեռնէք ձեր մեղքերի մէջ»:

25 Նրան ասացին՝ ո՞վ ես դու: Յիսուս նրանց ասաց. «Նա, որ սկզբից եւեթ խօսում էր ձեզ հետ:

26 Շատ բաներ ունեմ ձեր մասին խօսելու եւ դատելու: Բայց նա, ով ինձ ուղարկեց, ճշմարիտ է. եւ ես, ինչ որ լսել եմ նրանից, ա՛յն եմ խօսում աշխարհում»:

27 Եւ նրանք չիմացան, թէ Հօր մասին էր ասում իրենց:

28 Յիսուս նրանց ասաց. «Երբ մարդու Որդուն բարձրացնէք, այն ժամանակ պիտի իմանաք, թէ ես եմ. եւ ես ինքս ինձնից ոչինչ չեմ անում, այլ՝ ինչպէս իմ Հայրն ինձ սովորեցրեց, ա՛յն եմ խօսում:

29 Եւ ով ինձ ուղարկեց, ինձ հետ է. ինձ միայնակ չթողեց, որովհետեւ ես միշտ անում եմ, ինչ որ նրան է հաճելի»:

30 Երբ այս բաները խօսեց, շատերը հաւատացին նրան:

31 Եւ Յիսուս հաւատացեալ հրեաներին ասաց. «Եթէ դուք իմ ուսուցմանը հաւատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կը լինէք:

32 Եւ կը ճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կ՚ազատի»:

33 Նրան պատասխանեցին ու ասացին. «Աբրահամի որդիներ ենք եւ երբեք ոչ ոքի չենք ծառայել. ինչպէ՞ս ես ասում, թէ՝ ազատ կը լինէք»:

34 Յիսուս պատասխանեց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ ամէն ոք, որ մեղք է գործում, մեղքին ծառայ է:

35 Եւ ծառան յաւիտեան տան մէջ չի մնում, իսկ որդին յաւիտեան մնում է:

36 Իսկ արդ, եթէ Որդին ձեզ ազատի, ճշմարտապէս ազատ կը լինէք:

37 Գիտեմ, որ Աբրահամի որդիներ էք, բայց ուզում էք ինձ սպանել, որովհետեւ իմ խօսքը տեղ չունի ձեր մէջ:

38 Ես խօսում եմ այն, ինչ տեսայ իմ Հօր մօտ, իսկ դուք անում էք, ինչ ձեր հօրից էք լսել»:

39 Նրան պատասխանեցին ու ասացին. «Մեր հայրը Աբրահամն է»: Յիսուս նրանց ասաց. «Եթէ Աբրահամի որդիներ լինէիք, Աբրահամի գործերը կը գործէիք:

40 Իսկ այժմ ուզում էք սպանել մի մարդու՝ ինձ, որ ձեզ ասացի ճշմարտութիւնը, որը լսել եմ իմ Հօրից. այդպիսի բան Աբրահամը չարեց.

41 դուք ձեր հօր գործերն էք անում»: Նրան ասացին. «Մենք պոռնկութիւնից չենք ծնուել. մեր Հայրը մէկ է՝ Աստուած»:

42 Յիսուս նրանց ասաց. «Եթէ Աստուած ձեր Հայրը լինէր, ինձ իրապէս կը սիրէիք, որովհետեւ ես Աստծուց ելայ ու եկայ. եւ ոչ թէ ինքս ինձ եկայ, այլ նա՛ ուղարկեց ինձ:

43 Ինչո՞ւ դուք իմ խօսածը չէք հասկանում. որովհետեւ իմ խօսքը չէք կարող լսել:

44 Դուք հօր կողմից սատանայի զաւակներ էք, եւ ձեր հօր ցանկութիւններն էք ուզում կատարել, թէեւ նա ի սկզբանէ մարդասպան էր եւ ճշմարտութեան մէջ չմնաց, որովհետեւ նրա մէջ ճշմարտութիւն չկար: Երբ որ նա սուտ խօսի, ինքն իրենից է խօսում, քանի որ նա սուտ է »ւ ստի հայր:

45 Իսկ ես, որ ճշմարտութիւնն եմ ասում, ինձ չէք հաւատում:

46 Ձեզնից ո՞վ կը յանդիմանի ինձ մեղքի համար. եթէ ճշմարիտ եմ ասում ձեզ, ինձ ինչո՞ւ չէք հաւատում:

47 Ով Աստծուց է, Աստծու խօսքերն է լսում, իսկ դուք չէք լսում նրա համար, որ Աստծուց չէք»:

48 Հրեաները պատասխանեցին եւ ասացին նրան. «Մենք լաւ չե՞նք ասում, թէ՝ սամարացի ես դու, եւ քո մէջ դեւ կայ»:

49 Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Իմ մէջ դեւ չկայ, այլ պատւում եմ իմ Հօրը, իսկ դուք անարգում էք ինձ:

50 Ես իմ փառքը չեմ փնտռում. կայ մէկը, որ այն փնտռում է եւ դատում:

51 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ մէկը իմ խօսքը պահի, մահ չի տեսնի յաւիտեան»:

52 Հրեաները նրան ասացին. «Այժմ իմացանք, որ քո մէջ դեւ կայ: Աբրահամը մեռաւ, նաեւ՝ մարգարէները, իսկ դու ասում ես, թէ՝ ով իմ խօսքը պահի, յաւիտեան մահ չի ճաշակի:

53 Միթէ դու աւելի մե՞ծ ես, քան մեր հայրը՝ Աբրահամը, որ մեռաւ. մեռան եւ մարգարէները. արդ, դու քեզ ո՞ւմ տեղ ես դնում»:

54 Յիսուս պատասխանեց. «Եթէ ես փառաւորեմ իմ անձը, իմ փառքը ոչինչ է. Հայրն է, որ ինձ փառաւորում է, եւ որի մասին դուք ասում էք, թէ՝ մեր Աստուածն է.

55 ու չէք ճանաչում նրան: Բայց ես ճանաչում եմ նրան. եւ եթէ ասեմ, թէ նրան չեմ ճանաչում, ձեզ նման ստախօս կը լինեմ. բայց ես ճանաչում եմ նրան եւ նրա խօսքը պահում եմ:

56 Աբրահամը՝ ձեր հայրը, ցանկացաւ իմ աշխարհ գալու օրը տեսնել. տեսաւ եւ ուրախացաւ»:

57 Հրեաները նրան ասացին. «Դեռ յիսուն տարեկան չկաս դու եւ Աբրահամի՞ն ես տեսել»:

58 Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ես ե՛մ, նախքան Աբրահամի լինելը»:

59 Նրանք քարեր վերցրին, որ գցեն նրա վրայ, բայց Յիսուս խոյս տուեց եւ տաճարից ելաւ գնաց:

← John 7   John 9 →
Studovat vnitřní smysl

Komentář k této kapitole:

Příběhy:

Vysvětlení nebo odkazy ze Swedenborgových prací:

Arcana Coelestia 20, 264, 290, 1362, 1573, 1607, 1839 ...

Apocalypse Revealed 3, 6, 23, 167, 336, 350, 413 ...

Brief Exposition of Doctrine 98

Conjugial Love 79, 500

Divine Providence 145

The Lord 3, 9, 14, 20, 27, 30, 31 ...

Sacred Scripture 51

Heaven and Hell 84, 129

Interaction of the Soul and Body 6

True Christianity 98, 106, 107, 109, 322, 337, 358 ...

The New Jerusalem and its Heavenly Doctrine 142, 296

Ukázat odkazy z nepublikovaných děl Swedenborga





Přeložit:
Sdílet: