Exodus 24

Armenian (Eastern): (Genesis, Exodus, Gospels)

Studovat vnitřní smysl

← Exodus 23   Exodus 25 →

1 Աստուած ասաց Մովսէսին. «Բարձրացէ՛ք Տիրոջ մօտ դու, Ահարոնը, Նաբադը, Աբիուդն ու Իսրայէլի ծերերից եօթանասուն տղամարդ: Նրանք Տիրոջը թող երկրպագեն հեռուից:

2 Աստծուն թող մօտենայ միայն Մովսէսը, իսկ միւսները թող չմօտենան: Ժողովուրդը նրանց հետ թող չբարձրանայ»:

3 Մովսէսն եկաւ ու ժողովրդին յայտնեց Աստծու բոլոր պատգամներն ու կանոնները: Ողջ ժողովուրդը միաձայն պատասխան տուեց ու ասաց. «Կը կատարենք բոլոր այն պատգամները, որ տուել է Տէրը, կ՚ենթարկուենք դրանց»:

4 Մովսէսը գրի առաւ Տիրոջ բոլոր պատգամները: Մովսէսն առաւօտեան վեր կենալով՝ զոհասեղան կառուցեց լերան ստորոտին եւ տասներկու վէմ կանգնեցրեց՝ ըստ Իսրայէլի տասներկու ցեղերի թուի:

5 Նա ուղարկեց իսրայէլացի երիտասարդներ, որոնք ողջակէզներ մատուցեցին, փրկութեան համար Աստծուն հորթեր զոհաբերեցին:

6 Մովսէսն առնելով զոհերի արեան կէսը՝ լցրեց ամանների մէջ, իսկ արեան միւս կէսը հեղեց զոհասեղանի առաջ:

7 Նա, վերցնելով ուխտի գիրքը, կարդաց ի լուր ժողովրդի: Ժողովուրդն ասաց. «Այն ամէնը, ինչ ասել է Տէրը, կը կատարենք, կ՚ենթարկուենք»:

8 Մովսէսը, վերցնելով արիւնը, շաղ տուեց ժողովրդի վրայ ու ասաց. «Սա այն ուխտի արիւնն է, որ կնքեց Տէրը ձեզ հետ, որպէսզի կատարէք նրա բոլոր պատգամները»:

9 Մովսէսը, Ահարոնը, Նաբադը, Աբիուդն ու իսրայէլացի ծերերից եօթանասուն տղամարդ բարձրացան

10 եւ տեսան այն տեղը, ուր կանգնել էր Իսրայէլի Աստուածը: Նրա կանգնած տեղը կարծես շափիւղայի աղիւսներով էր զարդարուած, եւ դա ջինջ երկնքի նմանութիւնն ունէր:

11 Իսրայէլացի ընտրեալներից ոչ մէկը չմեռաւ: Նրանք յայտնուեցին այնտեղ, ուր գտնւում էր Աստուած: Եւ կերան ու խմեցին:

12 Տէրն ասաց Մովսէսին. «Բարձրացի՛ր ինձ մօտ՝ լեռը, այնտեղ եղի՛ր, եւ քեզ պիտի տամ քարէ այն տախտակները, որոնց վրայ գրելու եմ իմ օրէնքներն ու պատուիրանները: Դրանք նրանց համար օրէնսդրութիւն պիտի լինեն»:

13 Մովսէսն ու նրա սպասաւոր Յեսուն բարձրացան Աստծու լեռը:

14 Մովսէսն ասաց ծերերին. «Հանգստացէ՛ք այստեղ, մինչեւ որ մենք վերադառնանք ձեզ մօտ: Ահարոնն ու Ովրը ձեզ հետ են: Եթէ որեւէ մէկը վէճ ունենայ, թող գնայ նրանց մօտ»:

15 Մովսէսը բարձրացաւ լեռը, եւ ամպը ծածկեց լեռը:

16 Տիրոջ փառքն իջաւ Սինա լերան վրայ, եւ ամպն այն ծածկեց վեց օր: Տէրը եօթներորդ օրը Մովսէսին կանչեց ամպի միջից:

17 Տիրոջ փառքի տեսիլքը բորբոքուած կրակի նման իջաւ Իսրայէլի որդիների առաջ, լերան գագաթը:

18 Մովսէսը մտաւ ամպի մէջ ու բարձրացաւ լեռը: Մովսէսը լերան վրայ մնաց քառասուն օր ու քառասուն գիշեր:

← Exodus 23   Exodus 25 →
Studovat vnitřní smysl

Hlavní vysvětlení ze Swedenborgových prací:

Arcana Coelestia 9370

Komentář k této kapitole:

Příběhy:

Další odkazy Swedenborga k této kapitole:

Arcana Coelestia 666, 921, 1001, 1038, 1298, 1530, 1736 ...

Apocalypse Revealed 336, 348, 379, 529

The Lord 39

Life 59, 60

True Christianity 706

Ukázat odkazy z nepublikovaných děl Swedenborga




Přeložit:
Sdílet: