1
Այս դէպքերից յետոյ Յովսէփին յայտնեցին, թէ՝ «Քո հայր Յակոբը հիւանդ է»: Յովսէփը վերցնելով իր երկու որդիներին՝ Մանասէին ու Եփրեմին, եկաւ Յակոբի մօտ: Այդ մասին Յակոբին տեղեակ պահեցին՝ ասելով.
2
«Ահա քո որդի Յովսէփը քեզ մօտ է գալիս»: Իսրայէլն ուժերը հաւաքեց ու նստեց անկողնում:
3
Յակոբն ասաց Յովսէփին. «Իմ Աստուածն ինձ երեւաց Լուզում՝ Քանանացիների երկրում, օրհնեց ինձ
4
ու ասաց . «Ահա ես կ՚աճեցնեմ ու կը բազմացնեմ քեզ, բազում ազգերի նախահայր կը դարձնեմ: Այս երկիրը քեզ կը տամ իբրեւ յաւիտենական ժառանգութիւն»:
5
Արդ, մինչեւ իմ Եգիպտոս գալը Եգիպտոսում ծնուած քո երկու որդիները իմն են: Եփրեմն ու Մանասէն ինձ համար թող լինեն ինչպէս Ռուբէնն ու Շմաւոնը,
6
իսկ միւս զաւակները, որոնց ծնունդ կը տաս սրանցից յետոյ, թող քոնը լինեն: Նրանք իրենց ժառանգութիւնն ստանալու համար թող կոչուեն իրենց եղբայրների անուամբ:
7
Երբ ես գալիս էի Ասորիների Միջագետքից ու մի ասպարէզի չափ մօտեցել էի Քաբրաթա երկրին, Քանանացիների երկրում մեռաւ քո մայր Ռաքէլը: Ես նրան թաղեցի ճանապարհին, Եփրաթա չհասած. դա Բեթղեհէմն է»:
8
Երբ Իսրայէլը տեսաւ Յովսէփի որդիներին, հարց տուեց. «Սրանք քո ի՞նչն են»:
9
Յովսէփը պատասխանեց հօրը. «Իմ որդիներն են, որոնց Աստուած պարգեւեց ինձ այստեղ»: Յակոբն ասաց . «Նրանց բե՛ր ինձ մօտ, որ օրհնեմ նրանց»:
10
Իսրայէլի աչքերը ծերութեան պատճառով տկարացել էին, նա լաւ չէր տեսնում: Յովսէփը նրանց մօտեցրեց նրան, Յակոբը համբուրեց նրանց ու իր գիրկն առաւ:
11
Իսրայէլն ասաց Յովսէփին. «Ահա ոչ միայն կարօտս առայ քեզնից, այլեւ Աստուած ինձ ցոյց տուեց նաեւ քո զաւակներին»:
12
Յովսէփը նրանց վերցրեց նրա ծնկներից, եւ նրանք մինչեւ գետին խոնարհուեցին նրա առաջ: Յովսէփը առաւ իր երկու որդիներին՝
13
Եփրեմին ունենալով իր աջ կողմում, այսինքն՝ Իսրայէլի ձախ կողմում, եւ Մանասէին իր ձախ կողմում, այսինքն՝ Իսրայէլի աջ կողմում, ու մօտեցրեց նրան:
14
Իսրայէլը մեկնելով իր աջ ձեռքը ՝ դրեց Եփրեմի գլխին, որ կրտսերն էր, իսկ ձախը՝ Մանասէի գլխին եւ փոխեց ձեռքերի տեղը, քանի որ Մանասէն էր անդրանիկը:
15
Օրհնեց նրանց եւ ասաց . «Աստուած, որին հաճոյ եղան իմ նախնիները՝ Աբրահամն ու Իսահակը , Աստուած, որ պահպանեց ինձ իմ մանկութիւնից մինչեւ այսօր ,
16
Հրեշտակը, որ փրկեց ինձ ամէն տեսակ փորձանքներից, թող օրհնի այս մանուկներին, թող սրանց մէջ վերապրի իմ անունը եւ իմ նախնիների՝ Աբրահամի ու Իսահակի անունը, նրանք օրհնեալ լինեն երկրի վրայ եւ շատ բազմանան»:
17
Յովսէփը տեսաւ, որ հայրն իր աջը դրել է Եփրեմի գլխին, եւ դա ծանր թուաց նրան: Յովսէփն ուզեց օգնել հօրը, որ նա իր ձեռքը հանի Եփրեմի գլխի վրայից եւ դնի Մանասէի գլխին:
18
Յովսէփն ասաց իր հօրը. «Կարգն այդպէս չէ, հա՛յր, որովհետեւ սա է անդրանիկը: Քո աջը դիր սրա՛ գլխին»:
19
Հայրը, սակայն, այդ չկամեցաւ, այլ ասաց . «Գիտեմ, որդեա՛կ, գիտեմ: Սա նոյնպէս ժողովուրդ թող դառնայ, փառաւորուի, բայց սրա կրտսեր եղբայրը նրանից մեծ կը լինի: Նրա որդին բազում ազգերի նախահայր կը լինի»:
20
Յակոբն այդ օրը օրհնեց նրանց՝ ասելով. «Իսրայէլը թող ձեր միջոցով օրհնեալ լինի: Թող ասեն. «Աստուած քեզ հետ թող վարուի այնպէս, ինչպէս Եփրեմի ու Մանասէի հետ»: Եւ նա Եփրեմին աւելի առաջ դասեց, քան Մանասէին:
21
Իսրայէլն ասաց Յովսէփին. «Ահա մեռնում եմ: Աստուած ձեզ հետ լինի եւ ձեզ վերադարձնի ձեր նախնիների երկիրը:
22
Ես քեզ իբրեւ սեփականութիւն տալիս եմ իմ սրով ու աղեղով ամորհացիներից գրաւած Սիկիմը, որն աւելի մեծ է, քան քո եղբայրների բաժինը»: