John 19

Armenian (Eastern): (Genesis, Exodus, Gospels)

Studovat vnitřní smysl

← John 18   John 20 →

1 Այն ժամանակ Պիղատոսը հրամայեց Յիսուսին վերցնել եւ նրան գանակոծել:

2 Իսկ զինուորները փշէ պսակ շինելով՝ դրեցին նրա գլխին ու նրան ծիրանի զգեստ հագցրին:

3 Եւ գալիս էին նրա մօտ ու ասում՝ ողջո՛յն, հրեաների՛ արքայ: Եւ նրան ապտակում էին:

4 Պիղատոսը դարձեալ դուրս ելաւ ու ասաց նրանց. «Ահա նրան դուրս, ձեզ մօտ եմ բերում, որպէսզի իմանաք, թէ ես նրա մէջ որեւէ յանցանք չեմ գտնում»:

5 Յիսուս դուրս ելաւ. եւ փշէ պսակ ունէր եւ ծիրանի զգեստ: Եւ նրանց ասաց. «Ահա ձեր մարդը՝ ձեզ»:

6 Երբ քահանայապետներն ու պահակները նրան տեսան, աղաղակ բարձրացրին եւ ասացին. «Խա՛չը հանիր, խա՛չը հանիր դրան»: Պիղատոսը նրանց ասաց. «Դո՛ւք առէք նրան ձեր մէջ եւ ինքնե՛րդ խաչը հանեցէք, քանի որ ես դրա մէջ որեւէ յանցանք չեմ գտնում»:

7 Հրեաները նրան պատասխանեցին. «Մենք օրէնք ունենք, եւ ըստ մեր օրէնքի պէտք է նա մեռնի, որովհետեւ իրեն Աստծու Որդի դարձրեց»:

8 Երբ Պիղատոսը այս խօսքերը լսեց, աւելի եւս վախեցաւ:

9 Դարձեալ, մի անգամ եւս մտաւ ապարանքը եւ Յիսուսին ասաց՝ որտեղի՞ց ես դու: Եւ Յիսուս նրան պատասխան չտուեց:

10 Պիղատոսը նրան ասաց. «Ինձ հետ չե՞ս խօսում, չգիտե՞ս, որ իշխանութիւն ունեմ քեզ խաչը հանելու. եւ իշխանութիւն ունեմ քեզ ազատ արձակելու»:

11 Յիսուս պատասխանեց. «Դու իմ վրայ ոչ մի իշխանութիւն էլ չէիր ունենայ, եթէ քեզ ի վերուստ տրուած չլինէր. դրա համար էլ, ով ինձ քո ձեռքը մատնեց, նրա մեղքը աւելի մեծ է»:

12 Սրանից յետոյ Պիղատոսը ուզում էր նրան ազատ արձակել: Իսկ հրեաները աղաղակում էին ու ասում.

13 «Եթէ դրան արձակես, կայսրին բարեկամ չես: Ամենայն ոք, որ ինքն իրեն թագաւոր է կոչում, հակառակ է կայսեր»:

14 Իսկ երբ Պիղատոսը այս խօսքերը լսեց, Յիսուսին դուրս բերեց, նստեց բեմի վրայ, այն տեղը, որ Քարայատակ էր կոչւում, իսկ եբրայերէն՝ Կապպաթա:

15 Զատկի նախօրէն էր, եւ կէսօրուայ մօտ էր: Եւ նա հրեաներին ասաց. «Ահա ձեր թագաւորը՝ ձեզ»:

16 Իսկ նրանք աղաղակում էին. «Վերացրո՛ւ մեր միջից, վերացրո՛ւ մեր միջից եւ խա՛չը հանիր նրան»: Պիղատոսը նրանց ասաց. «Ես ձեր թագաւորին խա՞չը հանեմ»: Քահանայապետները պատասխանեցին. «Չունենք մենք այլ թագաւոր, բացի կայսրից»:

17 Այն ժամանակ Յիսուսին յանձնեց նրանց ձեռքը, որպէսզի խաչը հանուի:

18 Եւ նրանք առան Յիսուսին եւ տարան: Եւ խաչափայտը նա ինքն էր վերցրել եւ բարձրացնում էր այն տեղը, որի անունն էր Գագաթ, իսկ եբրայերէն կոչւում էր Գողգոթա,

19 որտեղ եւ խաչը հանեցին նրան ու նրա հետ երկու ուրիշների՝ այս եւ այն կողմից, իսկ մէջտեղում՝ Յիսուսին:

20 Պիղատոսը մի տախտակ էլ գրեց եւ դրեց խաչի վրայ. եւ գրուած էր. «Յիսուս Նազովրեցի՝ հրեաների թագաւոր»:

21 Այդ տախտակը հրեաներից շատերը կարդացին, որովհետեւ այն տեղը, ուր Յիսուս խաչուեց, քաղաքին մօտ էր (եւ գրուած էր եբրայերէն, լատիներէն եւ յունարէն):

22 Հրեաների քահանայապետները Պիղատոսին ասացին. «Մի՛ գրիր՝ հրեաների թագաւոր, այլ՝ ինչ նա ասաց՝ թագաւոր եմ հրեաների»:

23 Պիղատոսը պատասխանեց. «Ինչ գրեցի, գրեցի»:

24 Իսկ զինուորները, երբ Յիսուսին խաչը հանեցին, վերցրին նրա զգեստները եւ չորս մաս արեցին. իւրաքանչիւր զինուորի՝ մէկ մաս: Իսկ քանի որ պատմուճանը առանց կարի էր, վերեւից ներքեւ ամբողջովին հիւսած շուրջանակի,

25 ուստի միմեանց ասացին. «Այդ չպատռտենք, այլ դրա վրայ վիճակ գցենք, ում որ ելնի», որպէսզի կատարուի գրուածը, որ ասում է. «Իմ զգեստները բաժանեցին իրար մէջ եւ իմ պատմուճանի վրայ վիճակ գցեցին»: Զինուորներն այս բանն արեցին:

26 Իսկ Յիսուսի խաչի մօտ կանգնած էին նրա մայրը եւ նրա մօրաքոյրը՝ Կղէոպասի կին Մարիամը եւ Մարիամ Մագդաղենացին:

27 Երբ Յիսուս տեսաւ մօրը եւ այն աշակերտին, որ մօտ էր կանգնած, որին նա սիրում էր, մօրն ասաց. «Ո՛վ կին, ահա՛ քո որդին»:

28 Ապա աշակերտին ասաց. «Ահա՛ քո մայրը»: Եւ այդ պահից աշակերտը նրան իր մօտ առաւ:

29 Այնուհետեւ Յիսուս, գիտենալով, թէ ահա ամէն ինչ կատարուած է, որպէսզի կատարուի գրուածը, ասաց՝ ծարաւ եմ:

30 Եւ այնտեղ քացախով լի մի աման կար. զինուորները լեղախառն քացախով մի սպունգ թրջեցին եւ այն դրին եղէգի ծայրին ու մօտեցրին նրա բերանին:

31 Երբ Յիսուս լեղախառն քացախը բերանն առաւ, ասաց.

32 «Ամէն ինչ կատարուած է»: Եւ գլուխը կախելով՝ հոգին աւանդեց:

33 Իսկ քանի որ ուրբաթ էր, որպէսզի մարմինները չմնան խաչի վրայ մինչեւ շաբաթ օրը, - որովհետեւ այն շաբաթը տօնական մեծ օր էր, - հրեայ առաջնորդները Պիղատոսին աղաչեցին, որ կոտրեն նրանց սրունքները եւ վերցնեն նրանց:

34 Զինուորները եկան եւ առաջինի սրունքները կոտրեցին, նոյնպէս եւ միւսինը, որ նրա հետ խաչ էր հանուել:

35 Բայց երբ եկան Յիսուսի մօտ եւ տեսան, որ նա արդէն մեռած էր, նրա սրունքները չկոտրեցին,

36 այլ զինուորներից մէկը տէգով խոցեց նրա կողը, եւ իսկոյն արիւն եւ ջուր ելաւ:

37 Եւ ով այս բանը տեսաւ, վկայեց. եւ նրա վկայութիւնը ճշմարիտ է, եւ նա գիտէ, որ ճշմարիտ է ասում, որպէսզի դուք էլ հաւատաք:

38 Այս պատահեց, որպէսզի կատարուի գրուածը, թէ՝ նրա ոսկորը չպիտի փշրուի:

39 Եւ դարձեալ միւս գրուածն ասում է. «Պիտի նայեն նրան, ում խոցեցին»:

40 Այնուհետեւ Յովսէփը, որ արիմաթիացի էր եւ Յիսուսի թաքուն աշակերտն էր հրեաների վախի պատճառով, Պիղատոսին աղաչեց, որ Յիսուսի մարմինը վերցնի: Եւ Պիղատոսը հրաման տուեց. ուստի Յովսէփն ու Նիկոդեմոսը եկան եւ նրան վերցրին:

41 Նիկոդեմոսը, որ առաջին անգամ գիշերով Յիսուսի մօտ էր եկել, բերեց մօտ հարիւր լիտր զմուռս՝ հալուէի հետ խառնուած:

42 Վերցրին Յիսուսի մարմինը եւ պատեցին կտաւներով՝ խնկերով հանդերձ, ինչպէս որ հրեաների սովորութիւնն էր՝ պատել:

43 Եւ այն տեղում, ուր նա խաչուեց, պարտէզ կար. եւ այդ պարտէզում՝ մի նոր գերեզման, որի մէջ երբեք որեւէ մէկը չէր դրուած:

44 Եւ քանի որ գերեզմանը մօտ էր, հրեաների ուրբաթի պատճառով, այնտե՛ղ դրեցին Յիսուսի մարմինը:

← John 18   John 20 →
Studovat vnitřní smysl

Komentář k této kapitole:

Příběhy:

Vysvětlení nebo odkazy ze Swedenborgových prací:

Arcana Coelestia 2649, 4677, 9093, 9127, 9144, 9163, 9262 ...

Apocalypse Revealed 26, 45, 166

Conjugial Love 119

The Lord 9, 11, 12, 16, 35

True Christianity 102, 262

The New Jerusalem and its Heavenly Doctrine 122

Ukázat odkazy z nepublikovaných děl Swedenborga




Přeložit:
Sdílet: