1
Երբ Իսահակը ծերացաւ, եւ վատացաւ նրա աչքի տեսողութիւնը, կանչեց իր աւագ որդի Եսաւին ու ասաց նրան. «Որդեա՛կ իմ»: Սա ասաց . «Այստեղ եմ»:
2
Նա ասաց նրան. «Ահա ես ծերացել եմ եւ չգիտեմ, թէ երբ կը մեռնեմ:
3
Արդ, ա՛ռ քո զէնքը՝ աղեղն ու կապարճը, գնա՛ դաշտ եւ ինձ համար ո՛րս արա,
4
ինձ համար պատրաստի՛ր իմ սիրած խորտիկները եւ բե՛ր, մատուցի՛ր ինձ, որ ուտեմ եւ օրհնեմ քեզ, քանի դեռ կենդանի եմ»:
5
Ռեբեկան լսեց այն, ինչ ասաց Իսահակն իր որդուն: Եսաւը գնաց դաշտ , որ որս անի իր հօր համար,
6
իսկ Ռեբեկան , դիմելով իր որդի Յակոբին, ասաց . «Ես քո հօրից լսեցի այն, ինչ նա ասում էր քո եղբօրը: Նա նրան ասաց .
7
«Ինձ ո՛րս բեր եւ ինձ համար խորտիկներ պատրաստի՛ր, որ ուտեմ եւ օրհնեմ քեզ Տիրոջ առաջ, քանի դեռ կենդանի եմ»:
8
Արդ, որդեա՛կ իմ, լսի՛ր, թէ ինչ եմ ասում քեզ:
9
Գնա՛ եւ հօտի միջից ինձ երկու մատղաշ ու ընտիր ուլ բե՛ր, որ դրանցով քո հօր համար նրա սիրած խորտիկները պատրաստեմ:
10
Դու այն կը մատուցես քո հօրը, որ ուտի եւ քեզ օրհնի քո հայրը, քանի դեռ կենդանի է»:
11
Յակոբն ասաց իր մայր Ռեբեկային. «Իմ եղբայր Եսաւը մազոտ մարդ է, իսկ ես՝ լերկ:
12
Գուցէ շօշափի ինձ իմ հայրը, ես խայտառակ լինեմ նրա առաջ, եւ օրհնութեան փոխարէն անէծք թափուի գլխիս»:
13
Մայրը նրան ասաց . «Թող ինձ վրայ լինի այդ անէծքը, որդեա՛կ, միայն թէ լսի՛ր իմ ասածը, գնա դրանք բե՛ր ինձ»:
14
Նա գնաց եւ ուլերը բերեց իր մօր մօտ,
15
իսկ սա նրա հօր սիրած խորտիկները պատրաստեց: Ռեբեկան առաւ աւագ որդու ընտիր պատմուճանը, որ կար իր տանը, հագցրեց իր կրտսեր որդի Յակոբին,
16
ուլի մորթին փաթաթեց նրա թեւերին ու մերկ պարանոցին:
17
Նա իր պատրաստած խորտիկներն ու հացը տուեց իր որդի Յակոբի ձեռքը :
18
Սա տարաւ դրանք իր հօրն ու ասաց . «Հա՛յր իմ»: Նա ասաց . «Այստեղ եմ»: Հայրը հարցրեց. «Դու ո՞վ ես, որդեա՛կ»:
19
Յակոբը պատասխանեց հօրը. «Ես Եսաւն եմ՝ քո անդրանիկ որդին: Արեցի այնպէս, ինչպէս ասացիր ինձ: Արի նստի՛ր ու կե՛ր իմ որսից, որ օրհնես ինձ»:
20
Իսահակն ասաց որդուն. «Այդ ինչպէ՞ս է, որ այդքան շուտ որս գտար, որդեա՛կ»: Նա պատասխանեց. «Ինչպէս Աստուած ինքը դրեց իմ առաջ»:
21
Իսահակն ասաց Յակոբին. «Մօ՛տ արի, որ շօշափեմ քեզ, որդեա՛կ, որպէսզի իմանամ, թէ դո՞ւ ես իմ որդի Եսաւը, թէ՞ ոչ»:
22
Յակոբը մօտեցաւ իր հայր Իսահակին, սա շօշափեց նրան ու ասաց . «Ձայնդ Յակոբի ձայնն է, բայց ձեռքերդ Եսաւի ձեռքերն են»:
23
Իսահակը չճանաչեց նրան, որովհետեւ նրա ձեռքերը իր եղբայր Եսաւի ձեռքերի նման մազոտ էին: Նա օրհնեց նրան ու ասաց.
24
«Դո՞ւ ես իմ որդի Եսաւը»: Նա պատասխանեց. «Ես եմ»:
25
Իսահակն ասաց . «Մատուցի՛ր ինձ, որ ուտեմ քո որսից, որդեա՛կ, որպէսզի օրհնեմ քեզ»: Յակոբը մատուցեց նրան, եւ նա կերաւ: Նրան գինի բերեց, եւ նա խմեց :
26
Նրա հայր Իսահակը ասաց նրան. «Մօ՛տ արի եւ համբուրի՛ր ինձ, որդեա՛կ»:
27
Յակոբը մօտեցաւ, համբուրեց նրան: Իսահակն առաւ նրա հագուստի հոտը եւ օրհնելով նրան՝ ասաց . «Իմ որդին Տիրոջ օրհնած բերրի արտի հոտն ունի:
28
Թող Աստուած քեզ մաս հանի երկնքի ցօղից, երկրի պարարտութիւնից եւ ցորենի ու գինու առատութիւն պարգեւի:
29
Թող քեզ ծառայեն ժողովուրդները, եւ իշխանները թող քեզ երկրպագեն: Քո եղբօր տէրը լինես, թող քեզ երկրպագեն քո հօր որդիները: Ով անիծի քեզ, ինքն անիծեալ թող լինի, իսկ ով օրհնի քեզ, ինքն օրհնեալ թող լինի»:
30
Երբ Իսահակը իր որդի Յակոբին օրհնելը վերջացրեց, եւ Յակոբը գնաց իր հայր Իսահակի մօտից, որսից եկաւ նրա եղբայր Եսաւը:
31
Սա եւս խորտիկներ պատրաստեց եւ մատուցելով իր հօրը՝ ասաց . «Թող վեր կենայ իմ հայրը, ուտի իր որդու որսից, որպէսզի օրհնի ինձ»:
32
Եսաւի հայր Իսահակը հարցրեց նրան. «Ո՞վ ես դու»: Սա պատասխանեց. «Ես Եսաւն եմ՝ քո անդրանիկ որդին »:
33
Իսահակը մեծապէս զարմացաւ ու ասաց . «Իսկ այն ո՞վ էր, որ ինձ համար որս որսաց, բերեց մատուցեց, ես կերայ ամենից, երբ դեռ դու չէիր եկել, օրհնեցի նրան, եւ նա թող օրհնեալ լինի»:
34
Երբ Եսաւը լսեց իր հայր Իսահակի խօսքերը, անչափ դառնացաւ, մեծ աղմուկ բարձրացրեց ու ասաց իր հօրը. «Արդ, ի՛նձ էլ օրհնիր, հա՛յր»:
35
Իսահակն ասաց նրան. «Քո եղբայրը եկաւ նենգութեամբ եւ առաւ քեզ համար սահմանուած օրհնութիւնը»:
36
Եսաւն ասաց . «Իրաւամբ նրա անունը Յակոբ է դրուել, որովհետեւ այս երկրորդ անգամն է, որ խաբում է ինձ. նախ խլեց իմ անդրանկութիւնը, իսկ այժմ խլեց ինձ համար սահմանուած օրհնութիւնը»: Եսաւն ասաց իր հօրը. «Եւ ոչ մի օրհնութիւն չթողեցի՞ր ինձ, հա՛յր»:
37
Պատասխան տուեց Իսահակն ու ասաց նրան. «Քանի որ նրան դարձրի քո տէրը եւ նրա բոլոր եղբայրներին դարձրի նրա ծառաները եւ նրան ապահովեցի ցորենով ու գինով, քե՛զ համար ինչ անեմ, որդեա՛կ»:
38
Եսաւը հարցրեց հօրը. «Միթէ մէ՞կ օրհնութիւն ունես, հա՛յր. ի՛նձ էլ օրհնիր, հա՛յր»: Երբ Իսահակի սիրտը կսկծաց, Եսաւը բարձրաձայն լաց եղաւ:
39
Նրա հայր Իսահակը պատասխանեց նրան ու ասաց . «Երկրի պարարտութիւնից եւ վերեւից՝ երկնքի ցօղից պիտի լինի քո ապրուստը:
40
Քո սրով պիտի ապրես եւ քո եղբօրը պիտի ծառայես: Բայց պիտի գայ ժամանակ, որ դու պիտի քանդես եւ շպրտես նրա լուծը քո պարանոցից»:
41
Եսաւը պահում էր Յակոբի նկատմամբ ունեցած ոխը այն օրհնութեան պատճառով, որ իր հայրը տուել էր նրան: Եսաւն ասաց իր մտքում. «Թող մօտենան իմ հօր մահուան սգի օրերը, որ սպանեմ Յակոբին՝ իմ եղբօրը»:
42
Ռեբեկային տեղեկացրին իր աւագ որդի Եսաւի խօսքերը, եւ նա մարդ ուղարկեց, կանչեց իր կրտսեր որդի Յակոբին ու ասաց նրան. «Ահա քո եղբայր Եսաւը սպառնում է սպանել քեզ:
43
Արդ, լսի՛ր իմ խօսքը, որդեա՛կ. ելիր գնա՛ Միջագետք, իմ եղբայր Լաբանի մօտ, Խառան:
44
Նրա մօտ կ՚ապրես երկար ժամանակ, մինչեւ որ անցնի եղբօրդ զայրոյթն ու ցասումը քո դէմ,
45
եւ նա մոռանայ այն, ինչ արել ես դու նրան: Յետոյ մարդ կ՚ուղարկեմ, կը կանչեմ քեզ այնտեղից. չլինի թէ ձեր երկուսից էլ զրկուեմ նոյն օրը»:
46
Ռեբեկան ասաց Իսահակին. «Յոգնել եմ Քետի ցեղի դուստրերից»: Եթէ Յակոբը կին առնի Քետի ցեղի դուստրերից՝ ա՛յս երկրի դուստրերից, էլ ինչո՞ւ եմ ապրում ես»: